Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-111-07.12.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով արտակարգ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, իսկ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների՝ տվյալ տարվա պետական (համայնքային) բյուջեի ծախսային ծրագրերով նախատեսված չեն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում առկա տարընթերցումները վերացնելու եւ կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս սահմանափակման համար համապատասխան իրավական կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվող իրավակարգավորման նպատակը կայանում է պետական գնումների համակարգում ստվերային, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ իրավական-կարգավորող այնպիսի համակարգի ստեղծմանը նպաստելը, որի դեպքում հնարավորինս կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցության արհեստական խոչընդոտների վերացմանը, մեկ աղբյուրից պետական գնումների մեխանիզմի չարաշահման եւ այդ մեխանիզմի օգտագործմամբ կոռուպցիոն գործարքների իրականացման հնարավորությունների գործնական սահմանափակմանը:

Այս տեսանկյունից Օրենքի 23-րդ հոդվածը բավականին խնդրահարույց է, քանի որ այն թույլ է տալիս պետական (համայնքային) բյուջեների միջոցների հաշվին, շրջանցելով պետական գնումների մրցութային մեխանիզմը, մեկ անձից կատարել գնում՝ գործնականում ցանկացած նպատակով եւ ցանկացած գումարի շրջանակներում, այն դեպքում՝ երբ մեկ անձից պետական գնումների մեխանիզմը նախատեսված է բացառիկ, այն է՝ չնախատեսված դեպքերի կամ անկանխատեսելի հանգամանքների ի հայտ գալու պարագայում գնման հրատապ պահանջները բավարարելու համար:

Մասնավորապես, Օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված են մեկ անձից գնումներ կատարելու 5 հիմքեր, որոնցից 4-ը շատ կոնկրետ են եւ պատշաճ վերահսկողության պարագայում չեն կարող «կոռուպցիոն սողանցք» ապահովել գնումներ կատարողների համար: Այլ է խնդիրը 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքի պարագայում, ըստ որի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե. «արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.»: Այս առումով «կոռուպցիոն սողանցքը» կայանում է «արտակարգ իրավիճակ» եւ «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունների խիստ կամային եւ տարածական մեկնաբանության մեջ (քանի որ Օրենքը չի սահմանում, թե որո՞նք են համարվում արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակներ), ինչն էլ թույլ է տալիս դրանք օգտագործել մրցույթներից խուսափելու համար:

3. Նախագծով առաջարկվող փոփոխությունները.

«Արտակարգ իրավիճակ» եւ «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունների հստակեցման նպատակով առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածում հստակեցնել նշված հասկացությունները, ընդ որում՝ հիմք ընդունելով եւ օգտագործելով արդեն իսկ գործող իրավական այլ ակտերով սահմանված հասկացություններն ու մեխանիզմները: Այսպես.

1. Առաջարկվում է որպես «արտակարգ իրավիճակ» ամրագրել այն իրավիճակները, որոնք սահմանված են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եւ որոնք, կարծում ենք, որեւէ մեկի մոտ տարընթերցում առաջացնել չի կարող: Համաձայն այդ օրենքի՝ «արտակարգ իրավիճակը» որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակն է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Առաջարկվում է մեկ անձից գնումը թույլատրել հենց այսպիսի իրավիճակներից բխող պետական գնումների դեպքում՝ առանց գումարային սահմանափակման:

2. Որպես «չնախատեսված այլ իրավիճակ» առաջարկվում է սահմանել այն իրավիճակները, որոնց հետ կապված գնումներն ի սկզբանե չէին կարող կանխատեսվել եւ ծրագրավորվել պատվիրատուների համար՝ պետական (համայնքային) բյուջեները կազմելիս եւ հաստատելիս (քանի որ կանխատեսելի բոլոր իրավիճակների համար պետական անհրաժեշտ գնումները նախատեսվում են համապատասխան մարմինների կամ այլ պատվիրատուների բյուջետային ծրագրերով): Այս պարագայում չնախատեսված հրատապ գնման պահանջն իսկապես օբյեկտիվ բնույթ կունենա, ինչն էլ, բնականաբար, պետք է հիմնավորվի այդ նպատակով ընդունվելիք կառավարության որոշման նախագծում, իսկ մյուս կողմից էլ՝ էականորեն կհեշտանա նման իրավիճակներում պետական գնումների նկատմամբ վերահսկողության եւ հնարավոր չարաշահումների ապացուցման հնարավորությունները:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն