Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Հարկային եւ մաքսային մարմինների կողմից քննվող վարչական իրավախախտումների գործերով եթե վարչական իրավախախտման վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը, կամ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում, կամ նշանակվել է փորձաքննություն, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական վարույթին վարչական ակտի հասցեատիրոջ ներկայանալուց, վարչական ակտի հասցեատիրոջը ի հայտ բերելուց կամ փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից մեկ տարվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերը փոխարինել «Պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «գործերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «170.3,» թիվը, իսկ նույն մասը «շրջանակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 246.2-րդ հոդվածով.
«Հոդված 246.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: