Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-119-14.12.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 440-րդ հոդվածում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5-րդ եւ 5.1-ին մասեր.

«5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքների, որոնց քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ինչպես նաեւ Օրենսգրքի 442-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված դեպքերի:

5.1. Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննությունը կարող է իրականացվել նաեւ տեսաձայնային կապի միջոցով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 441-րդ հոդվածը՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հարկային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»,

2) 5-րդ մասում «ծանուցագրի ձեւը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձեւը,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 442-րդ հոդվածը՝

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանավոր ընթացակարգով քննության ենթակա հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին:»,

3) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասեր.

«4.1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

4.2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով եւ դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին, եթե`

ա) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող են պարզաբանվել միայն դիմում-բողոք բերած անձի կողմից,

բ) դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:»,

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 443-րդ հոդվածը՝

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձեւով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:»,

3) 4-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 440-րդ հոդվածի 5.1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ նախագծեր) մշակվել են հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության վարչական վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու եւ լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի 442-րդ հոդվածով կանոնակարգվում են հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության հետ կապված հարաբերությունները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը եւ (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու եւ վեճն ըստ էության լուծելու համար:

ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների եւ անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով:

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը եւ (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու եւ վեճն ըստ էության լուծելու համար:

Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վերոգրյալից հետեւում է, որ վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, առանց այն բարդացնելու, մասնավորապես` օրենքով նախատեսված դեպքերում առանց լրացուցիչ լսումներ անցկացնելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Ելնելով վերոգրյալից` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ եւ փոփոխություններ` նախատեսելով հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ կամ դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-267-Ն ՀՀ օրենքի (ընդունվել է 23.03.2018թ., ուժի մեջ մտել՝ 09.04.2018թ.) 2-րդ հոդվածի 3-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը նույն օրենքով սահմանված կարգով ստեղծվող` բողոքներ քննող միասնական հանձնաժողով է, իսկ 7-րդ հոդվածով վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում վերոնշյալ հոդվածից հանվել է հարկային եւ մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ համապատասխան վերադաս մարմնի որոշումները բողոքարկման հանձնաժողով բողոքարկելու վերաբերյալ դրույթը եւ վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համաձայն տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով այլեւս առկա չէ, հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 4-րդ եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 17-րդ մասերում:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծն անուղղակիորեն բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.4-րդ «Ինստիտուտների եւ գործառույթների արդիականացում» բաժնից, քանի որ նախագծի կարգավորումները միտված են գործող կարգավորումների արդյունավետության բարձրացմանը եւ պետական հատվածը (ՊԵԿ-ը) անարդյունավետ եւ ժամանակատար գործընթացներից թոթափելուն, որով կապահովվի համապատասխան վարչական վարույթների առավել սեղմ ժամկետում եւ առանց բարդացնելու իրականացումը:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ եւ դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն