Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-093-17.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 138-րդ հոդվածը՝

1) լրացնել նոր՝ 11.1-րդ մասով.

«11.1. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:»:

2) 12-րդ մասում «սահմանված» բառից հետո լրացնել «կարգով եւ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդվածի 138-րդ հոդվածով սահմանվում է Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների ընտրությունների կարգը:

Նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է. «Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու:»: Հոդվածի 11-րդ մասով սահմանվում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաեւ նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն Օրենքով չունենք կարգավորում, որտեղ հստակ կարգավորվում է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: Գործնականում պարզ է դարձել, որ այս մասով Օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:

Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Օրենքում լրացումներ կատարելու արդյունքում կլրացվի նաեւ 138-րդ հոդվածի 12-րդ մասը, եւ եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի ընդունվելու դեպքում կկարգավորվի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



16 նոյեմբերի 2021 թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ



Հարգելի՛ պարոն Սիմոնյան,


Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝   Վիլեն Գաբրիելյան