Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է մահվան պետական գրանցման օրը:»:
Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ այն ժառանգատուների ժառանգության հարաբերությունների նկատմամբ, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո եւ որոնց ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:
3. Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած եւ առնվազն մեկ ամսվա ընթացքում ինքնությունը չհաստատված քաղաքացու մահվան պետական գրանցումն իրականացվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Նույն օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
Նշված կարգավորումից հետեւում է, որ օրենսդիրը ժառանգության ընդունման համար սահմանել է ժառանգության բացման օրվանից, այն է՝ ժառանգատուի մահվան օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետ:
Միեւնույն ժամանակ, ժառանգի կողմից ժառանգություն ընդունելիս բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հաստատապես հայտնի հանգամանքներում (օրինակ` ռազմական գործողությունների, տարերային աղետների ժամանակահատված), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Այսպիսի իրավիճակ հատկապես առաջացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է վերոնշյալ դեպքերում հնարավորություն տալ ժառանգներին ընդունել ժառանգություն ոչ թե անձի մահվան պահից վեց ամսվա ընթացքում, այլ մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի ժառանգության ընդունման գործընթացը, վերը ներկայացված իրավիճակն առաջանալու հետեւանքով ժառանգների կողմից ժառանգության ընդունման օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ