Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք
1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող 18 տարին լրացած սույն գլխով նախատեսված հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հարկային մարմնի ուսումնական հաստատության կողմից հավաստագիր ստացած եւ հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներից հարցազրույցի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Կառավարությունը սահմանում է հարկային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից առնաց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:
Հոդված 2. Օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքը լրացնել 17.1-րդ, 17.2-րդ եւ 17.3-րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 17.1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական հաստատությունում
1. Հարկային ծառայողի պատրաստման նպատակով հարկային մարմնի ուսումնական հաստատությունը կազմակերպում եւ անցկացնում է հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն):
2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաեւ ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության դիմումների եւ կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման եւ հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետեւյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը.
3) ընդունելության տեղերի քանակը:
5. Ընդունելության տեղերի քանակը սահմանվում է կառուցվածքային փոփոխության ենթարկված կամ նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների քանակից քսան տոկոս ավելի չափով: Ընդ որում, եթե ընդունելության տեղերի քանակը հաստիքների քանակից քսան տոկոս ավելի չափով հաշվարկման արդյունքում, ստացվում է կոտորակային թիվ, ապա տեղերի քնակակը ավելացվում է լրացուցիչ մեկ տեղով: Եթե ընդունելության արդյունքում մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով:
6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց:
7. Թեստավորման պահանջները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձեւավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
8. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն եւ դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
9. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորած հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների եւ էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ;
10. Հարցազրույցի կազմակերպման համար ձեվավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնվում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար:
11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տեվողությունը, դասընթացի ընթացում քննությունների եվ ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու կարգը, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաեւ բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
12. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական հաստատության կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձեվը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
Հոդված 17.2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակը
1. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են հարկային մարմնի կողմից վարվող հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու եւ ցուցակների վարման կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
2. Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով:
Հոդված 17.3. Հարկային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Հարկային ծառայության պաշտոնին նշանակումն իրականացվում է Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից հարցազրույցի միջոցով:
2. Հարցազրույցի հրավիրում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին բավարարող 5 ամենաբարձր միավորներ ունեցող բոլոր անձինք: Եթե սույն կետի պահանջներին բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք:
3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձեվավորվում է հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների եւ էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան:
4. Հարցազրույցի նպատակն է հարկային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար հարկային ծառայողի թեկնածուի հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, հարկային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, հարկային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ եւ հարկային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:
5. Հարցազրույցից առաջ՝ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, եւ դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Հարկային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները եւ անցկացման կարգը եւ ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին եւ հանձնաժողովին:
6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:
7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:
8. Հարցազրույցի կազմակերպման եւ անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:
9. Հարկային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոններից ազատում է հարկային մարմնի ղեկավարը:
10. Հարկային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
11. Հարկային ծառայողի առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնի խմբի համար նախատեսված վերապատրաստումն անցնելուց հետո սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով:
Հոդված 4. Օրենքի 19.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝
Հոդված 19.1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվը, կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
(վերնագիրը խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)
1. Հարկային ծառայության կադրերի ռեզերվի, կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. Հարկային բոլոր ծառայողները ենթակա են կառավարության սահմանված կարգով պարտադիր վերապատրաստման հարկային մարմնի ուսումնական հաստատությունում հարկային մարմնի ղեկավարի սահմանած պարբերականությամբ, բայց ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ:
3. Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները տարանջատվում են ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի:
4. Վերապատրաստման ծրագիրը պետք է պարունակի բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ հարկային ծառայության պաշտոնների խմբերի:
5. Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:
6. Վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում հարկային մարմնի ուսումնական հաստատության կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը կարող է հիմք հանդիսանալ հարկային ծառայողի առաջխաղացման համար:
Հոդված 5. Օրենքը լրացնել 25.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 25.1. Հարկային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ
1. Համապատասխան մարմնի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության դեպքում հարկային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
1) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը.
2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքում հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը.
3) հարկային ծառայության պաշտոնի սույն օրենքի 17.3-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակելը.
4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքում երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.
5) հաստիքիների կրճատումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:
3. Հարկային ծառայողները հարկային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը եւ հիմնական աշխատավարձը:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) սույն օրենքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը.»:
Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 3.1-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.
ԳԼՈՒԽ 3.1.
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26.2. Ուսումնական հաստատությունը
1. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ուսումնական հաստատության (այսուհետ՝ Ուսումնական հաստատություն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:
2. Ուսումնական հաստատությունը, սույն օրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝
1) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման համար անհրաժեշտ վերապատրաստումը).
2) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.
3) հարկայաին ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը,
4) հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
5) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:
3. Ուսումնական հաստատությունը, այդ թվում՝ հարկային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022թ հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման մասով ուժի մեջ է մտնում 2024թ հունվարի 1-ից: Մինչեւ 2025թ. հունվարի 1-ը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում նշանակումներ կատարելու հարաբերությունները կարգավորվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում