Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 183.2 -րդ հոդվածով.
«Հոդված 183.2. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման պահանջները խախտելը
1. Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-5-րդ կամ 8-րդ մասերով, ինչպես նաեւ 6-րդ հոդվածով սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:»:
2. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման կամ իջեցման՝ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
4. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի ընդօրինակման պահանջը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ մասը «169.16-րդ» բառերից հետո լրացնել «,183.2. -րդ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 90-րդ օրը:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը ամենատարածված պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների եւ երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է:
Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն որոշ այլ պետությունների, չի ձեւավորվել պետական դրոշի լայնամասշտաբ գործածման պրակտիկա, ինչը, ի թիվս այլնի, վկայում է պետությունից եւ նրա խորհրդանիշներից բնակչության որոշակի օտարվածության մասին, մյուս կողմից՝ պետական դրոշը մշտապես բարձրացվում է սակավաթիվ, հիմնականում հանրային իշխանության հաստատությունների շենքերի վրա, ինչը փաստում է պետական խորհրդանիշների որոշակի ձեւականացված ընկալումը;
Կարծում ենք, առաջարկվող նախագիծը Հայաստանի Հանրապետության դրոշի գործածման շրջանակների էական ընդլայնման միջոցով կնպաստի Հայաստանի Հանրապետության դրոշի ձեւական ընկալումից անցմանը դրա իրապես խորհրդանշանական բնույթի գիտակցման:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, ինչպես նաեւ առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:
Նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ (նշենք նաեւ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կապված է պետական խորհրդանիշները, այդ թվում՝ պետական դրոշն անարգելու հետ եւ չի վերաբերում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների խախտմանը):
Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ