Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-105-30.11.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային եւ թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի՝

1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:

Կառավարության որոշմամբ պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄՆԱՆ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Գնումների մասին» օրենքը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների գնման համար միջոցներ հատկացվում են փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ժամանակ դրանք սահմանվում են որպես  գնման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Այսինքն՝ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել նշված փաստաթղթերի առկայության պարագայում:

Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում՝ ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի դառնում օպերատիվորեն ապահովել նման հետեւանքների վերացումը, պայմանավորված փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության ապահովման հանգամանքով:

Նախագծով առաջարկվում է՝

1) գնման առարկայի բնութագրերը սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.

2) պայմանով, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն ըստ փուլերի փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ կառավարությանը վերապահել նման դեպքերում գնումների գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու իրավասություն, նկատի ունենալով, որ կարգը կնախատեսի կարգավորումներ գնման գործընթացը մրցկացային, թափանցիկ, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծով սահմանվող կարգավորումների միջոցով նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվում է ձեւավորել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրներին հնարավորինս օպերատիվ արձագանքման հնարավորություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող խնդիրները լուծել հնարավորինս օպերատիվ եղանակով:

7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտ կլինի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած եւ հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն