Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Տոկոսների (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:».
2) 5-րդ մասից հետո լրացնել 5.1-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:».
3) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:» .
4) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14. Հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտները, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկային ավանդների դիմաց եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսներին:».
5) 14-րդ մասից հետո լրացնել 14.1-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«14.1. Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, ներառում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ, եւ դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում «նվազեցում կատարելու» բառերը փոխարինել «եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ, 156-րդ հոդվածի 4-րդ եւ 158-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի եւ 2-րդ հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից, իսկ 1-ին հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը եւ 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հաշվեգրված պասիվ եկամուտների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը կանխելու եւ հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերի տարբերությունները հնարավորություն են տալիս ագրեսիվ հարկային պլանավորման: Մասնավորապես, հաճախ կազմակերպությունները, չունենալով ֆինանսական միջոցների կարիք, ֆիզիկական անձանցից ներգրավում են փոխառություններ, որոնց դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով, միաժամանակ, այդ տոկոսները նվազեցվում են շահութահարկով հարկման բազայից, որի արդյունքում՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը նվազում է ավելի մեծ չափով: Ընդ որում՝ տվյալ դեպքում կազմակերպությունները խուսափում են նաեւ շահաբաժինների եւ արդյունքում դրանց մասով հաշվարկվող եկամտային հարկի վճարումից:
Պասիվ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկն իրականացվում է հաշվառման դրամարկղային մեթոդով, որի արդյունքում գործնականում հաճախ հանդիպում են եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքեր:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հաշվի առնելով ագրեսիվ հարկային պլանավորման եւ եկամտային հարկի վճարումից խուսափելու նկարագրված իրավիճակները` նախագծով առաջարկվում է վերանայել փոխառությունների եւ ոչ հրապարակային եղանակով տեղաբաշխված պարտքային արժեթղթերի դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը եւ սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված դրույքաչափին համապատասխան (այսինքն` վերը նշված եկամուտների համար կիրառել եկամտային հարկի ընդհանուր սահմանված դրույքաչափը), իսկ եկամտային հարկի ընդհանուր դրույքաչափից տարբերվող՝ առավել ցածր դրույքաչափը (տվյալ դեպքում՝ 10 տոկոս) կիրառել միայն բանկային ավանդների եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսների մասով:
Եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտները դրանց հաշվեգրման (եկամտի ստացման իրավունքի ձեռքբերման) հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստացվելու դեպքում, դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկել 12-րդ ամիսը ներառող հաշվետու ժամանակահատվածում՝ 20 տոկոս դրույքաչափով:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում: Մասնավորապես, նախագծով ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը՝ կապված շահութահարկի հարկման բազայի նվազեցման եւ եկամտային հարկի վճարումից խուսափելու հետ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերը՝ կապված շահութահարկի հարկման բազայի նվազեցման եւ եկամտային հարկի վճարումից խուսափելու հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում