Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակման պայմանները
1. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած, սույն գլխով նախատեսված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, մաքսային մարմնի ուսումնական հաստատության կողմից հավաստագիր ստացած եւ մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է:
2. Մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներից հարցազրույցի միջոցով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են՝ կոմիտեի ղեկավարի կողմից առնաց սույն օրենքով նախատեսված պաշտոնների նշանակման պայմանների պահպանման:
Հոդված 2. Օրենքը լրացնել 8.1-րդ, 8.2-րդ եւ 8.3-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 8.1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, մաքսային ծառայողի պատրաստումն ուսումնական հաստատությունում
1. Մաքսային ծառայողի պատրաստման նպատակով մաքսային մարմնի ուսումնական հաստատությունը կազմակերպում եւ անցկացնում է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն):
2. Ընդունելության կարգը հաստատում է մասքսային մարմնի ղեկավարը: Ընդունելության կարգով կարգավորվում են նաեւ ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության դիմումների եւ կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման եւ հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները:
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ եւ 49-րդ հոդվածներով սահմանված պահանջները, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետեւյալ տվյալները.
1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձեւանմուշը.
3) ընդունելության տեղերի քանակը:
5. Ընդունելության տեղերի քանակը սահմանվում է կառուցվածքային փոփոխության ենթարկված կամ նոր ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների քանակից քսան տոկոս ավելի չափով: Ընդ որում, եթե ընդունելության տեղերի քանակը հաստիքների քանակից քսան տոկոս ավելի չափով հաշվարկման արդյունքում, ստացվում է կոտորակային թիվ, ապա տեղերի քնակակը ավելացվում է լրացուցիչ մեկ տեղով: Եթե ընդունելության արդյունքում մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով:
6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց:
7. Թեստավորման պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձեւավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը:
8. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն եւ դրանից բարձր միավորներ ստացած անձինք:
9. Հարցազրույցն անցկացնում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորած հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների եւ էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ:
10. Հարցազրույցի կազմակերպման համար ձեվավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնվում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար:
11. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տեվողությունը, դասընթացի ընթացում քննությունների եվ ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու կարգը, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը: Դասընթացը պետք է պարունակի նաեւ բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ:
12. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական հաստատության կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձեվը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:
Հոդված 8.2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակը
1. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում՝ դասընթացի ավարտին իրենց կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու, ցուցակներից հանելու եւ ցուցակների վարման կարգը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:
2. Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում միանգամյա ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը երկու տարի է: Ցուցակում ընդգրկված լինելու առավելագույն ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը թեկնածուն ինքնաշխատ եղանակով հանվում է ցուցակից: Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակի թափուր համարները լրացվում են հաջորդաբար՝ նվազման կարգով ինքնաշխատ եղանակով:
Հոդված 8.3. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Մաքսային ծառայության պաշտոնին նշանակումն իրականացվում է մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից հարցազրույցի միջոցով:
2. Հարցազրույցի հրավիրում են մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին բավարարող 5 ամենաբարձր միավորներ ունեցող բոլոր անձինք : Եթե սույն կետի պահանջներին բավարարող անձինք հրաժարվում են մասնակցել հարցազրույցին, ապա հարցազրույցի հրավիրվում են հաջորդաբար ավելի բարձր միավորներ ունեցող անձինք:
3. Հարցազրույցի անցկացման նպատակով ձեվավորվում է հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ֆինանսների եւ էկոնոմիկայի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններից մեկական ներկայացուցիչ: Հարցազրույցին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան:
4. Հարցազրույցի նպատակն է մաքսային ծառայողի պաշտոնում արդյունավետ գործելու համար մաքսային ծառայողի թեկնածու անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են թեկնածուի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, մաքսային ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, մաքսային ծառայությանը վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, բարեվարքություն, վարվեցողություն, պատասխանատվության զգացում, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ եւ մաքսային ծառայողի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:
5. Հարցազրույցից առաջ՝ հարցազրույցի հանձնաժողովի որոշմամբ հարցազրույցի հրավիրված թեկնածուները կարող են անցնել հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, եւ դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Մաքսային մարմնի ղեկավարը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները եւ անցկացման կարգը եւ ապահովում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները: Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են թեկնածուին եւ հանձնաժողովին:
6. Հարցազրույցի փուլը հաղթահարում է մեկ մասնակից: Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը մաքսային մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ՝ նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին:
7. Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմնի ղեկավարը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնի:
8. Հարցազրույցի կազմակերպման եւ անցկացման կարգը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հարցազրույցի հանձնաժողովի կազմը հաստատում է մաքսային մարմնի ղեկավարը:
9. Մաքսային ծառայության պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:
10. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
11. Մաքսային ծառայողի առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնի խմբի համար նախատեսված վերապատրաստումն անցնելուց հետո սույն հոդվածով նախատեսված հարցազրույցի միջոցով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. Մաքսային բոլոր ծառայողները ենթակա են կառավարության սահմանված կարգով պարտադիր վերապատրաստման մաքսային մարմնի ուսումնական հաստատությունում մաքսային մարմնի ղեկավարի սահմանած պարբերականությամբ, բայց ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ:
3. Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները տարանջատվում են ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի:
4. Վերապատրաստման ծրագիրը պետք է պարունակի բարեվարքության համակարգին վերաբերող կրթական բաղադրիչ՝ ըստ մաքսային ծառայության պաշտոնների խմբերի:
5. Վերապատրաստման ծրագրի բովանդակութանը ներկայացվող պահանջները սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը:
6. Վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մաքսային մարմնի ուսումնական հաստատության կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրվում է ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր, որը կարող է հիմք հանդիսանալ մաքսային ծառայողի առաջխաղացման համար:
Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 2.1-րդ գլխով հետեւյալ բովանդակությամբ.
ԳԼՈՒԽ 2.1.
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17.1. Ուսումնական հաստատությունը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական հաստատության (այսուհետ՝ Ուսումնական հաստատություն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:
2. Ուսումնական հաստատությունը, սույն օրենքին եւ իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝
1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման համար անհրաժեշտ վերապատրաստումը).
2) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.
3) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը,
4) հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
5) այլ մասնագիտացված դասընթացներ եւ կրթական ծրագրեր:
3. Ուսումնական հաստատությունը, այդ թվում՝ մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 6. Օրենքի 22.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 22.1. Մաքսային ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության ժամանակ
1. Համապատասխան մարմնի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության դեպքում մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
1) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելը.
2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած չհամարվելու արդյունքում մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակներում չներառվելը.
3) մաքսային ծառայության պաշտոնի սույն օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված կարգով չնշանակելը.
4) վերապատրաստման ծրագրին երկու անգամ անընդմեջ չմասնակցելը կամ վերապատրաստման արդյունքում երկու անգամ անընդմեջ վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելու հավաստագիր չստանալը.
5) հաստիքիների կրճատումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերը կիրառելի են միայն կառուցվածքային փոփոխության ենթարկվող ստորաբաժանումների մաքսային ծառայողների պաշտոնից ազատման հարաբերությունների նկատմամբ:
3. Մաքսային ծառայողները մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին մասնակցելու դեպքում դասընթացին մասնակցության ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց աշխատատեղը եւ հիմնական աշխատավարձը:
Հոդված 7. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) սույն օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերը»:
Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ եւ 4.1-րդ կետերով» բառերով.
2) 2-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողների միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը:».
բ. երկրորդ պարբերություն լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
6) հանրային ծառայության պաշտոնում նշանակվելը:
Հոդված 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022թ հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում պաշտոնների նշանակման մասով ուժի մեջ է մտնում 2024թ հունվարի 1-ից: Մինչեւ 2025թ. հունվարի 1-ը կառուցվածքային փոփոխությունների չենթարկվող ստորաբաժանումներում նշանակումներ կատարելու հարաբերությունները կարգավորվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում