Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-133-14.01.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» Հայաստանի Հանրապետության՝ 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունում «օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 48. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր

1. Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

2. Առանց հատուկ թույլտվության կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերացման՝ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին տեսակցելու, ինչպես նաեւ նրանց պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաեւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.

7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

3. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք կարող է տրվել նաեւ այլ անձանց:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

5. Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

13/01/2022թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահին


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի եւ 67-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արամ Վարդեւանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,

Խնդրում եմ օրենքի սույն նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ