Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1031-30.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 20.1-ին հոդված.

«Հոդված 20.1. Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք  պետք է իրենց իրավունքներից օգտվեն եւ իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադատության շահերին:

3. Իրավունքների չարաշահում թույլ տված կամ պարտականությունները չարամտորեն չկատարած անձի նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է կիրառվել նրա վարքագծին համաչափ դատական սանկցիա, եթե այն չկիրառելը կարող է վտանգել վարույթի բնականոն ընթացքը:

4.  Մեղադրյալի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց կամ կիրառված խափանման միջոցը կարող է փոխարինվել այլ՝ առավել պիտանի խափանման միջոցով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 314.1-ին հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.

«4) իրավունքի իրականացման  սահմանափակումը:»:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 314.4-րդ հոդված.

«Հոդված 314.4. Իրավունքի իրականացման սահմանափակումը

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը անձի կողմից իր դատավարական իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում դատարանի որոշմամբ դրանց իրականացման ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետեւյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում՝

1) միջնորդություն հարուցելը.

2) բացարկ հայտնելը.

3)  քրեական գործին կցելու եւ հետազոտելու համար նյութեր ներկայացնելը.

4) քրեական գործի նյութերին ծանոթանալը եւ դրանցից ցանկացած ծավալի տեղեկություն դուրս գրելը.

5) ելույթ ունենալը.

6) պաշտպանից հրաժարվելը,

7) պաշտպանի լիազորությունները դադարեցնելը:

3. Որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակումը կարող է կիրառվել նաեւ դատավարական գործողությանը նույն անձի մի քանի պաշտպանի, ներկայացուցչի կամ փաստաբանի ներկայանալու դեպքում: Այդ դեպքում իրավունքի իրականացման սահմանափակումը դրսեւորվում է տվյալ գործողությանը մասնակցելու հնարավորություն տալով ոչ բոլոր պաշտպաններին, ներկայացուցիչներին կամ փաստաբաններին:

4. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը: Ըստ այդմ, նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝

1) որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը: Դատավարության մասնակիցների նման վարքագիծը, չարժանանալով դատարանի իրավաչափ եւ համաչափ միջամտության վտանգում է ողջամիտ ժամկետներում գործի քննության եւ լուծման պահանջը, խաթարում արդարադատության բուն էությունը եւ հանգեցնում հանրության մոտ դատական իշխանության նկատմամբ վստահության ու հարգանքի նվազման: Նախագծով առաջարկվում է, որպեսզի դատարանը, դատավարության մասնակցի կողմից նման վարքագիծ պարբերաբար դրսեւորելու դեպքում, իրավունք ունենա սահմանել այն դատավարական իրավունքի իրականացման պայմանները (օր.՝ քանակական եւ ժամկետային սահմանափակումներ կիրառելով), որոնց իրականացումը օգտագործվում է իրավունքի չարաշահում կատարելու համար:

2) առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ՝ ԲԴԽ) օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր՝ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ ՀՀ Դատական օրենսգրքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքի արդյունավետ կազմակերպման, դատական պրակտիկայի կայունության ապահովման, ինչպես նաեւ գործերի արագ քննությունն ու լուծումը, մարդու իրավունքների եւ ազատությունների ու օրինական շահերի, պետության եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերին, ապահովել այդ խնդիրների լուծման ինստիտուցիոնալ դատարանակազմական մեխանիզմների արդյունավետությունը: Այդ գործառույթների իրականացման համար, ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաեւ  նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ:

3) առաջարկվում է, ԲԴԽ դատավոր անդամներին գործերի բաշխման 75 տոկոս նվազեցման փոխարեն կիրառել 95 տոկոս նվազեցումը, որը կնպաստի նրանց ծանրաբեռնվածության նվազեցմանը եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
հարգելի պարոն Սիմոնյան

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի   փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: