Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-117-13.12.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարության: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարության:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական բյուջեն պետությանը Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձեւավորման եւ ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է: Ըստ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի՝ կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հասարակական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքը ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե, իսկ 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

Բյուջեի տրված սահմանումից բխում է, որ պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձեւավորվում է բացառապես դրամական միջոցներից: Միաժամանակ, այլ գույքը չի կարող ամրակցվել որեւէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձեւակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե:

Արդյունքում խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, որի կապակցությամբ էլ առաջանում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը:

Միաժամանակ, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքներով տրված են համանման կարգավորումներ, ինչը եւս կարող է հետագայում հանգեցնել նույնանման խնդրի: Հետեւաբար` այդ օրենքներում եւս փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող փոփոխություններն ուղղված են օրենսդրորեն այնպիսի հնարավորության նախատեսմանը, որով կլուծվի վերոնշյալ խնդիրը: Մասնավորապես, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքերում, եթե գույքը չի ուղղվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին, ապա դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարության:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կընձեռի կուսակցությունների, հինադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը Կառավարությանը սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպու-թյունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն