Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վեց ամսվա ժամկետն անցնելուց հետո ժառանգությունը կարող է ընդունվել մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգատուի անձի ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ այն ժառանգատուների ժառանգության ընդունման հարաբերությունների նկատմամբ, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Նշված կարգավորումից հետեւում է, որ օրենսդիրը ժառանգության ընդունման համար սահմանել է ժառանգության բացման օրվանից, այն է՝ ժառանգատուի մահվան օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետ:
Միեւնույն ժամանակ, ժառանգի կողմից ժառանգություն ընդունելիս բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հաստատապես հայտնի հանգամանքներում (օրինակ՝ ռազմական գործողությունների, տարերային աղետների ժամանակահատված), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Այսպիսի իրավիճակ հատկապես առաջացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է վերոնշյալ դեպքերում հնարավորություն տալ ժառանգներին ընդունել ժառանգություն ոչ թե անձի մահվան պահից վեց ամսվա ընթացքում, այլ մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի ժառանգության ընդունման գործընթացը, վերը ներկայացված իրավիճակն առաջանալու հետեւանքով ժառանգների կողմից ժառանգության ընդունման օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
Ալեն Սիմոնյանին
Հարգարժան պարոն Սիմոնյան,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Լենա Նազարյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ |
Տաթեւիկ Գասպարյան |
Լենա Նազարյան | |
Նարեկ Բաբայան |
22-ը նոյեմբերի 2021