Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1. մասով. «19.1. Ազդակիր բնակավայրը համայնքի այն բնակավայր(եր)ն է (են), որի (որոնց) վարչական տարածքում գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռոյալթի վճարող կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալում լեռնահատկացմամբ սահմանված տարածքում:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 5-9-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում է նաեւ համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով եւ կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային մասհանում): Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողը:
6. Յուրաքանչյուր ռոյալթի վճարողի համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ համայնքային մասհանման 50 տոկոսը բաշխվում է համայնքի ազդակիր բնակավայր(եր)ի միջեւ հավասարաչափ, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջեւ, որոնց կազմում կան սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 19.1-րդ մասով սահմանված ազդակիր բնակավայր(եր)՝ այլ ռոյալթի վճարողներից, բացառելով սույն պարբերության առաջին մասում նշված համայնքները:
Մասհանումների չափերը որոշելիս հիմք է ընդունվում առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները:
7. Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող գումարներ են, որոնք հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար:
8. Համայնքներին բաշխված համայնքային մասհանումների մասով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախագիծը եւ Ծրագրի փոփոխությունները մշակվում են համայնքի ղեկավարի կողմից՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին: Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի համաձայնեցմանն են ներկայացվում համայնքի ղեկավարի կողմից:
9. Ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3 . Օրենքի 281-րդ հոդվածի 1.1.-ին մասի «բ» կետում «չափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով համայնքներին բաշխվող համայնքային մասհանումների» բառերը:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել 3.1.-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության առանձին ձեւաչափ:»:
Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի «գ» կետում «կայքում,» բառից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունը առանձին հրապարակվում է տվյալ համայնքի պաշտոնական կայքում: Վերջինիս բացակայության դեպքում, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում:» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ընդունվելուց հետո Կառավարությունը հաստատում է՝
1) համայնքներին բաշխված համայնքային մասհանումների մասով սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում նախատեսված միջոցառումների ուղղությունները եւ դրանց առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ վեցամսյա ժամկետում,
2) համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության ձեւաչափը՝ չորսամսյա ժամկետում: