Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0941-18.11.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.3-րդ եւ 41.4-րդ կետերով.

«41.3) սահմանում է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները:

41.4) սահմանում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը:»:

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) տալիս է համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ) եւ ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 16916 -րդ հոդվածի՝ ներկայումս գործող խմբագրության համաձայն՝ առանց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված թույլտվության ոգելից եւ (կամ) ալկոհոլային խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի դեպքում սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, ինչը էականորեն ցածր է, քանի որ պակաս է դրանց համար սահմանված տեղական տուրքերի չափից, օրինակ գերակշիռ մաս կազմող 1-ին եւ 2-րդ գոտիներում ներառված փողոցներում եւ տարածքներում գտնվող օբյեկտները ոգելից կամ ալկոհոլային խմիչքների համար վճարում են 1-ին գոտում ներառվածները՝ 17500 դրամից մինչեւ 175000 դրամ, 2-րդ գոտում ներառվածները՝ 10500-105000 դրամ, իսկ տուգանքի չափը սահմանված է 20000-50000 դրամ, ինչը հնարավորություն է ստեղծում գրեթե անպատիժ խուսափել տուրքերի վճարումից՝ տնտեսվարողի համար տուգանքի վճարումը ավելի ձեռնտու է: Միաժամանակ բացակայում է նաեւ կրկնակիությունը, ինչը պատիժը դարձնում է ոչ արդյունավետ: Էականորեն ցածր են նաեւ առանց թույլտվության՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների, խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի համար սահմանված տուգանքի չափերը: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ վաճառքի համար տեղական տուրքի չափը Երեւանում սահմանված է 600000 դրամ, իսկ տուգանքը 50000-100000, տեխնիկական հեղուկներինը՝ տուրքը 87500 դրամ է, տուգանքը՝ 20000-30000:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ տեղական տուրք է սահմանված համայնքի վարչական տարածքում ոգելից եւ ալկոհոլային խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, սակայն օրենսգրքի 16916 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուգանք սահմանված է առանց թույլտվության ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելու համար, այսինքն իրավակիրառ պրակտիկայում առաջանում են խնդիրներ եւ հակասություններ առանց թույլտվության ալկոհոլային խմիչքների վաճառքի համար վարչական տույժ նշանակելու դեպքում:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ տեղական տուրք է սահմանված համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում եւ կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առեւտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, սակայն օրենսգրքի 16916 -րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ տուգանք սահմանված է առանց թույլտվության խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար: Այս դեպքում նույնպես վարչական մարմնի կողմից հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առեւտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում առանց թույլտվության տեխնիկական հեղուկների վաճառքի փաստի առթիվ տուգանք նշանակելու դեպքում հակասություններ են առաջանում, իսկ տնտեսվարողները շարունակում են առանց թույլտվության գործունեություն ծավալել:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի համաձայն՝ տեղական տուրք է սահմանված համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար, սակայն այն չվճարելու դեպքում պատժամիջոց սահմանված չէ, ինչը գործնականում դրա գանձումը դարձնում է անհնարին:

Կրկնակիությունը բացակայում է նաեւ առանց թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եւ (կամ) մատուցման դեպքում, ինչը պատիժը դարձնում է ոչ արդյունավետ:

Հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն իրականացնող տնտեսվարողները հաճախ գործունեությունն իրականացնում են առանց թույլտվության կամ էսքիզային առաջարկի խախտումներով՝ խոչընդոտելով հետիոտնի ազատ տեղաշարժին, ինչի համար պատժամիջոց նույնպես սահմանված չէ, ինչը որպես առանձին իրավախախտման տեսակ սահմանված չէ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասով կատարվել է լրացում հետեւյալ բովանդակությամբ.

«Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-38-րդ մասերով կատարվել է լրացում հետեւյալ բովանդակությամբ.

«Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, սաունա կամ շոգեբաղնիք) գործունեություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով: Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (հեստապարային ակումբի) գործունեություն իրականացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 35-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի 36-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարերեքհարյուրապատիկի չափով:»:

Oրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 2-8-րդ եւ 10-12-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ եւ 27-րդ մասերի), 162-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 180-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով, 169.16րդ, 189.11-րդ, 189.12-րդ եւ 189.18-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, իսկ 2382 -րդ հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ, քսանութերորդ, քսանիններորդ, երեսուներորդ եւ երեսունհինգերորդ մասերով, 1822 եւ 188 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսգրքում տարբեր նորմատիվ իրավական ակտերով 158-րդ հոդվածի 35-րդ մասով կատարվել են լրացումներ: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում հսկողություն իրականացնելու եւ առանց թույլտվության գործունեություն ծավալելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու դեպքում անհրաժեշտ է համայնքի ղեկավարի կողմից տրված հանձնարարագիր, ինչը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել տեսուչների համար, քանի որ սահմանափակման ենթակա օբյեկտները հիմնականում աշխատում են ոչ աշխատանքային ժամերին՝ երեկոյան ժամերից մինչեւ ուշ գիշեր, ինչպես նաեւ առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու համար պատժամիջոցները սահմանված են օրենսգրքի 16916 -րդ հոդվածով, ուստի առաջարկվում է օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-38-րդ մասերը ավելացնել 16916 -րդ հոդվածում:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 171-րդ հոդվածի 14-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին, սակայն շատ հաճախ տնտեսվարողները կամ նրանց փոխարինողները խոչընդոտում են հսկողության ընթացքին կամ ընդհանրապես տեսուչներին չեն թողնում մուտք գործել օբյեկտ, ինչի հետեւանքով տեսուչները չեն կարողանում իրականացնել իրենց օրինական գործողությունները,իսկ տնտեսվարողները շարունակում են աշխատել օրենքի պահանջների խախտմամբ՝ մնալով անպատիժ:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն՝ սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության, սակայն կատարված ուսումնասիրությունները եւ քաղաքացիների կողմից ստացված ահազանգերը ցույց են տալիս, որ տնտեսվարողների կողմից չի պահպանվում նշված իրավանորմի պահանջները՝ շատ հաճախ անգամ առեւտրի օբյեկտներում փակցվում են հայտարարություններ վաճառված ապրանքը հետ չվերցնելու եւ չփոխարինելու վերաբերյալ՝ կոպիտ խախտելով սպառողների շահերն ու իրավունքները: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել օրենսգրքի 2191 -րդ հոդվածում, որով սահմանված են այն հոդվածները որոնց քննումը իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Հիմք ընդունելով վերոնշյալ՝ նախագծերով նախատեսվել է կարգավորել ՎԻՎ օրենսգրքի 158-րդ եւ 16916 -րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ տեղական տուրքերի գանձման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ բնակիչների եւ սպառողների իրավունքների պաշտպանությունը առեւտրի եւ սպասարկումների ոլորտում ապահովելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա սեզոնային սրճարանները Երեւան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաեւ զբոսաշրջիկներ: Բացօթյա սրճարանները դարձել են Երեւան քաղաքի այցեքարտը եւ յուրատեսակ խորհրդանիշը, սակայն հանրային սննդի սեզոնային ծառայության համար առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ: Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային եւ ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երեւանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաեւ կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, վերոնշյալ ոլորտը կանոնակարգելու նպատակ է հետապնդում, ուստի նախատեսվում է սահմանել սույն իրավահարաբերությունները կարգավորող նորմեր:

Նախագծերը չեն առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն