Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.11-1.18-րդ կետերով.
«1.11) Ուսուցման ազգային ռեեստր՝ լրացուցիչ կրթական ծրագրերի եւ դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված եւ վկայագրված անձանց, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում եւ ճանաչում անցած անձանց, ինչպես նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնող, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան՝ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան.
1.12) համեմատելի չափանիշներ՝ որոշակի մասնագիտության չափորոշչի կամ ծրագրի ուսումնառության արդյունքներով, զբաղմունքի նկարագրով կամ պաշտոնի անձնագրով սահմանված որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ.
1.13) ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում եւ ճանաչում՝ անձի կարողությունների եւ սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը պաշտոնապես հավաստելու գործընթաց.
1.14) անձի փաստացի կարողություններ՝ անձի որոշակի գիտելիքներ, կարողություններ, ընկալումներ ու հմտություններ՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից.
1.15) գնահատում` անձի փաստացի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության համադրության գործընթաց.
1.16) ուսումնառություն՝ ֆորմալ, ոչ ֆորմալ կամ ինֆորմալ միջավայրում տեղի ունեցող գործընթաց, որի միջոցով անձը յուրացնում է տեղեկություններ, գաղափարներ եւ արժեքներ՝ ձեռք բերելով գիտելիք, կարողություն, հմտություններ կամ փորձառություն.
1.17) պատվիրատու՝ պետական մարմին կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հայտագրել է որոշակի գիտելիք, կարողություն, հմտություն ձեռք բերելու, կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու ցանկությունը կամ անհատական ու որոշակի խմբի կարիքը.
1.18) մուտքային պահանջ՝ լրացուցիչ կրթական ծրագրի մասնակցի համար պատվիրատուի սահմանած կրթության որոշակի աստիճանի, զբաղմունքի, կարողության, իմացության, ստաժի եւ այլ առանձնահատուկ նախապայմանների առկայություն.»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.8-րդ մասերով.
«3.1. Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել Ուսուցման ազգային ռեեստրում որպես ուսուցում իրականացնող գրանցված ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Ուսումնական հաստատությունները եւ միջազգային հավատարմագրում ունեցող ուսումնական կենտրոններն իրենց կրթական ծրագրերի շրջանակում կարող են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցվել պարզեցված ընթացակարգով:
3.2. Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, ով բավարարում է տվյալ դասընթացի մուտքային պահանջները:
3.3. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման եւ վկայագրման գործընթացը համակարգում, ինչպես նաեւ Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը:
3.4. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում, իրականացվում եւ վկայագրվում են հետեւյալ փուլերով.
1) կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու, նոր ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատում՝ ըստ մասնակցի նպատակների, պատվիրատուի կարիքների եւ պաշտոնի նկարագրի պահանջների.
2) պատվերի կամ առաջարկության հայտագրում.
3) լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննություն՝ ըստ հայտագրված պատվերի կամ առաջարկության.
4) լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից.
5) երաշխավորված ծրագիրն իրականացնող կազմակերպության (կամ անհատի) ընտրություն՝ պատվիրատուի կամ մասնակիցների (ունկնդիրների) ազատ ընտրությամբ.
6) երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի իրականացման ընթացքի մշտադիտարկում՝ Ուսուցման ազգային ռեեստրում ընդգրկված անկախ մասնագետներից ձեւավորված մասնագիտական խմբի կողմից.
7) վկայագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (վկայականի եւ ներդիրի) շնորհում՝ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները ձեռք բերած մասնակցին (ունկնդրին):
Վկայականի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը եւ առանց վկայականի վավեր չէ:
3.5. Լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3.6. Լրացուցիչ կրթական ծրագրի կազմակերպման կամ իրականացման գործընթացում սույն հոդվածի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում խախտումներ արձանագրվելու դեպքում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումը: Եթե սահմանված ժամկետում խախտումը չի վերացվում, ապա մինչեւ երկու տարի ժամկետով ապաակտիվացվում է Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը:
Սույն մասի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաեւ Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումն ապաակտիվացնելու եւ վերաակտիվացնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3.7. Սույն հոդվածի 3.1-ին, 3.2-րդ եւ 3.4-րդ մասերով սահմանված փուլերը պարտադիր են այն կազմակերպությունների եւ մասնակիցների (ունկնդիրների) համար, որոնք՝
1) ցանկանում են ստանալ պետական նմուշի միասնական փաստաթուղթ.
2) ցանկանում են կատարել այնպիսի աշխատանք կամ զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի համար օրենքներով սահմանված է մասնագիտական ուսուցման վկայական կամ դրան հավասարեցված փաստաթուղթ ունենալու պահանջը:
3.8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (վկայական եւ ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում:».
2) 4-րդ մասից հանել «, ինչպես նաեւ ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը» բառերը:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.
«Հոդված 26.1. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը եւ ճանաչումը
1. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը եւ ճանաչումը կամավոր գործընթաց է, որը կազմակերպվում, իրականացվում եւ հավաստագրվում է սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներով:
2. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացնում են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողները)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու եւ տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:
3. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու եւ կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար:
4. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաեւ Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը:
5. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը, ճանաչումը եւ հավաստագրումը կազմակերպվում ու իրականացվում են հետեւյալ փուլերով.
1) թեկնածուի հայտի գնահատման եւ ճանաչման գործընթաց.
2) անձի գիտելիքների, փաստացի կարողությունների եւ որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության համադրում, գնահատում.
3) ընդհանրական գնահատում, եզրակացություն.
4) գնահատման արդյունքների պաշտոնական ճանաչում եւ հավաստագրում՝ պետական նմուշի միասնական փաստաթղթի (հավաստագրի եւ ներդիրի) շնորհում:
Հավաստագրի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը եւ առանց հավաստագրի վավեր չէ:
6. Ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հավաստագրի եւ հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (հավաստագիր եւ ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6.1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ներառյալ պետական նմուշի վկայականի եւ դրա ներդիրի ձեւը» բառերով.
2) 6.2-րդ կետի «ուսուցման» բառը փոխարինել «ուսումնառության» բառով, իսկ նույն կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ներառյալ պետական նմուշի հավաստագրի եւ դրա ներդիրի ձեւը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-9.10-րդ եւ 12.1-ին կետերով.
«9.1) հավաստում է անձի կարողությունների եւ սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը՝ սույն օրենքով սահմանված ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման եւ ճանաչման գործընթացների միջոցով.
9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին եւ 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը եւ ըստ սահմանված պահանջների՝ ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետության, գործատուների եւ արհմիությունների).
9.3) սահմանում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման եւ ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը եւ դրանց ներդրման ժամանակացույցը՝ ըստ որակավորման աստիճանների.
9.4) ստեղծում է Ուսուցման ազգային ռեեստրը՝ ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա.
9.5) հաստատում է Ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը, այդ թվում՝ սույն օրենքի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում արձանագրված խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաեւ Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը ապաակտիվացնելու եւ վերաակտիվացնելու կարգը.
9.6) սահմանում է լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի եւ հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման եւ պահպանման կարգը.
9.7) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.
9.8) հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում եւ ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը.
9.9) հաստատում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում եւ ճանաչում անցած անձանց ցանկը եւ վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը.
9.10) սահմանում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման եւ ճանաչման գործընթացի կազմակերպման, իրականացման, ճանաչման եւ հավաստագրման ընթացակարգային եւ մեթոդաբանական փաստաթղթերը, գնահատողներին եւ գնահատում իրականացնելու կենտրոններին ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները եւ պարտականությունները.».
«12.1) սահմանում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման եւ պահպանման կարգերը.»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 26-րդ հոդվածի 3.7-րդ մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում սկսած 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ըստ ոլորտների (բնագավառների) Կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման, ճանաչման եւ հավաստագրման գործընթացը ներդրվում է համաձայն Կառավարության հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի՝ սկսած 2024 թվականի հունվարի մեկից՝ տարեկան առնվազն երեք մասնագիտության (զբաղմունքի) համար:
4. Սույն օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նախատեսված նոր խմբագրությամբ Օրենքի 36-րդ եւ 37-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2023 թվականի հունիսի 1-ը: