Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39-րդ եւ 40-րդ կետերով.
«39) սահմանում է Երեւանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
40) սահմանում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:»:
Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետում «սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, սաունա, բաղնիք եւ շոգեբաղնիք)» բառերը փոխարինել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) Երեւան քաղաքի տարածքում տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: