Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 64-րդ կետում «որոշումներ, ծանուցագրեր)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների շրջանակներում՝ հարկային մարմնի կողմից կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր (հանձնարարագրեր, ակտերի եւ արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ)» բառերը,
2) 66-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցում, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով.»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 72-րդ կետ՝
«72) հարկային գործ՝ հարկ վճարողի անհատական գործ, որում պահպանվում են հարկ վճարողին վերաբերող փաստաթղթեր: Հարկային գործը վարվում է հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 303.1-ին հոդվածով.
«Հոդված 303.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանումը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 339-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «գրավոր» բառը,
2) 2-րդ մասում «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով,
3) 3-րդ մասում՝
ա. առաջին նախադասությունից հանել «կազմվում է երկու օրինակից եւ» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին եւ 3-րդ կետերը,
գ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) հանձնարարագիրը (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:
Հարկ վճարողը հանձնարարագրին (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակին) համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Հանձնարարագիրը (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:»,
4) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) հանձնարարագիրը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի մեկ օրինակը՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով»,
5) 6-րդ մասում «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով տեղեկացվում է հարկ վճարողին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 340-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) «Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «Փոփոխման մասին հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով տեղեկացվում է հարկ վճարողին» բառերով,
2) «հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 341-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «՝ հարկային մարմնի օրինակի» բառերը փոխարինել «կամ հանձնարարագրի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակի» բառերով,
2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում եւ 5-րդ մասում «հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով եւ հանել «գրավոր» բառը.
3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու հրամանը տալիս է հանձնարարագիր տվող պաշտոնատար անձը: Սույն մասով սահմանված հրամանը հարկ վճարողին հանձնվում է հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով եւ ուժի մեջ է մտնում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:»:
Հոդված 7. Օրենսգրքի 342-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «երկու օրինակից» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հարկ վճարողը ակտի նախագիծն ստանալու (կամ ստացված համարվելու) օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչեւ սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում՝ այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու կամ սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն ուղարկված ակտի նախագիծը հանձնված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է հարկային մարմնի սահմանած ձեւով ստուգման ակտ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) եւ սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին: Եթե հարկ վճարողը նաեւ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:»,
3) 5-րդ մասում՝
ա. «նախագծի՝ հարկ վճարողի օրինակին» բառերը փոխարինել «նախագծին» բառով,
բ. 1-ին եւ 2-րդ կետերում «հարկային մարմնի կնքած պատճենը» բառերը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով, իսկ 3-րդ կետում «պատճենները» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով,
4) 8-րդ մասում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին եւ 3-րդ կետերը,
բ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ակտի (նախագծի)՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:
Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Ակտը (նախագիծը) հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
Սույն մասով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդ օրվանից:»:
Հոդված 8. Օրենսգրքի 343-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) թեմատիկ ուսումնասիրությունը: Ընդ որում, սույն կետով սահմանված ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այն կարող է իրականացվել նաեւ առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Եթե հարկային մարմնում առկա տեղեկատվությունը բավարար չէ ուսումնասիրության իրականացման համար, եւ հարկ վճարողը ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ծանուցում ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացնում կամ հրաժարվում է ներկայացնել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել հարկ վճարողին այցելության եղանակով՝ անհրաժեշտ փաստաթղթերին տեղում ծանոթանալու կամ դրանցից քաղվածքներ անելու նպատակով:»,
2) 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) թեմատիկ ուսումնասիրության արդյունքում՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում:»,
4) 6-րդ մասից հանել «գրավոր» բառը.
5) 7-րդ մասում «հարկային տեսչության պետին» բառերը փոխարինել «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին» բառերով,
6) 8-րդ մասում «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով տեղեկացվում է հարկ վճարողին» բառերով,
7) 10-րդ մասից հանել «երկու օրինակից» բառերը.
8) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. Հարկ վճարողն արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Առարկությունները ներկայացվում են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Մինչեւ սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում՝ այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին տեղեկացվելու կամ Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն ուղարկված արձանագրության նախագիծը հանձնված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է հարկային մարմնի սահմանած ձեւով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) եւ Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված եւ ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:»,
9) 13-րդ մասում «2-6-րդ» բառերից հետո լրացնել «եւ 8-րդ» բառերը:
Հոդված 9. Օրենսգրքի 344-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը,
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքների արձանագրությունը՝ դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվում է հարկ վճարողին եւ համարվում է հանձնված տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրը:»,
3) 5-րդ մասում «Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված արձանագրության ստացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝» բառերը փոխարինել «Հարկ վճարողը ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝»,
4) 5-րդ մասի 2-րդ կետում «չհամաձայնելու դեպքում» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով» բառերը եւ հանել «գրավոր» բառը,
5) 6-րդ եւ 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 345-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասում «հարկային մարմնի կնքած արձանագրության պատճենը» բառերը փոխարինել «արձանագրության էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով,
2) 8-րդ եւ 9-րդ մասերում «պատճենը» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Չափագրումը փաստացի սկսելու օրը չափագրման հանձնարարագրի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով տեղեկացվում է հարկ վճարողին:
Չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանին կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացմանը հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին ծանոթացնելուց անմիջապես հետո:»:
Հոդված 12. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 5-րդ, 347-րդ հոդվածի 4-րդ, 348-րդ հոդվածի 3-րդ, 349-րդ հոդվածի 4-րդ մասերում «՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «այն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 347-րդ հոդվածի 4-րդ մասում «հանձնարարագրի երկու օրինակներն» բառերը փոխարինել «հանձնարարագիրն» բառով:
Հոդված 14. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունում «պատճենը» բառը փոխարինել «էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով եւ հանել «գրավոր» բառը:
Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 349.1-ին հոդվածով.
«Հոդված 349.1. Թեմատիկ ուսումնասիրությունը
1. Հարկի (վճարի) հաշվարկման ճշտության (այդ թվում՝ այն դեպքերում, երբ ավարտված հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշվարկ չի ներկայացվել) ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի մոտ կարող է իրականացնել թեմատիկ ուսումնասիրություն:
2. Թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝ բացառապես հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության (այդ թվում՝ կամերալ ուսումնասիրության) արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, սակայն ծանուցման օրվա հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) եւ (կամ) հիմնավոր բացատրություններ չի ներկայացրել: Ընդ որում, թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրի հրապարակումից հետո հարկ վճարողի կողմից թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում նշված հարկատեսակի (վճարի) եւ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկը (այդ թվում՝ ճշտված) նույնպես ենթակա է ուսումնասիրության:
3. Թեմատիկ ուսումնասիրություններն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում, բացի Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից, պարտադիր նշվում են նաեւ.
1) Հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքներն ընդգրկող փաստաթղթերի համարները եւ ամսաթվերը, ինչպես նաեւ այդ փաստաթղթերը հարկ վճարողին ծանուցելու ամսաթվերը,
2) Հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքներին վերաբերելի՝ ուսումնասիրության ենթակա հարկատեսակները (վճարատեսակները): Ընդ որում, ուսումնասիրության հանձնարարագրում չեն կարող ընդգրկվել.
ա. հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքներին չվերաբերող հարկատեսակներ (վճարատեսակներ).
բ. համալիր հարկային ստուգման ենթարկված հարկատեսակներ (վճարատեսակներ).
գ. համալիր հարկային ստուգման ընթացքում գտնվող կամ տվյալ տարվա ստուգումների ծրագրում ներառված հարկ վճարողների մոտ ստուգման ենթակա հարկատեսակներ (վճարատեսակներ):
4. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետը ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ հինգ անընդմեջ աշխատանքային օրով: Թեմատիկ ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով տեղեկացվում է հարկ վճարողին՝ հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը:
5. Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիրը ուսումնասիրությունը փաստացի սկսելու օրը ծանոթացման է ներկայացվում հարկ վճարողին Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:
6. Թեմատիկ ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Թեմատիկ ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:
7. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝ հարկային մարմնի կողմից իրականացված վերլուծության արդյունքում ի հայտ եկած հնարավոր խախտումների առկայությունը:
8. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում եւ հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձեւով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում եւ հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմանված դեպքում: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում՝ վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր խախտումները չհաստատվելու եւ (կամ) ուսումնասիրության ընթացքում վերլուծության արդյունքներին վերաբերելի հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) ներկայացվելու դեպքում՝ ուսումնասիրության արձանագրության մեջ պարզաբանվում են համապատասխան ռիսկերի չհաստատման պատճառները եւ (կամ) նշվում են տեղեկություններ ներկայացված հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) վերաբերյալ:»:
Հոդված 16. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.
«ժ. Կառավարության կողմից սահմանված այլ տեղեկություններ,»:
Հոդված 17. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5.1. Հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) հարկ վճարողներին կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով:
Սույն մասում նշված փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացվում է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:
Սույն մասում նշված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրը, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:
Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերի մասին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:»:
Հոդված 18. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով.
«Օրենսգրքի 380.1-ին եւ 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 19. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունից, 341-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերից, 342-րդ հոդվածի 1-ին մասից եւ 4-րդ մասի 12-րդ կետից, 343-րդ հոդվածի 10-րդ մասից եւ 14-րդ մասի 15-րդ կետից, 345-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերից, 346-րդ հոդվածի 9-րդ մասից, 347-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերից, 348-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 11-րդ մասերից, 349-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերից հանել «(գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին» բառերը եւ համապատասխան հոլովաձեւերը:
Հոդված 20.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել՝ էականորեն կրճատելով նաեւ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը: Բացի այդ, բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը՝ ապահովելով հարկային կարգապահություն:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
1) Ներկայումս հարկ վճարողները հարկային մարմին պարտադիր ներկայացվող բոլոր փաստաթղթերն ուղարկում են բացառապես էլեկտրոնային եղանակով, սակայն իրավիճակը այդպիսին չէ հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի մասով:
Գործնականում բազմաթիվ են այն դեպքերը, երբ հարկ վճարողները խուսափում են առձեռն ստանալ ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերը, ակտերի (արձանագրությունների) նախագծերը եւ ակտերը (արձանագրությունը)՝ դրանով իսկ արհեստականորեն երկարացնելով վարչարարության ժամկետը, որի արդյունքում հարկային մարմինը ստիպված է լինում այդ փաստաթղթերը ուղարկել փոստային ծառայության միջոցով, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, եւ հարկային վարչարարությունը անտեղի ձգձգվում է: Հարկային օրենսդրության գործող կարգավորումները նախատեսում են էլեկտրոնային փոստի միջոցով այդ փաստաթղթերը ուղարկելու մոտեցում, սակայն միաժամանակ պարտադիր պայման են նախատեսում այն, որ հարկ վճարողը այդ փոստի հասցեն պետք է հատուկ ներկայացրած լինի ստուգման կամ ուսումնասիրությանը վերաբերող փաստաթղթերը ուղարկելու համար (որպես վիճակագրություն ներկայացենք, որ օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո առ այսօր որեւէ հարկ վճարող չի ներկայացրել նման փոստի հասցե):
Բացի այդ, ծրագրավորված եւ գործարկման փուլում է գտնվում կամերալ ուսումնասիրությունների էլեկտրոնային համակարգը, որի միջոցով գեներացված արձանագրությունները հարկ վճարողներին ուղարկվում են բացառապես հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ՀՀ օրենսդրությամբ ամրագրել հսկողական աշխատանքներին վերաբերող փաստաթղթերը էլեկտրոնային համակարգով ուղարկելու պրակտիկան, հակառակ պարագայում՝ վերջինիս արդյունավետությունն էականորեն նվազում է:
Նախագծի շրջանակում նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Հարկ է նշել, որ էլեկտրոնային եղանակով ծանուցումը որպես հարկային վարչարարության շրջանակում ընդունվող փաստաթղթերի ծանուցման եղանակ արդեն իսկ կիրառվում է օրենսգրքի կանոնակարգումների համաձայն: Մասնավորապես օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետի համաձայն՝ որպես պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր սահմանված են հարկային մարմնի կողմից օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթերը (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր): Վերջիններս ծանուցվում են էլեկտրոնային եղանակով, ինչը նույն մասի 66-րդ կետի համաձայն՝ իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից նույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստով:
ՀՀ Սահմանադրության «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում են մարդու եւ քաղաքացու պատշաճ վարչարարության իրավունքի մաս կազմող՝ վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, տվյալ անձի՝ իրեն վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նաեւ անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելուց առաջ անձի լսված լինելու իրավունքը:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ «....իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաեւ պրակտիկայում»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1420 որոշման մեջ անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է. «Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջն է, որ հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:»:
Հաշվի առնելով վարչարարության արդյունավետության իրականացման առումով ՍԴ որոշումներով ներկայացված հիմնավորումները եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կանոնակարգումները՝ նախագծով նախատեսվել է ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերի եւ ստուգման ակտերի (ուսումնասիրության արձանագրությունների) ծանուցման նոր էլեկտրոնային եղանակի սահմանում, որի միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարությունը կապահովի մի կողմից՝ այդ գործունեության արդյունավետությունը, իսկ մյուս կողմից՝ հարկ վճարողների եւ հարկային մարմնի միջեւ ծագող հարաբերություններում հարկ վճարողների հիմնական իրավունքների երաշխավորված իրացումը եւ պաշտպանությունը:
Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ համալիր հարկային ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ծանոթացման առձեռն: Հետեւաբար, նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվող էլեկտրոնային ծանուցման եղանակը միակը չէ համալիր հարկային ստուգման դեպքում:
Վերոնշյալը վերաբերելի է նաեւ նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվող կանոնակարգմանը, մասնավորապես՝ հաշվի առնելով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների տեսակների առանձնահատկությունները, օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ թեմատիկ ստուգումների հանձնարարագիրը ներկայացվում է առձեռն, իսկ նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվել է, որ հանձնարարագիրը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին, ինչպես նաեւ հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրվա մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնարարագրի օրինակների վրա, եւ երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լրազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:
Ուստի, կարող ենք փաստել, որ նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված կանոնակարգման արդյունքում ապահովվում է նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմերի իրացումը, համաձայն որի՝ «Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որեւէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:»:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 12.05.2020թ. ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ծանուցմանը վերաբերող իրավակարգավորումներից հետեւում է, որ ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն՝ էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը: Ընդ որում, հարկ վճարողը պետք է հնարավորություն ունենա «բացելու եւ ծանոթանալու» ծանուցման բովանդակությանը, եւ որեւէ նշանակություն չունի, թե վերջինս օգտվե՞լ է այդ հնարավորությունից, թե ոչ: Այսինքն՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումը կարող է հաստատված լինել միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթը ոչ միայն ուղարկվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին, այլ նաեւ հասնում է այդ հասցեին: Այս համատեքստում նախագծով սահմանվել է, որ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Նշված փաստաթղթերի՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Այսինքն, նախագծով ապահովվել է ծանուցման հանձնումը այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու փաստը, ինչը երաշխավորում է անձի՝ լսված լինելու իրավունքի իրացման կարգի արդյունավետությունը: Հետեւաբար, նախագծով նախատեսված ծանուցման եղանակը երաշխավորում է սահմանադրորեն կանխորոշված նպատակի լիարժեք իրացումը՝ կոնկրետ դեպքում հաշվի առնելով նաեւ Սահմանադրության 50-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ եւ 81-րդ հոդվածների պահանջները:
2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված ձեռնարկությունների այն կազմակերպական-իրավական տեսակները, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով, մինչեւ 2001 թվականի հունվարի 1-ը ենթակա են վերակազմակերպման եւ գրանցման: Նշված ժամկետում չվերակազմակերպվելու եւ չգրանցվելու դեպքում դրանք ենթակա են լուծարման: Մինչեւ օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված եւ օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձինք մինչեւ 2001 թվականի հունվարի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին եւ վերագրանցվեն: Նշված ժամկետում չհամապատասխանեցված եւ չվերագրանցված հիմնադիր փաստաթղթերը համարվում են անվավեր:
Ներկայումս առկա են հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողներ, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւերին չեն համապատասխանում, սակայն դրանց հաշվառումից հանելու (ՀՎՀՀ-ները չեղարկելու) իրավական հիմքը բացակայում է: Բացի այդ, հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառված են բազմաթիվ հարկ վճարողներ, որոնց պետական գրանցումը տեղի չի ունեցել պետական ռեգիստրը վարող մարմնում, այլ անմիջապես հաշվառվել են հարկային մարմնում՝ դեռեւս վաղուց:
3) ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից «Հին սերնդի» հսկիչ դրամարկղային մեքենաները այլեւս կիրառելի չեն, սակայն հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված են «գործող» կարգավիճակ ունեցող շուրջ 34000 «Հին սերնդի» հսկիչ դրամարկղային մեքենաներ: Առանձին դեպքերում հարկ վճարողները դեռեւս կիրառում են այդ հսկիչ դրամարկային մեքենաները, միաժամանակ բացակայում է դրանց գրանցումից հանելու կարգը:
4) ՀՀ հարկային օրենսգրքի ներկայիս կարգավորումներով սահմանված են հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների տեսակները, սակայն դրանք բավարար արդյունավետություն չեն ապահովում այն դեպքերի համար, երբ հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալնների կամ երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծություններով հարկ վճարողների առանձին գործարքներ համարվում են ռիսկային, սակայն այդ մասով հարկային հաշվարկներ չեն ներկայացվում կամ չեն ճշտվում արդեն իսկ ներկայացված հարկային հաշվարկները: Հատկապես խնդիրն ակնհայտ է դառնում, երբ հնարավոր իրավախախտման արդյունքում առաջացող հարկի կամ վճարի մեծությունը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող չափերով չվճարելու համար):
Միաժամանակ, տվյալ դեպքում՝ նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող հարկերի (վճարների) գծով իրավապահ մարմինների միջոցով դրանց հայտարարագրումն ապահովելու գործընթացը տեւական է, որի արդյունքում անտեղի երկարաձգվում է ռիսկերի չեզոքացման գործընթացը, իսկ առանձին դեպքերում՝ բաց է թողնվում հարկերի (վճարների) առաջադրման վաղեմության ժամկետը:
Այս պարագայում օրենսգրքով սահմանված հարկային հսկողության միակ հսկողության գործիքը հանդիսանում է համալիր հարկային ստուգումը, սակայն մի կողմից համալիր հարկային ստուգման հանձնարարագրեր հրապարակելու համար հարկ վճարողները պետք է ընդգրկված լինեն համապատասխան տարեկան ծրագրում, իսկ մյուս կողմից նշված ստուգման տեսակը առավել լայն, աշխատատար եւ ծավալուն գործընթաց է, քանի որ այդ ստուգման ընթացքում ստուգման են ենթարկվում ոչ միայն ռիսկային, այլ հարկ վճարողների բոլոր գործարքները եւ դրանց հիման վրա ներկայացված բոլոր հարկային հաշվարկները:
Արդյունքում՝ բազամաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները չընգրկվելով համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում, եւ միաժամանակ նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը չգերազանցող, ինչպես նաեւ առանձին գործարքներից առաջացող հարկերի (վճարների) գծով չեն ճշտում հարկային հաշվարկները կամ ընդհանրապես չեն ներկայացնում դրանք:
Նշված խնդրին անդրադարձել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը, մասնավորապես՝ 2020թ. մարտ ամսին կազմված զեկույցում նշելով, որ «Անհրաժեշտ է հարկային օրենսգրքով հարկային ստուգման տեսակների դասակարգման ավելի մեծ ճկունություն տալ, այդ թվում՝ նախատեսելով սահմանափակ խնդիրների ստուգումներ, եթե վերհանված ռիսկի գործոնները նեղ են:»: Միաժամանակ, ըստ էության, նշվել է, որ այն դեպքերում, երբ ռիսկերի վերլուծության միջոցով վեր է հանվում սահմանափակ կամ առանձին խնդիր, ՊԵԿ-ն անհրաժեշտ է, որ ունենա տվյալ ակներեւ ռիսկին ստուգման միջոցով հետամուտ լինելու իրավասություն՝ առանց ստուգողին պարտադրելու իրականացնել համալիր հարկային ստուգում: Նշված ճկունությունը օգտակար կլինի ինչպես հարկային մարմնի (ստուգման ռեսուրսի արդյունավետ օգտագործման տեսանկյունից), այնպես էլ՝ հարկ վճարողի համար (կրճատելով լիարժեք ստուգման ժամանակը եւ անհարմարությունը):
5) ՀՀ վարչապետի 11.06.2018թ. N702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետով սահմանված են ՀՀ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները: Խնդիրն այն է, որ օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 343-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվում է «հարկային տեսչության պետ» հասկացությունը, որը անհրաժեշտ է համապատասխանեցնել վերը նշված որոշմամբ սահմանված՝ ՀՀ ՊԵԿ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների անվանումներին:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
1) Նախագծով առաջարկվում է փաստաթղթերը ուղարկելու հնարավորություն ընձեռել նաեւ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Փոփոխությունների արդյունքում հնարավորություն կընձեռվի նաեւ հարկ վճարողներին՝ իրենց առարկությունները հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
Ստուգումներին եւ ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերի հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով փոխանակման հնարավորության ապահովումը, որպես գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման միջոցառում նախատեսված է ինչպես ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի (հավելված 1) 356.3-րդ կետով, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով:
2) Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից:
3) Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները:
4) Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակներում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում՝ կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն եւ դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:
Ընդ որում, հարկ վճարողներին անտեղի անհանգստացնելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով՝ նախագծով սահմանվել է մի քանի կարեւոր պայման: Առաջինը՝ նշված թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիր կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Երկրորդը՝ թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝ բացառապես հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է: Երրորդ՝ հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում տվյալ ուսումնասիրության տեսակը կարող է իրականացվել նաեւ առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում:
Միաժամանակ, նման տեսակի ուսումնասիրության սահմանման պարագայում՝ արդեն իսկ բացակայում է նաեւ շրջանառության հարկ վճարողների նվազեցումների մասով կամերալ ուսումնասիրությունների հիման վրա պարտավորությունների առաջադրման անհրաժեշտությունը, քանի որ այն անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել տվյալ ուսումնասիրության շրջանակներում: Բացի այդ, հարկային մարմնի փորձը ցույց է տվել, որ նվազեցումների գծով կատարված կամերալ ուսումնասիրությունների հիման վրա շրջանառության հարկ վճարողների գերակշիռ մասը ճշտում է հարկային հաշվարկները, հետեւաբար հիմնականում նույնիսկ արձանագրություններ չեն կազմվում:
5) Առաջարկվում է նաեւ օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 343-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվող «հարկային տեսչության պետ» հասկացությունը համապատասխանեցնել ՀՀ ՊԵԿ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների անվանումներին:
4. Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան՝ էլեկտրոնային համակարգերի կատարելագործումը, պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացի կարգավորումն է, ինչպես նաեւ թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգի սահմանումն է:
5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները, կկարգավորվեն պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների եւ հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացները:
Թեմատիկ ուսումնասիրության վերաբերող դրույթների ընդունմամբ հարկ վճարողների կողմից իրականացված գործարքներից առաջացող ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարների ապահովման գործընթացը կդառնա ավելի արագ, արդյունավետ, էականորեն կնվազի հարկային վարչարարության վրա ծախսվող աշխատաժամանակն ու ռեսուրսները:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. N 650-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 356.3-րդ կետով նախատեսված միջոցառման, ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ՊԵԿ զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 1.1.1-ին, 1.1.2-րդ, 1.1.4-րդ եւ 1.1.6-րդ կետերով նախատեսված միջոցառումների հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում