Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-104-30.11.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.11-րդ, 1.12-րդ 1.13-րդ, 1.14-րդ եւ 1.15-րդ կետերով.

«1.11) ուսուցման ազգային ռեեստր՝ լրացուցիչ կրթական ծրագրերի եւ դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված եւ վկայագրված անձանց, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատված ու ճանաչված անձանց, ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան,

1.12) ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների եւ սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց,

1.13) անձի փաստացի կարողություններ՝ անձի որոշակի գիտելիքներ, կարողություններ, ընկալումներ ու հմտություններ՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից,

1.14) համեմատելի չափանիշներ՝ որոշակի մասնագիտության չափորոշչի կամ ծրագրի ուսումնառության արդյունքներով, զբաղմունքի նկարագրով կամ պաշտոնի անձնագրով սահմանված որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ.

1.15) գնահատում` անձի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության համադրության գործընթաց:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ից 3.7-րդ մասերով.

«3.1. Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել ցանկացած իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձ, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցվել է ուսուցման ազգային ռեեստրում: Ուսումնական հաստատությունները իրենց կրթական ծրագրերի շրջանակում կարող են ուսուցման ազգային ռեեստրում գրանցվել առանց նախապայմանների:

3.2. Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, եթե բավարարում է տվյալ դասընթացի մուտքային պահանջները: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ պատվիրատուն առաջադրում է որոշակի նպատակ՝ որոշակի շրջանակի մասնակիցների (ունկնդիրների) համար:

3.3. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման եւ վկայագրման գործընթացը համակարգում, ինչպես նաեւ ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը:

3.4. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում, իրականացվում եւ վկայագրվում են հետեւյալ փուլերով.

1) կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու, նոր ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատում՝ ըստ մասնակցի նպատակների, կազմակերպության պատասխանատուի (գործատուի) կարիքների եւ պաշտոնի նկարագրի պահանջների,

2) պատվերի կամ առաջարկության հայտագրում,

3) լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննություն՝ ըստ հայտագրված պատվերի կամ առաջարկության,

4) լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից,

5) իրականացնող երաշխավորված կազմակերպության (եւ կամ անհատի) ընտրություն՝ պատվիրատուի կամ մասնակիցների (ունկնդիրների) ազատ ընտրությամբ,

6) երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի իրականցման ընթացքի մշտադիտարկում՝ ուսուցման ազգային ռեեստրում ընդգրկված անկախ մասնագիտների կողմից,

7) վկայագրում՝ պետական նմուշի միանական փաստաթղթի (վկայական եւ ներդիր) շնորհում՝ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները ձեռք բերած մասնակցին (ունկնդրին):

Վկայականի ներդիրները համարվում են տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը եւ առանց վկայականի վավեր չէ:

3.5. Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3.6. Սույն հոդվածի 3.1-րդ, 3.2-րդ եւ 3.4-րդ մասով սահմանված փուլերը պարտադիր են այն կազմակերպությունների եւ մասնակիցների (ունկնդիրների) համար, ովքեր ցանկանում են ստանալ պետական նմուշի միասնական փաստաթուղթ:

3.7. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (վկայական եւ ներդիր) ստացած անձինք գրանցվում են ուսուցման ազգային ռեեստրում՝ անհատական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասան:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 26.1-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.1. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը

1. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կամավոր գործընթաց է, որի կազմակերպման, իրականացման, ճանաչման եւ հավաստագրման ընթացակարգը, մասնակիցների գնահատման հիմքերը, գնահատման կենտոններին ու գնահատողների ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները եւ պարտականությունները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները եւ (կամ) ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու եւ տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:

3. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են բավարար նախապայման հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու եւ կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար: Դա կարող է լինել ֆորմալ կրթությամբ իրականացվող մասնագիտության որեւէ կարողություն (կարողություններ), որը (որոնք) բավարար է (բավարար են) որոշակի աշխատանքի համար:

4. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաեւ ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը:

5. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կազմակերպվում ու իրականացվում է հետեւյալ փուլերով.

1) թեկնածուի հայտի գնահատման եւ ճանաչման գործընթացը, որը ներառում է անհատի փորձառության որոշարկում՝ ինքնագնահատման եւ խորհրդատվության միջոցով.

2) անձի գիտելիքների եւ կարողությունների ստուգում՝ թեստավորման եւ հարցազրույցի միջոցով.

3) անձի փաստացի կարողությունների եւ որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության համադրում, գնահատում՝ բանավոր հարցումների, աշխատանքի կատարման ընթացքի դիտարկման, կատարած աշխատանքի արդյունքի քննման (վերլուծության) միջոցով.

4) ընդհանրական գնահատում, եզրակացություն՝ թեկնածուի կարողությունների եւ հմտությունների ճանաչում, որը հավաստվում է գնահատողների ընդհանրական եզրակացության հիման վրա,

5) գնահատման արդյունքների պաշտոնական ճանաչում եւ հավաստագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (հավաստագրի եւ ներդիրի) շնորհում՝ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատված եւ դրական եզրակացություն ստացած անձին:

Հավաստագրի ներդիրը համարվում են տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը եւ առանց հավաստագրի վավեր չէ:

6. Հավաստագրի եւ հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

7. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (հավաստագիր եւ ներդիր) ստացած անձինք գրանցվում են ուսուցման ազգային ռեեստրում՝ անհատական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասան:»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6.1-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ներառյալ պետական նմուշի վկայականի եւ դրա ներդիրի ձեւը.»,

2) 6.2-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ներառյալ պետական նմուշի հավաստագրի եւ դրա ներդիրի ձեւը.»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ, 9.6-րդ, 9.7-րդ եւ 9.8-րդ կետերով.

9.1) սահմանում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը եւ դրանց ներդման ժամանակացույցը՝ ըստ որակավորման աստիճանների.

9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-րդ եւ 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը եւ ըստ սահմանված պահանջների ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետություն, գործատուներ եւ արհմիություններ).

9.3) հաստատում է ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը եւ ստեղծում ուսուցման ազգային ռեեստրը՝ ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա.

9.4) սահմանում է լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի եւ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը.

9.5) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.

9.6) հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը.

9.7) հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում եւ ճանաչում անցած անձանց ցանկը եւ վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը.

9.8) սահմանում եւ հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման հիմքերը, գնահատման կենտրոններին ներկայացվող պահանջները եւ կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 7. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նոր խմբագրությամբ օրենքի 36-րդ եւ 37-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման եւ հավաստագրման գործընթացը ներդրվում է համաձայն կառավարության հաստատած գործողութունների պլանի եւ ժամանակացույցի՝ սկսած 2022 թվականի մայիսի մեկից՝ տարեկան առնվազն 3 մասնագիտության (զբաղմանքի) համար:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, համաձայն որի «Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:»

«Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-1.7-րդ կետերի, 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի եւ 26-րդ հոդվածներով օրենքում ամրագրվել է, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության ոլորտը կանոնակարգելու, լրացուցիչ կրթական ծրագրերը (վերապատրաստումները, մասնագիտական ուսուցման դասընթացները, կարճաժամկետ ուսուցումները) կազմակերպելու եւ դրա արդյունքները պետության կողմից ճանաչելու, վկայագրելու հիմքերը:

Ի կատարումն «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջի՝ ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ին N1062-Ն որոշումով հաստատվել է «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգը» եւ «Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը»: Նշված փաստաթղթով կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին պատվիրակվել է նաեւ սահմանել մի շարք նորմատիվ ակտեր եւ ապահովել համապատասխան գործառույթներ:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.

Մինչ սահմանադրական նորմի ուժի մեջ մտնելը որոշ փաստաթղթեր ընդունվել են, իսկ այնպիսին ինչպիսին է օրինակ «Լրացուցիչ ուսումնառության վկայականի, վկայականի ներդիրի կամ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը» չի կարող հաստատվել առանց օրենսդրական լիազորող նորմի:

Ավելին, եթե ներկայումս անհրաժեշտություն առաջանա փոփոխություն կամ լրացում կատարելու արդեն ընդունված կարգերում եւ ընթացակարգերում, ապա նախարարությունը դա չի կարող ընդունել, քանի որ համաձայն սահմանադրության անցումային դրույթների, մինչ պատվիրակող նորը օրենքով սահմանելը ընդունված ակտերում փոփոխություն չի կարող կատարվել:

Նշվածից պարզ է դառնում, որ Հայաստանը ունենալով ոչ ֆորմալ կրթության եւ դրա արդյունքերի ճանաչման քաղաքականությունը, չի կարող ապահովել ամբողջական գործընթաց առանց ԿԳՄՍ նախարարության կողմից համապատասխան կարգեր ընդունելու լիազորող նորմերը:

Լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով ոչ ֆորմալ կրթության համակարգման, ճանաչման ու պաշտոնական վկայագրման գործընթացը Հայաստանում ներդրվել է որպես ԵՄ-ՀՀ գործընկերության եւ աջակցության ծրագրի նախապայման, ինչպես նաեւ համարվում է ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» եւ «Կրթություն 2030. Դեպի ներառական եւ արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագրի հիմնարար պարտավորություններից մեկը:

3. Ակնկալվող արդյունքը.

Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման գործընթացներն ու Հայաստանում առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման (հավաստագրման) ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝

Սիսակ Գաբրիելյան

Թագուհի Ղազարյան

Կնյազ Հասանով