Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ «(այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումը եւ իջեցումը
1. Հանրապետության եւ Անկախության տոներին, ինչպես նաեւ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է այն բնակելի եւ ոչ բնակելի շենքերի վրա, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության համայնքների հրապարակների, փողոցների, այգիների եւ պուրակների հարակից տարածքներում:
2. Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչեւ դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերեւի մասում ամրացվում է սեւ ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ պետական այլ տոներին եւ հիշատակի օրերին Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման եւ իջեցման փոխանցման արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 90-րդ օրը:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների եւ երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:
Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն որոշ այլ պետությունների, չի ձեւավորվել պետական դրոշի լայնամասշտաբ գործածման պրակտիկա, ինչը, ի թիվս այլնի, վկայում է պետությունից եւ նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին, մյուս կողմից՝ պետական դրոշը մշտապես բարձրացվում է սակավաթիվ, հիմնականում հանրային իշխանության հաստատությունների շենքերի վրա, ինչը փաստում է պետական խորհրդանիշների որոշակի ձեւականացված ընկալումը;
Կարծում ենք, առաջարկվող նախագիծը Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման շրջանակների էական ընդլայնման միջոցով կնպաստի Հայաստանի Հանրապետության դրոշի ձեւական ընկալումից անցմանը դրա իրապես խորհրդանշանական բնույթի գիտակցման:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաեւ առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:
Նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ (նշենք նաեւ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կապված է պետական խորհրդանիշները, այդ թվում՝ պետական դրոշն անարգելու հետ եւ չի վերաբերում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների խախտմանը):
Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ