Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-127-29.12.2021-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

Ախտաբանաանատոմիական դիահերձումների ամցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «չարորակ» բառը:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել «՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում:»  բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է  մտնում պաշտոնական  հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Ախտաբանաանատոմիական գործունեությունը կարեւոր դեր ունի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործում: Այդ գործունեության շնորհիվ հայտնաբերվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառները: Դրանից բխում է, որ ախտաբանաանատոմիական հետազոտությունների իրականացումը համարվում է մասնագիտացված բժշկական ծառայություն եւ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության զարգացումը ենթադրում է բուժհաստատություններում որակյալ ախտորոշիչ եւ բուժական ծառայությունների տրամադրում: Ներկայում, ախտաբանաանատոմիական գործունեությունը  կարգավորվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքի 41-րդ հոդվածի դրույթներով: Ախտաբանաանատոմիական դիահերձուների արդյունքում կատարված վիճակագրական վերլուծությունները նաեւ ազդում են բյուջեի պլանավորման վրա:

Հայաստանի Հանրապետությունում ախտաբանաանատոմիական բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեն 49 գործող կազմակերպությունները: Դրանցից 40-ը հանդիսանում են հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ (հիվանդանոցներ): Գործում են  նաեւ կազմակերպություններ (9), որոնք առողջապահության նախարարության կողմից ստացել են բժշկական օգնության եւ սպասարկման արտահիվանդանոցային` բջջաբանական եւ հյուսվածքաբանական (ձեւաբանական) տեսակներով գործունեություն իրականացնելու լիցենզիաներ եւ իրականացնում են ախտաբանաանատոմիական գործունեություն:  Արտահիվանդանոցային  բջջաբանական եւ հյուսվածքաբանական (ձեւաբանական) տեսակներով գործունեություն իրականացնողները դուրս են վերահսկողությունից, քանի որ դրանք գործում են հիվանդանոցներից դուրս: Ասվածի հիմնավորումն այն է, որ Հայաստանի Հանրապետության  առողջապահական  եւ աշխատանքի տեսչական մարմինը, համաձայն  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի եւ Կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման,  կարող է միայն հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի պայմանների եւ պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Եվրոպական տարածաշրջանի 53 երկրում արված հետազոտությունների՝ Հայաստանը առաջին տեղն է գրավում մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումների քանակով: Այսպես՝ 2005 թվականին ՀՀ-ում մահացածների 34 տոկոսի դեպքում կատարվել են ախտաբանաանատոմիական դիահերձումներ: 2006 թվականին ախտաբանաանատոմիական դիահերձումներ են կատարվել մահացածների 47 տոկոսի դեպքում: 2016 թվականին այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի, իսկ 2019 թվականին՝ մոտ 90 տոկոսի: Մահվան դեպքերում ախտաբանաանատոմիական դիահերձումների քանակով հաջորդ տեղում Ռուսաստանն է. 2019-ին այն եղել է 67 տոկոս: Օրինակ, այս ցուցանիշը 2019 թվականին Լիտվայում կազմել է 14,4 տոկոս, Դանիայում՝ 2 տոկոս, Եվրոպական տարածաշրջանի երկրներում միջինում՝ 25,6 տոկոս:

Թերեւս, կարելի է ենթադրել, որ Հայաստանում ախտաբանաանատոմիական գործունեությունը ծավալվում է բիզնեսի տրամաբանությամբ:

Նախագծի նպատակն է ճշգրտել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքի 41-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաեւ խմբագրելու, այնպես էլ դրանց կիրառությունը տեսանելի եւ վերահսկելի դարձնելու իմաստով:

Մասնավորապես նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ  ախտաբանաանատոմիական դիահերձումներն կատարվում են  հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով  միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող  կազմակերպություններում: Այս դրույթի ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է վերացնել անճշտությունը՝ ուժը կորցրած ճանաչել  41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, քանի որ գործող օրենքի համապատասխան՝  ախտաբանաանատոմիական դիահերձում կատարվում է միայն կլինիկական ախտորոշման առկայության դեպքում:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է հանել «չարորակ» բառը,  քանի որ չարորակ նորագոյացություն ախտորոշումն արդեն ենթադրում է  հյուսվածքաբանական վերիֆիկացիա:

Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է ախտաբանաանատոմիական դիահերձում չկատարելու դեպքում հնարավորություն տալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ունենալու դիակի խնամքի, մշակման (դաբաղման) եւ պահպանման ծառայություններ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ

Օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն   Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասինե օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը.

դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքները:

Խնդրում ենք  սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝                 ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
                                                                              ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ