Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-119-14.12.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 440-րդ հոդվածում լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5-րդ եւ 5.1-ին մասեր.

«5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ համալիր հարկային ստուգման արդյունքում ընդունված ստուգման ակտերի բողոքարկման դիմում-բողոքների, որոնց քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ինչպես նաեւ Օրենսգրքի 442-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված դեպքերի:

5.1. Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննությունը կարող է իրականացվել նաեւ տեսաձայնային կապի միջոցով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 441-րդ հոդվածը՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հարկային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»,

2) 5-րդ մասում «ծանուցագրի ձեւը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձեւը,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 442-րդ հոդվածը՝

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանավոր ընթացակարգով քննության ենթակա հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին:»,

3) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասեր.

«4.1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

4.2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով եւ դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին, եթե`

ա) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող են պարզաբանվել միայն դիմում-բողոք բերած անձի կողմից,

բ) դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:»,

4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 443-րդ հոդվածը՝

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձեւով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:»,

3) 4-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 440-րդ հոդվածի 5.1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ: