Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1431-25.01.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնումն արգելվում է, եթե լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Նախագծով նախատեսվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում

2.Առկա իրավիճակը.

Ներկայումս գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող  տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ցանկացած լիզինգատու կանգնած է նշված խնդրի առջեւ, համապատասխան ռիսկերը զսպող մեխանիզմների բացակայության պատճառով: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների, ինչի մասին է վկայում նաեւ մեր կողմից կատարված ուսումնասիրությունը: Մասնավորապես, տեղեկատվություն ստանալու համար գրությամբ դիմել ենք «Ագբա լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին պարզելու համար, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների լիզինգի քանի պայմանագիր է կնքվել եւ արդյոք առկա է վիճակագրություն այն մասին, թե այդ պայմանագրերի արդյունքում քանի տրանսպորտային միջոց է Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվել եւ կազմակերպությունը չի կարողացել ապահովել տվյալ տրանսպորտային միջոցի վերադարձելիությունը: Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից կնքվել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր: Ներկայումս 4 տրանսպորտային միջոցի ՀՀ տարածքից դուրս գտնվելու փաստը հաստատվել է, ինչպես նաեւ առկա է եւս 10 տրանսպորտային միջոց, որոնց գտնվելու վայրը անհայտ է:

3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագիծի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Այսպիսով, Օրենքների նախագծերի ընդունման դեպքում, կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ»

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական սահմանի  մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն