Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-052-28.09.2021,09.11.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) 13-րդ կետում «քաղաքացիական ծառայող» բառերից հետո լրացնել «, փորձագետ եւ մասնագետ» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետ.

«16) ընթացիկ եզրակացություն ՝ սույն օրենքով սահմանված կարգով իրականացված հաշվեքննության արդյունքում կազմված եւ պալատի կողմից հաստատված փաստաթուղթ.»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետ.

«17) հաշվեքննության արձանագրություն ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվեքննողի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ կազմված եւ իր ստորագրությամբ հաստատված փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 6. Միջազգային համագործակցությունը եւ ստանդարտները

1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության եւ դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների եւ նրանց միջազգային կազմակերպությունների հետ:

2. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն՝ առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Օրինականության, գաղտնիության, ազնվության, բանիմացության սկզբունքները

1. Հաշվեքննիչ պալատի անդամները եւ հաշվեքննողները՝ գործում են միայն օրենքով իրենց վերապահված գործառույթների շրջանակներում, չեն կարող տարածել իրենց հասանելի՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը, բազմակողմանի ուսումնասիրում են իրենց տրամադրված ողջ տեղեկատվությունը, պետք է ունենան համապատասխան որակավորումներ եւ գիտելիքներ:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «հաշվեքննողների» բառով:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը հանել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի նախագծի ներկայացումը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց եւ կիրարկվելուց հետո ի հայտ եկած որոշ նորմերի կարգավորման անհրաժեշտությամբ: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կրում են ինչպես խմբագրական եւ կառուցվածքային բնույթ, այնպես էլ կարգավորումներ են առաջարկում Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության ընթացակարգերի եւ բովանդակության վերաբերյալ:

2. Պալատի գործունեության նպատակը, ինչպես ամրագրված է Օրենքում, հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է: Համաձայն օրենքի, նշյալ տեղեկատվությունը Ազգային ժողովին եւ հանրությանը տրամադրվում է հաշվեքննության արդյունքում կազմված եւ հաստատված ընթացիկ եզրակացությունների միջոցով, ուստի առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ դրա հետ փոխկապակցված «հաշվեքննության արձանագրություն» տերմինները:

3. Օրենքի 10-րդ հոդվածի բովանդակությունը կարեւոր է հաշվեքննողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման իմաստով: Սակայն նշյալ հոդվածի ուժը կորցրած ճանաչելու առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ամրագրված է Օրենքի 16-րդ եւ 22-րդ հոդվածներում, որտեղ նշվում են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի հաստատմանը եւ վերապատրաստումների պարբերականությանը վերաբերող դրույթներ:

4. Նախագծի 6-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են, մասնավորապես, առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի կարգավորումը նույնությամբ շարադրել օրենքի 6-րդ հոդվածում, փոխելով հոդվածի վերանագիրը: Օրենքի 9-րդ հոդվածի բովանդակությունը սկզբունք չէ, ուստի այն նպատակահարմար ենք գտնում ամրագրել ընդհանուր դրույթներ գլխում:

5. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 39-րդ հոդվածի 1-ին մասը կրկնվում են, ուստի անհարկի կրկնությունից խուսափելու համար առաջարկվում է 31-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Ներքին աուդիտի համակարգի ուսումնասիրության իրավասությունը, որպես հայեցողական ամրագրված է նաեւ Օրենքի 5-րդ հոդվածում, որում թվարկվում են պալատի լիազորությունները: Ուստի գտնում ենք, որ այդ իրավասությունը պալատը կարող է կիրառել ըստ իր հայեցողության: Բացի դրանից, 39-րդ հոդվածի վերնագիրը եւս հուշում է, որ այդ դրույթը առավել կիրառելի է նշյալ հոդվածում:

6. Հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ, պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք եւս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Այդ նպատակով համապատասխան լրացում է կատարվել Օրենքի 1-ին հոդվածում՝ այսուհետ, որպես հաշվեքննող դիտարկելով նաեւ փորձագետներին եւ մասնագետներին: Նշյալ լրացումը առաջարկվում է Հաշվեքննիչ պալատի կողմից:

7. Նախագծով առաջարկվում է վերացնել պալատի այն պարտավորությունը, համաձայն որի յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում ըստ ամիսների բաշխված Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը: Այդ դրույթը ուժի մեջ մտնելուց ի վեր կիրառական նշանակություն չի ունեցել, քանի որ ընթացիկ եզրակացությունները քննարկող Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը պալատի կողմից ներկայացված ընթացիկ եզրակացությունները օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում է՝ դրանք փաստացի ստանալուն պես:

8. Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի փորձագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքները:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ