Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-674-09.09.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը քրեական դատավարությանը անօրինական միջամտությունները կանխելու, քրեական գործերով արդարադատության իրականացմանն աջակցելու նպատակով սահմանում է քրեական դատավարությունում մասնակցող անձանց, նրանց մերձավոր ազգակաների եւ մերձավորների կյանքի եւ առողջության, գույքի, իրավունքների եւ օրինական շահերի պետական պաշտպանության միջոցների համակարգն ու անվտանգության ապահովման երաշխիքները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պետական պաշտպանության ապահովումը

Քրեական դատավարությունում մասնակցող անձանց, նրանց մերձավոր ազգականների եւ մերձավորների պետական պաշտպանությունն /այսուհետ` պետական պաշտպանություն/ ապահովվում է իրավասու մարմինների կողմից նշված անձանց նկատմամբ սույն օրենքով նախատեսված կազմակերպական, իրավական եւ սոցիալական բնույթի պաշտպանության միջոցների իրականացմամբ / այսուհետ՝ պետական պաշտպանության միջոցներ/, որոնք գործադրվում են նշված անձանց կյանքի, առողջության եւ գույքի հանդեպ ոտնձգության իրական վտանգի առկայության դեպքում:

Հոդված 2. Պետական պաշտպանության մասին օրենսդրությունը

1. Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, ՀՀ քրեական օրենսգրքից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Պետական պաշտպանության սկզբունքները

Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պետական պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված միջոցների կիրառմամբ՝ սահմանադրական երաշխիքներով ապահովված օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների, եւ արժանապատվության հարգման սկզբունքների հիման վրա:

Հոդված 4. Միջազգային համագործակցությունը պետական պաշտպանության ապահովման ուղղությամբ

Եթե պետական պաշտպանությունը ազգային մակարդակով բավարար չէ, ապա իրավասու մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն աջակցություն հայցել այլ պետությունների համապատասխան ծառայություններից եւ համագործակցել նրանց հետ պաշտպանվող անձանց անվտանգությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:

Հոդված 5. Պետական պաշտպանության ենթակա անձինք

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, սույն օրենքի եւ այլ օրենքների համաձայն պետական պաշտպանության ենթակա են՝

1/ դատախազը /մեղադրողը/

2/ քննիչը

3/ հետաքննություն իրականացնող անձը

4/ պաշտպանը

5/ փորձագետը

6/ մասնագետը

7/ դատական նիստերի քարտուղարը

8/ տուժողը

9/ վկան

10/ կասկածյալը

11/ մեղադրյալը

12/ թարգմանիչը

13/ ընթերական

14/ քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը

15/ օրինական ներկայացուցիչը, ներկայացուցիչը

16/ սույն հոդվածի 1 - 15 ենթակետերում թվարկված անձանց մերձավոր ազգականներն ու մերձավորները /այսուհետ՝ պաշտպանվող անձ/:

2. Սույն օրենքի իմաստով «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության խնդրանքով գործով վարույթն իրականացնող մարմնին գրավոր դիմում է ներկայացրել քրեական դատավարությունում մասնակցող անձը:

3. Անձը համարվում է պաշտպանվող, եթե իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով որոշում է կայացվել նրան որպես պաշտպանվող անձ ճանաչելու եւ նրա նկատմամբ պետական պաշտպանության միջոց գործադրելու մասին:

Հոդված 6. Պետական պաշտպանության միջոցի գործադրումը

Պաշտպանվող անձի կյանքին, առողջությանը, գույքին, օրինական իրավունքներին եւ շահերին սպառնացող վտանգի իրական հիմքերի առկայության դեպքում գործով վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասությունների շրջանակներում գործադրել սույն օրենքով նախատեսված պետական պաշտպանության միջոցները` նշված անձանց կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության եւ գույքի պաշտպանության համար:

Հոդված 7. Պետական պաշտպանության ձեւերը

Պաշտպանվող անձը օրենքով սահմանված կարգով ապահովվում է

1/ իր կյանքի եւ առողջության պաշտպանության, ինչպես նաեւ գույքի պահպանման նպատակով պետական իրավասու մարմնի կողմից գործադրվող եւ իրականացվող պետական պաշտպանության միջոցներով

2/ իրավական պաշտպանության միջոցներով, այդ թվում` իր կյանքի, առողջության եւ գույքի նկատմամբ ոտնձգության համար քրեական պատասխանատվության ենթարկմամբ

3/ սոցիալական պաշտպանության միջոցներով, այդ թվում` իր մահվան, մարմնական վնասվածքի, հաշմության կամ առողջությանը հասցված այլ վնասի եւ գույքի ոչնչացման դեպքում օրենքով նախատեսված նյութական փոխհատուցմամբ:

Հոդված 8. Հսկողությունը պետական պաշտպանության ապահովման ժամանակ

1. Պետական պաշտպանության միջոցների գործադրման ժամանակ կիրառվող օրենքի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է գործով վարույթն իրականացնող մարմնի ղեկավարը:

2. Պետական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ կիրառվող օրենքի կամ այլ իրավական ակտի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է միջոցառումն իրականացնող մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 9. Պետական պաշտպանության միջոցների տեսակները

1. Գործով վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության, հետաքննության կամ դատական քննության փուլերում, հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները, պաշտպանվող անձի անձնական եւ գույքային անվտանգության ապահովման նպատակով իրավասու է գործադրել հետեւյալ դատավարական եւ այլ միջոցները`

1/ պաշտոնապես նախազգուշացնել այն անձին, ումից սպասվում է բռնության վտանգ կամ քրեական օրենքով արգելված այլ գործողությունների կատարում

2/ սահմանափակել պաշտպանվող անձի մասին տեղեկությունների ստացման մատչելիությունը

3/ մեղադրյալի, կասկածյալի նկատմամբ ընտրել խափանման այնպիսի միջոց, որը կբացառի պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցավոր գործողության կատարման հնարավորությունը

4/ դատական նիստերի դահլիճից հեռացնել առանձին անձանց եւ անցկացնել դռնփակ դատական քննություն

5/ դատարանում վկային հարցաքննել առանց նրա ինքնության եւ կեղծանվան մասին տեղեկությունների հրապարակման

6/ կազմակերպել պաշտպանվող անձի անձնական պաշտպանությունը, նրա բնակարանի եւ այլ գույքի պահպանումը

7/ վտանգի մասին հայտնել պաշտպանվող անձին եւ սահմանված կարգով նրան ապահովել զենքով, անհատական պաշտպանության եւ տեխնիկական միջոցներով

8/ պաշտպանվող անձին ժամանակավորապես տեղափոխել անվտանգ վայր

9/ ապահովել պաշտպանվող անձի ինքնության գաղտնիությունը

10/ պաշտպանվաղ անձին տեղափոխել բնակության այլ վայր, փոփոխել նրա աշխատանքի /ծառայության/ կամ ուսման վայրը, աջակցել աշխատանքի տեղավորման գործում

11/ փոխարինել պաշտպանվող անձի փաստաթղթերը

12/ փոխել պաշտպանվող անձի արտաքինը

2. Պետական պաշտպանության միջոցի տեսակի ընտրությունը կատարում է գործով վարույթն իրականացնող մարմինը, ելնելով տվյալ քրեական գործով ստեղծված անհրաժեշտությունից:

3. Քրեական դատավարությունում մասնակցող անձանց համար օրենքով կարող է սահմանվել պետական պաշտպանության այլ միջոցներ ու դրանք ապահովող մարմիններ:

4. Սույն հոդվածով նախատեսված պետական պաշտպանության միջոցների գործադրման եւ իրականացման նպատակով կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել օպերատիվ-հետախուզական, կազմակերպա-իրավական, տեխնիկական եւ այլ բնույթի միջոցառումներ:

5. Անհրաժեշտության դեպքում կարող են գործադրվել մեկից ավելի պետական պաշտպանության միջոցներ:

6. Պետական պաշտպանության միջոցների գործադրման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 10. Քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին նախազգուշացնելը

Պաշտպանվող անձի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին վկայող փաստերի առկայության դեպքում, որոնք բավարար չեն այն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, որից սպասվում է բռնության կամ քրեորեն պատժելի այլ արարքի /գործողության/ կատարման վտանգ, գործով վարույթն իրականացնող մարմինը քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին նրան պաշտոնապես նախազգուշացնում է: Նախազգուշացումը կատարվում է անձից ստորագրություն վերցնելով:

Հոդված 11. Պաշտպանվող անձի մասին տեղեկությունների ստացման մատչելիության սահմանափակումը

1. Պաշտպանվող անձի մասին տեղեկությունների ստացման մատչելիության սահմանափակումը կատարվում է քրեական գործի նյութերից պաշտպանվող անձի մասին բոլոր տեսակի տեղեկությունները վերցնելու, հիմնական վարույթից առանձին պահելու, ինչպես նաեւ դրա համար ծածկանուն օգտագործելու միջոցով:

2. Հիմնական վարույթից առանձացված նյութերին, ինչպես նաեւ դրա վերաբերյալ կայացված որոշմանը կարող են ծանոթանալ դատարանը եւ քրեական հետապնդում իրականացնող մարմնը, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրանց կարող են ծանոթանալ միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է մեղադրյալի, կասկածյալի կամ այլ անձի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որեւէ հանգամանք պարզելու համար:

Հոդված 12. Մեղադրյալի, կասկածյալի նկատմամբ խափանման միջոցի ընտրությունը

1. Մեղադրյալի, կասկածյալի կողմից սպառնացող վտանգի առկայության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը, օրենքին համապատասխան, նրանց նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցավոր գործողության կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Որոշման մասին տեղեկացվում է նաեւ պաշտպանվող անձը:

2. Խափանման միջոցի փոփոխման կամ արգելանքի տակ գտնվող մեղադրյալի, կասկածյալի փախուստի դեպքում պաշտպանվող անձը անհապաղ տեղեկացվում է:

Հոդված 13. Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը, դռնփակ դատական քննություն անցկացնելը

1. Պաշտպանվող անձի անվտանգության շահերից ելնելով, օրենքով նախատեսված կարգով, դատական նիստի նախագահողը իրավասու է առանձին անձանց հեռացնել դատական նիստերի դահլիճից:

2. Պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար, դատական նիստի նախագահողը անցկացնում է դռնփակ դատական քննություն, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

Հոդված 14. Վկայի հարցաքննությունը դատարանի կողմից

1. Դատարանի կողմից վկայի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Մեղադրող կողմի վկաների հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից մեղադրյալի եւ պաշտպանվող կողմի ներկայացուցիչներին հեռացնելուց հետո:

2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող կողմի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչելը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող սարք եւ օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:

3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը առանց դատավարության մյուս մասնակիցների ակներեւ տեսանելիության կարող է կատարվել տեսաձայնային եւ տեխնիկական այլ միջոցների /շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ/ օգնությամբ, դատավարության սահմանափակ շրջանակով մասնակիցների մասնակցությամբ՝ գաղտնիության պահպանման մասին նախազգուշացումով:

4. Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պաշտպանվող տուժողին եւ վկային ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից` նրանց կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում:

5. Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային եւ այլ միջոցներով հարցաքննության ձայնագրառումը:

6. Պետական պաշտպանության միջոցների գործադրման մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

Հոդված 15. Անձնական պաշտպանությունը, բնակարանի եւ այլ գույքի պահպանումը

1. Պաշտպանվող անձի կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող ոտնձգության մասին վկայող փաստերի առկայության դեպքում, նրա պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ պետական պաշտպանությությունն ապահովող մարմնի կողմից իրականացվում է նրա անձի անվտանգությանը եւ բնակարանի ու գույքի պահպանմանն ուղղված միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում կարող են տեղադրվել հակահրդեհային եւ այլ պահպանության ազդանշանային սարքեր, օգտագործվել տեխնիկական միջոցներ, ինչպես նաեւ փոխարինվել հեռախոսային համարները եւ տրանսպորտային միջոցների պետական համարանիշները:

2. Պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ եւ օրենքով սահմանված կարգով կարող է իրականացվել հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կատարվել ձայնագրառում:

3. Գործով վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու համար, անհրաժեշտության դեպքում, պաշտպանվող անձի տեղափոխման անվտանգությունն ապահովում է գործով վարույթն իրականացնող մարմինը:

Հոդված 16. Պաշտպանվող անձին զենքով, անհատական պաշտպանության եւ տեխնիկական միջոցներով ապահովելը

1. Հաշվի առնելով պաշտպանվող անձի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի աստիճանը, պետական պաշտպանությունն ապահովող մարմինը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով, զենք, անհատական պաշտպանության եւ տեխնիկական միջոցներ տրամադրել նշված անձին՝ իր նկատմամբ կատարվող ոտնձգությունը կանխելու, հակաիրավական գոծողությունը արձանագրելու եւ վտանգի մասին հաղորդելու համար:

2. Պաշտպանվող անձի կողմից իրեն հանձնված զենքի կրումը, պահումը եւ օգտագործումը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժամանակավոր անվտանգ վայր տեղափոխելը

1. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձինք իրենց, իսկ անչափահասները` իրենց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ կարող են ժամանակավորապես տեղափոխվել այլ վայր, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրանց անվտանգությունը:

2. Պաշտպանվող անձին անվտանգ վայր տեղափոխելու եւ պահելու կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը

Հոդված 18. Պաշտպանվող անձի ինքնության գաղտնիության ապահովումը

Պետական պաշտպանությունն ապահովող մարմնի որոշմամբ, նրա կողմից սահմանված ժամկետով կարող է արգելանք դրվել պաշտպանվող անձի եւ նրա բնակության վայրի մասին հասցեների բյուրոյից, անձնագրային ծառայություններից, ոստիկանության ստորաբաժանումներից, հեռախոսային կապի ծառայություններից եւ այլ տեղեկատվական կառույցներից ստացված տվյալների տրամադրման վրա, անկախ գերատեսչական ենթակայությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տեղեկությունները սահմանված կարգով հայտնի են դառնում քրեական գործով դատավարության իրականացման ժամանակ:

Հոդված 19. Բնակության այլ վայր տեղափոխելը, աշխատանքի, /ծառայության/ կամ ուսման վայրը փոփոխելը եւ աշխատանքի տեղավորման գործում աջակցելը

1. Պաշտպանվող անձի համաձայնությամբ կամ դիմումով, նա կարող է մշտապես կամ ժամանակավոր տեղափոխվել բնակության, աշխատանքի /ծառայության/ կամ ուսման այլ վայր:

2. Պետական կառավարման տարածքային մարմինները պարտավոր են իրենց իրավասությունների սահմաններում աջակցել պաշտպանվող անձին՝ աշխատանքի տեղավորման գործում:

3. Պաշտպանվող անձին բնակության, աշխատանքի /ծառայության/ այլ վայր տեղափոխելու եւ բնակեցնելու կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 20. Փաստաթղթերի փոխարինումը

1. Պաշտպանվող անձի համաձայնությամբ կամ դիմումով, նրան կարող են տրամադրվել փոփոխված արձանագրային տվյալներով ինքնությունը հաստատող եւ այլ փաստաթղթեր:

2. Նոր արձանագրային տվյալները ընտրվում են պաշտպանվող անձի կողմից, իսկ անչափահասների համար՝ նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից:

Հոդված 21. Արտաքինը փոխելը

Բացառիկ դեպքերում, երբ պաշտպանվող անձի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել այլ միջոցներով, նրա գրավոր դիմումով կամ համաձայնությամբ կարող է փոխվել նրա արտաքինը:
 

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ: ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ: ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. Պետական պաշտպանություն ապահովող մարմինները

1. Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պետական պաշտպանությունն ապավովում են այն մարմինները որոնք`

1/ կայացնում են անվտանգության միջոցներ գործադրելու մասին որոշումներ

2/ իրականացնում են անվտանգության միջոցառումներ:

2. Սույն օրենի 9-րդ հոդվածում նախատեսված պետական պաշտպանության միջոցները գործադրում եւ իրականացնում են.

1/ 1, 2, 3, 6, 7, 8, 9 ենթակետերով՝ գործով վարույթն իրականացնող մարմինը

2/ 4, 5 ենթակետերով՝ դատարանը

3/ 10 ենթակետով՝ գործով վարույթն իրականացնող մարմինը` տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համատեղ

4/ 11 ենթակետով՝ ՀՀ ոստիկանությունը

5/ 12 ենթակետով՝ գործով վարույթն իրականացնող մարմինը` առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համատեղ:

2. Գործով վարույթն իրականացնող դատախազի /մեղադրողի/, նրա մերձավոր ազգականների եւ մերձավորների պետական պաշտպանությունը նրանց գրավոր դիմումի հիման վրա ապահովում են ՀՀ ազգային անվտանգության մարմինները` օրենսդրությամբ սահմանված կարգով: Դատախազի /մեղադրողի/ նկատմամբ` նրա գրավոր համաձայնությամբ կարող են գործադրվել եւ իրականացվել օրենքով նախատեսված պետական պաշտպանուության այլ միջոցներ:

3. Զինվորական դատախազի, զինծառայողի, ռազմական ոստիկանության աշխատակցի, նրանց մերձավոր ազգականների եւ մերձավորների պետական պաշտպանությունն ապահովում է համապատասխան զինվորական ստորաբաժանման հրամանատարը կամ համապատասխան զինվորական հաստատության պետը:

4. Քրեական գործի նախաքննությունը եւ հերաքննությունը կատարող քննիչի, հետաքննիչի, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձի, նրանց մերձավոր ազգականների եւ մերձավորների պետական պաշտպանությունն ապահովում է նախաքննության եւ հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը` ոստիկանության հետ համատեղ:

5. Ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձեւով պատիժը կրող պաշտպանվող անձանց պետական պաշտպանությունն ապահովում է գործով վարույթն իրականացնող մարմնը՝ ձերբակալվածներին, կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմերի դիմումների հիման վրա:

6. Պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում պարտավոր են համագործակցել այն մարմինների հետ, որոնք որոշում են կայացնում պետական պաշտպանության միջոցներ գործադրելու մասին եւ իրականացնում են օրենքով նախատեսված պետական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

Հոդված 23. Պետական պաշտպանության միջոցների գործադրման հիմքերը

Գործով վարույթն իրականացնող մարմինը, պաշտպանվող անձի գրավոր դիմումի կամ հայտարարության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, նրան սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում գործադրում է պետական պաշտպանության միջոցներ, որի մասին կայացնում է պատճառաբանված որոշում:

Հոդված 24. Պետական պաշտպանության միջոցների գործադրման կարգը

1. Գործով վարույթն իրականացնող մարմինը, ստանալով սույն օրենքի 23-րդ հոդվածով նշված դիմումը պաշտպանվող անձին սպառնացող իրական վտանգի մասին, պարտավոր է այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում որոշում կայացնել պետական պաշտպանության միջոցներ գործադրելու կամ այն մերժելու մասին:

2. Անհետաձգելի դեպքերում պետական պաշտպանության միջոցներ գործադրելու մասին որոշումը կայացվում է անհապաղ:

3. Պետական պաշտպանության միջոցներ ապահովող մարմինները կայացնում են որոշում, որտեղ նշվում են պետական պաշտպանության կոնկրետ միջոցները, անցկացվող միջոցառումները, անձինք, որոնց հանդեպ գործադրվում եւ իրականացվում են դրանք, ինչպես նաեւ գործադրման եւ իրականացման ժամանակահատվածը, ինչի մասին անհապաղ տեղեկացվում է պաշտպանվող անձին՝ նրան ուղարկելով համապատասխան որոշման պատճենը:

4. Պաշտպանվող անձին տրվում են ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նրա անվտանգության համար: Ցուցումների փոփոխությունը պաշտպանվող անձի միջնորդությամբ կարող է կատարվել միայն պետական պաշտպանությունն ապահովող մարմնի համաձայնությամբ:

5. Պաշտպանվող անձը, պետական պաշտպանության միջոցներ գործադրելու մերժման մասին որոշումը ստանալու պահից երեք օրվա ընթացքում կարող է բողոքարկել դատախազին կամ դատարան, որը պետք է քննարկվի անհապաղ:

6. Պետական պաշտպանության միջոց գործադրելու պահանջի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ գործադրելու մասին նոր պահանջ ներկայացնելու համար, եթե ի հայտ են եկել նախորդ պահանջի մեջ չնշված կամ իրական վտանգ ներկայացնող այլ հանգամանքներ:

7. Պետական պաշտպանության միջոցները չպետք է նվաստացնեն պաշտպանվող անձին կամ ոտնահարեն նրա կամ այլոց բնակարանային, աշխատանքային, քաղաքացիական, սոցիալական եւ այլ իրավունքները:

8. Անկախ պետական պաշտպանության միջոցների գործադրումից, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով քրեական գործ հարուցել քրեական դատավարությունում մասնակցող անձին իրական սպառնացող արարքի առնչությամբ:

Հոդված 25. Պետական պաշտպանության միջոցներ գործադրելու մասին որոշման կատարումը

Պետական պաշտպանության միջոցներ գործադրող մարմնի՝ իր իրավասությունների շրջանակներում կայացրած որոշումը ենթակա է պարտադիր կատարման:

Հոդված 26. Պաշտպանվող անձի իրավունքները

Պետական պաշտպանության ենթակա անձը իրավունք ունի.

1/ իմանալ իր նկատմամբ գործադրվող պետական պաշտպանության միջոցների եւ իրականացվող միջոցառումների մասին

2/ միջնորդել իր նկատմամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության կոնկրետ միջոցը կիրառելու կամ չկիրառելու, լրացուցիչ միջոցներ գործադրելու կամ դրանք դադարեցնելու մասին

3/ հրաժարվել պետական պաշտպանության միջոցներից

4/ վերադասության կարգով, դատախազին կամ դատարանին բողոքարկել իր նկատմամբ պետական պաշտպանության միջոց գործադրող կամ իրականացնող անձի անօրինական որոշումներն ու գործողությունները:

Հոդված 27. Պաշտպանվող անձի պարտականությունները

Պետական պաշտպանության ենթակա անձը պարտավոր է.

1/ կատարել պետական պաշտպանությունն ապահովող մարմնի ցուցումներն ու օրինական պահանջները

2/ պետական պաշտպանությունն ապահովող մարմնին անհապաղ տեղեկացնել իր հանդեպ կիրառվող յուրաքանչյուր սպառնալիքի կամ անօրինական գործողության մասին

3/ պահպանել պետական պաշտպանության ապահովման նպատակով իրեն հանձնված գույքը

4/ չհրապարակել իր հանդեպ կիրառվող պետական պաշտպանության միջոցների մասին օրենքով սահմանված կարգով պահպանվող տեղեկությունները

5/ անհրաժեշտության դեպքում անցնել ուսուցում զենքի, անհատական պաշտպանության միջոցների, հատուկ տեխնիկայի օգտագործման վերաբերյալ:

Հոդված 28. Պետական պաշտպանության միջոցների դադարեցումը

1. Պաշտպանվող անձին սպառնացող վտանգի վերացման կամ այլ հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձի կողմից պատճառաբանված որոշում է կայացվում պետական պաշտպանության ապահովումը դադարեցնելու վերաբերյալ, ինչի մասին անհապաղ տեղեկացվում է պաշտպանվող անձը:

2. Նշված որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 29. Պատասխանատվություն սույն օրենքի խախտման համար

1. Պաշտպանվող անձի նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ չգործադրելու կամ չիրականացնելու, կամ ոչ պատշաճ կերպով գործադրելու կամ իրականացնելու մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Պետական պաշտպանության միջոցների գործադրման եւ իրականացման մասին տեղեկությունների հրապարակումը այն անձանց կողմից, որոնց դրանք վստահվել են չհրապարակելու պայմանով, կամ հայտնի են դարձել կապված իրենց ծառայական պարտականությունների կատարման հետ, առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

3. Պաշտպանվող անձի կողմից իր նկատմամբ գործադրված եւ իրականացված պետական պաշտպանության միջոցների մասին տեղեկություններ հրապարակելը, ինչպես նաեւ պետական պաշտպանության նպատակով իրեն հանձնված գույքը իր մեղքով վնասելը կամ ոչնչացնելը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 4

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 30. Պետական պաշտպանության միջոցների ֆինանսավորումը եւ նյութա-տեխնիկական ապահովումը:

1. Սույն օրենքով նախատեսված պետական պաշտպանության միջոցների ֆինանսավորումը եւ նյութա-տեխնիկական ապահովումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Պետական պաշտպանության ապահովման հետ կապված ծախսերը կամ դրանց մի մասը, իր ցանկությամբ կարող է կատարել պաշտպանվող անձը, ինչի մասին նա պետական պաշտպանության միջոց գործադրող մարմնին գրավոր տեղեկացնում է:

Հոդված 31. Սոցիալական երաշխիքները

1. Պաշտպանվող անձի համար, բացառությամբ նրանց, որոնց սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում է այլ օրենքով, պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորվում է սոցիալական ապահովություն նրանց կյանքին, առողջությանը, գույքին հասցված վնասի դեպքերում` կապված քրեական դատավարությունում նրանց մասնակցության հետ:

2. Պաշտպանվող անձի պետական պաշտպանության նպատակով աշխատանքի /ծառայության/ այլ վայր տեղափոխվելու առնչությամբ առաջացած հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվակցվում է որպես աշխատանքային ստաժ, եւ այդ ժամկետի համար վճարվում է փոխհատուցում, որը չի կարող ցածր լինել տվյալ անձի աշխատավարձից: Անվտանգության նպատակով տեղափոխված նոր աշխատանքի /ծառայության/ վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխատավարձերի տարբերությունը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պաշտպանվող անձանց սոցիալական ապահովության վճարման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թ. հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

«Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Քրեական դատավարությունում մասնակցող անձանց պաշտպանության մասին իրավանորմեր կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի 98 եւ 99 հոդվածներում: Ըստ որում, 98 հոդվածում ամրագրված դրույթները վերաբերում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու պարտականությանը, իսկ 99-ում` պաշտպանության բուն միջոցներին:

Նպատակ չունենալով բովանդակային քննարկման նյութ դարձնել քրեական դատավարության օրենսգրքում զետեղված գործող օրինադրույթները, այդուհանդերձ անհնարին է անտեսել, որ դրանք հայեցակարգային առումով լիովին չեն ներառում քրեական դատավարությունում մասնակցող անձանց պաշտպանության հիմքերը:

Վերոհիշյալ հոդվածներում որեւէ նշում չկա, թե ինչպիսի պաշտպանության մասին է խոսքը` պետական, մասնավոր, ինքնապաշտպանության, թե այլ: Ենթադրվում է, որ խոսքը պետական պաշտպանության մասին է, քանի որ դատավարական գործառույթները ըստ էության պետական բնույթի են, սակայն միանգամայն կարող է տրամաբանական համարվել պաշտպանության մյուս տեսակները եւս /օրինակ` ինքնապաշտպանությունը, կամ այն պետականի հետ համատեղ, եւ այլն/:

Քրեական դատավարության օրենսգրքի 98 հոդվածը, դրույթներ սահմանելով անձանց պաշտպանության միջոցներ ձեռնարկելու իրավասու մարմինների պարտականության մասին, որեւէ նորմ չի պարունակում այդ առումով նրանց իրավունքների եւ պաշտպանվող անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, իսկ 99- ում հիմնականում սահմանված են պաշտպանության սահմանափակ միջոցներ, որոնք ոչ միայն լիարժեք չեն պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, այլեւ գոնե լուծված չէ պաշտպանության լրացուցիչ միջոցներ կիրառելու հնարավորության հարցը:

Ընդհանուր առմամբ օրենսդրության մեջ քրեական դատավարությունում մասնակցող անձանց անվտանգության ապահովման նկատառումներով կարգավորման տիրույթից ակնհայտորեն դուրս են մնացել այնպիսի կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են անձանց սոցիալական պաշտպանության միջոցները, ??ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը, անձի մահվան, առողջությանը վնաս պատճառելու եւ հաշմության դեպքերում ծագող քաղաքացիաիրավական հարաբերությունները, պաշտպանվող անձանց գույքի պահպանման, անվտանգության ապահովման ոլորտում նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հիմնահարցերը, անվտանգության միջոցներ գործադրող եւ իրականացնող մարմինների տարանջատման հիմքերը, միջազգային համագործակցության խնդիրները եւ բազմաթիվ այլ հարցեր:

Ստեղծված վիճակն առանձնապես չի բարելավում ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգում գտնվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 31 հոդվածը վերաբերում է հիշյալ խնդրին: Հարկ չհամարելով հանգամանորեն անդրադառնալ նաեւ այդ օրինագծին, որի վերաբերյալ իր մասնագիտական եզրակացության մեջ բազմաթիվ թերություններ է արձանագրել ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունը, մենք պարզապես մատնանշենք փաստաթղթում խնդրո առարկա հարցի առնչությամբ տեղ գտած մի քանի բացթողումների մասին: Նախ` այստեղ զետեղված մի շարք դրույթներ ոչ միայն անհարկի ուռճացնում են քրեական դատավարական օրենսդրությունը, այլեւ ընդհանրապես դատավարական նորմ չեն պարունակում: Նրանցում կան այնպիսիք, որոնք թեեւ առնչվում են քրեադատավարական հարաբերությունների կարգավորման հետ, սակայն լիովին չեն կազմում այդպիսի հարաբերությունների կարգավորման տարրեր: Դրանք առավելապես վերաբերում են վարչական, կազմակերպաիրավական, առանձին դեպքերում` քաղաքացիաիրավական եւ այլ հարաբերությունների կարգավորման ոլորտներին: Նշված դրույթները, անշուշտ, կենսական նշանակություն ունեն անձի անվտանգության առումով: Անձի պաշտպանությունը, եթե անգամ նա քրեական դատավարության մասնակից է, միայն դատավարական միջոցներով իրականացնելը անհնար է, անհրաժեշտ է նրա համալիր պաշտպանությունը /աշխատանքային, սոցիալական, առողջապահական եւ այլն/, ինչը դուրս է քրեական դատավարության օրենսդրության գործառույթների շրջանակներից:

ԵՎ քրեական դատավարության օրենսգրքում, եւ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծում թերի է սահմանված պաշտպանության ենթակա անձանց շրջանակը, մասնավորապես` թվարկումից դուրս է մնացել քրեական դատավարությանը մասնակցող անձանց ընտանիքի անդամներից եւ մերձավոր ազգականներից բացի այլ անձանց պաշտպանության խնդիրը, մինչդեռ յուրաքանչյուր մարդ քրեական դատավարությունում մասնակցող անձի հետ կարող է մտերմիկ կապ ունենալ եւ այս համատեքստում արժանի լինել պաշտպանության, օրինակ` մարդու ընկերը:

Հետեւապես` ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու, քրեական գործերով արդարադատությանն աջակցելու նպատակով հարկ է խորունկ ուշադրություն դարձնել առավելագույն թվով անձանց եւ նրանց իրավունքների համալիր պաշտպանությանը միտված իրավական փաստաթղթերի ստեղծմանը: Միաժամանակ տեղին է նկատել, որ արդի ժամանակներում կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու հիմնական պայմաններից մեկն էլ քրեական դատավարությունում մասնակցող անձանց անվտանգության ապահովումն է, որի համար որպես իրավական երաշխիք առանձին, համապարփակ եւ ամբողջական իրավական ակտ ունենալն է, եւ սույն օրենքի ընդունումը պայմանավորված է այդ անհրաժեշտությամբ: