Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-125-27.12.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 7-րդ մասում «4-7-րդ կետերում» բառերը փոխարինել «5-7-րդ կետերում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «5-րդ եւ 10-րդ կետերում նշված փաստերից որեւէ մեկը» բառերը փոխարինել «10-րդ կետում նշված փաստը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր՝ 7-րդ կետ.

«7) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին հանձնարարագիր չի պահանջվում:»:

Հոդված 8. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի՝

1) «գ» ենթակետում «հսկիչ դրամարկղային մեքենաներով» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով» բառերը,

2) «դ» ենթակետում «հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն» բառերից հետո լրացնել «եւ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 381-րդ հոդվածի՝ 3-րդ մասի 8-րդ կետում «կոդը,» բառից հետո լրացնել «իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաեւ փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի եւ գնովի այլ ապրանքների անվանումները),» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 384-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «200 հազար դրամից» բառերը փոխարինել «500 հազար դրամից» բառերով,

2) 2-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «500 հազար դրամից» բառերը փոխարինել «երկու միլիոն դրամից» բառերով,

բ. «բ» ենթակետում «մեկ միլիոն դրամից» բառերը փոխարինել «տասը միլիոն դրամից» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 416-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին եւ վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը  տուգանվում է 500 հազար դրամի չափով:»,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի) խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:»,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ եւ 5.1-ին մասերով սահմանված նախորդ եռամսյակը որոշվում է որպես հսկիչ գնման արձանագրության կազմման ամսաթվին նախորդող եռամսյակ:»,

4) 5.1-ին մասից հանել «կամ փաստացի վաճառված» բառերը եւ «եւ (կամ) ծավալի» բառերից հետո լրացնել «կամ արժեքի» բառերը, իսկ «հինգ միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամի եւ տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 1 տոկոսի գումարի հանրագումարի չափով» բառերով,

5) 6-րդ մասից հանել «Սույն մասով սահմանված՝ նախազգուշացման կիրառության համար հիմք հանդիսացող խախտման դեպքը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված՝ խախտման դեպքերի հաշվարկին չի մասնակցում:» նախադասությունը,

6) 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենսգրքի 417-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի, որը վճարվում է նույն մասով սահմանված ժամկետում» բառերը:

Հոդված 16.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը ենթակա չէ կասեցման, եթե օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռեւս չի կասեցվել:

3.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ օրենսգրքի 384-րդ հոդվածով սահմանված կարգով գործունեությունը կասեցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության կասեցումը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

4. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծերի հիմնական նպատակը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

1) ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված է, որ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` խախտումն արձանագրելու օրվանից մինչեւ այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը: Խնդիրն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները` խախտումն արձանագրելու օրվանից մինչեւ այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը դադարում են շրջանառության հարկ վճարող համարվելուց: Արդյունքում, տեղի է ունենում հարկ վճարողի հարկման համակարգի փոփոխություն եւ նշված հարկ վճարողները համարվում են հարկման ընդհանուր համակարգով հարկվողներ, այսինքն՝ ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ վճարողներ: Դրա հետ կապված փոխվում են այդ հարկ վճարողների հարկերի հաշվարկման ու վճարման մեխանիզմները, ինչպես նաեւ հարկային հաշվարկների ձեւերն եւ դրանց ներկայացման կարգն ու ժամկետները: Նշված փոփոխությունները զգալիորեն բարդացնում են հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկումը, հարկային հաշվարկների կազմումը, ներկայացումը, ինչպես նաեւ հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողների հաշվառման եւ վարչարարարության հետ կապված գործընթացները: Առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ՀԴՄ կիրառման կանոնների մեկ տարվա ընթացքում 1-ին խախտում կատարած հարկ վճարողը նույն վարքագծի դրսեւորման պարագայում դադարեցնում է իր գործունեությունը եւ նույն վայրում գործունեությունը շարունակվում է իրականացվել այլ հարկ վճարողի անվան տակ՝ այսպիսով խուսափելով ինչպես տուգանքի պրոգրեսիվությունից եւ գործունեության կասեցումից, այնպես էլ հարկման համակարգի փոփոխությունից,

2)  օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով սահմանված է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը` խախտումն արձանագրելու օրվանից մինչեւ այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը: Այս դեպքում եւս առաջանում են նախորդ կետում նկարագրված խնդիրները,

3)  օրենսգրքի 384-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ՀԴՄ կիրառող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցվում է ՀԴՄ-ի բացակայության կամ ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքերում (բացառությամբ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման, նոտարական եւ (կամ) փաստաբանական գործունեությունների): Միաժամանակ, օրենսգրքով սահմանված է հնարավորություն, որ ՀԴՄ կիրառության կանոնների խախտման արդյունքում գործունեությունը կասեցված հարկ վճարողը կարող է կասեցումը փոխարինել տուգանքով: Այս կարգավորումների պարագայում, ըստ էության, կասեցումը արդյունավետ գործիք չէ, քանի որ

ա. կասեցումը հնարավոր է փոխարինել տուգանքով եւ շարունակել գործունեությունը,

բ. տվյալ վայրում գործունեությունը կասեցված հարկ վճարողը գործունեության կասեցման ժամանակահատվածում գործունեությունը կարող է իրականացնել մեկ այլ վայրում,

գ. լինում են դեպքեր, երբ հարկ վճարողները տարվա ընթացքում 2-րդ անգամ խախտումը կրկնելուց հետո դադարեցնում են գործունեությունը, դուրս են գալիս հաշվառումից, իսկ նշված գործունեությունը շարունակվում է իրականացվել այլ անձի կողմից (ամուսին, ծնող, քույր, եղբայր եւ այլն):

Միաժամանակ, օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն՝ գործունեությունը կասեցված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ցանկը հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով հրապարակում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում,

4)  օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «գ» եւ «դ» ենթակետերի համաձայն՝ անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) եւ հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման համար հիմք են ընդունվում, համապատասխանաբար՝ հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը, գործարքների եւ գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (միայն եկամուտները հիմնավորելու մասով) տվյալները: Միաժամանակ, օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների եւ գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերից է նաեւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը),

5)  օրենսգրքի 379-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ ՀԴՄ-ների իրացման առավելագույն գները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Միաժամանակ, ՀԴՄ-ների ներմուծման, իրացման եւ գների շուկան ազատականացված է, եւ ՀԴՄ-ներ կարող են ձեռք բերվել ցանկացած տնեսվարող սուբյեկտից, եւ ՀՀ ՊԵԿ-ը չունի իրավասություն ուղղորդելու ՀԴՄ-ների ձեռքբերման եւ գների հաստատման հարցում,

6) օրենսգրքի 381-րդ հոդվածի՝ 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրված լինի ապրանքի անվանումը եւ ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը եւ կոդը: Խնդիրն այն է, որ հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունների դեպքում միայն ծառայության կոդի տպագրումը հնարավորություն չի տալիս հիմնավորելու, թե փաստացի ինչ ծառայություններ կամ ապրանքատեսակներ (կերակրատեսակներ, խոհարարական արտադրատեսակներ, խմորեղեն, հացաբուլկեղեն եւ այլն) են տրամադրվել,

7) գործող օրենսդրության համաձայն՝ սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության խախտման փաստի հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Մեկ տարվա ընթացքում երկրորդ խախտման փաստի հայտնաբերման դեպքում սահմանված է տուգանք անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից, իսկ երրորդ եւ ավելի խախտման փաստի հայտնաբերման դեպքում սահմանված է տուգանք՝ անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Խնդիրն այն է, որ հաճախ նշված տուգանքի կիրառումը հարկ վճարողի համար առավել ձեռնտու է, քան տվյալ ապրանքների մասով համապատասխան փաստաթղթերի դուրս գրումը եւ այդ մասով իրական շրջանառության արտացոլումը,

8) ներկայումս ՀԴՄ-ների կիրառության եւ (կամ) դրանց միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար սահմանված պատասխանատվության միջոցները տարբերվում են, կախված՝ խախտման բնույթից (ՀԴՄ-ի բացակայություն, կիրառության կանոնների խախտում), մեկ տարվա ընթացքում խախտումների պարբերականությունից (որերորդ խախտումն է տարվա ընթացքում) եւ գործունեության տեսակներից (հանրային սննդի ոլորտ եւ գործունեության այլ տեսակներ): Խնդիրն այն է, որ կիրառվող պատասխանատվության միջոցները տարբերակվում են ըստ դրանց կատարման պարբերականության (խախտումների քանակից) եւ ըստ գործունեության ոլորտների, ինչը վարչարարության եւ գործնականում կիրառության տեսանկյունից արդյունավետ եւ պարզ գործընթաց չէ (խախտման քանակների հաշվառում, պատասխանատվության միջոցներն ըստ խախտման տեսակի առանձնացված հաշվառում, ըստ գործունեության տեսակների առանձնացված հաշվառում եւ այլն): Բացի այդ հարկային տարվա ընթացքում կատարված խախտումների քանակով պայմանավորված՝ շրջանառության հարկ վճարողները եւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները կանգնում են հարկման մի համակարգից մյուսին փոխադրվելու ռիսկի առաջ, ինչը զգալիորեն բարդացնում է նշված հարկ վճարողների կողմից հարկերի հաշվարկման եւ հարկային հաշվարկների ներկայացման գործընթացները: Խնդիր է նաեւ մեկ տարվա ընթացքում կատարված խախտումների քանակից ելնելով հաշվարկվող տուգանքների տարբերակված չափերի կիրառումը (խախտման 1-ին դեպք՝ 150.000 դրամ (հանրային սննդի ոլորտում՝ 600.000 դրամ), 2-րդ դեպք՝ նախորդ եռամսյակով ՀԴՄ-ի շրջանառության 0.7%, բայց ոչ պակաս 300.000 դրամը (հանրային սննդի ոլորտում՝ 1.000.000 դրամը), 3-րդ եւ ավելի դեպք նախորդ եռամսյակով ՀԴՄ-ի շրջանառության 0.7%, բայց ոչ պակաս 600.000 դրամը (հանրային սննդի ոլորտում՝ 2.000.000 դրամը)):

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է.

1)  ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները,

2) ուժը կորցրած ճանաչել hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ եւ ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, միաժամանակ, հանել նաեւ գործունեությունը կասեցված հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակելու պահանջը,

3) հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում,

4) անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) եւ հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման հիմքերի ցանկում ներառել նաեւ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը,

5) ուժը կորցրած ճանաչել հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը,

6) հստակեցնել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա է պետք է տպագրված լինի նաեւ փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի եւ գնովի այլ ապրանքների անվանումները),

7) քանի որ որեւէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության համաչափության սկզբունքի պահպանումը եւ հաշվի առնելով այն, որ նախատեսվող պատասխանատվությունը որքան համաչափ լինի իրավախախտման ծանրությանը, այնքան արդյունավետ կլինի դրա կանխարգելիչ նշանակությունը, առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը (1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ եւ ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն 10 միլիոն դրամ),

8) սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից եւ գործունեության ոլորտից,

9) սահմանել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից եւ գործունեության ոլորտից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել ու կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է հետեւյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.

-   ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառուման հետ,

-   ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «1. Հարկային եւ մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի իրականացման հետ:

Ակնկալվում է վարչարարության արդյունավետության բարձրացում եւ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն