Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածը՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մաքսային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»,
2) 7-րդ մասից հետո լրացնել նոր մասեր հետեւյալ բովանդակությամբ.
«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից կայացված որոշումների բողոքարկման դիմում-բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում:
Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքների քննությունը կարող է իրականացվել նաեւ տեսաձայնային կապի միջոցով:»,
3) 8-րդ մասում «ծանուցագրի ձեւը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձեւը,» բառերը,
4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
5) 11-րդ մասից հետո լրացնել նոր մասեր հետեւյալ բովանդակությամբ.
«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունն իրականացվում է էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով եւ դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին, եթե`
ա) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող են պարզաբանվել միայն դիմում-բողոք բերած անձի կողմից,
բ) դիմում-բողոք բերած անձի կողմից դիմումով ներկայացվել են քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունվել են հանձնաժողովի կողմից` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:»,
6) 12-րդ մասում «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «բանավոր ընթացակարգով» բառերը,
7) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
8) 15-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Որոշումները կայացվում են քվեարկությամբ՝ պարզ մեծամասնության ձեւով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում՝ քննության օրը գրավոր քվեարկությամբ:»,
9) 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից:»,
10) 17-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ: