Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «450-րդ,» բառը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Սույն իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ ՔՕ) 309.1-ին հոդվածով նախատեսված խոշտանգման հանցակազմով, ինչպես նաեւ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի (դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) 2-րդ մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից բռնություն կամ սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով՝ դատավարությանը մասնակցող անձանց ցուցմունք կամ բացատրություն կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաեւ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, որը զուգորդվել է խոշտանգմամբ, եւ խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմով (նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձին դաժանությամբ, անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) քրեական գործերի քննության ենթակայության հարցը հստակեցնելու եւ նշված հանցակազմերի քննության վերաբերյալ առկա միջազգային չափանիշներին ներպետական կարգավորումների համապատասխանությունը ապահովելու, ինչպես նաեւ որոշ հանցակազմերի, մասնավորապես՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ հոդված 149), ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՔՕ հոդված 150), կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՔՕ հոդված 154.1) քննչական ենթակայությունը փոխելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է քննչական ենթակայության կանոնները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»:
Համանման կարգավորում է նախատեսում նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը (ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին):
Առկա կարգավորումների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննությունն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից:
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ խոշտանգումների դեպքերով քննություն իրականացնող պատշաճ մարմնի վերաբերյալ ներպետական եւ միջազգային չափանիշներին, որոնք հանգում են հետեւյալին.
ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»:
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
«Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի իր իրավասու մարմիններն անհապաղ եւ անաչառ հետաքննություն անցկացնեն, երբ առկա է բավարար հիմք ենթադրելու, որ խոշտանգումը կիրառվել է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում:»:
Նույն կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ ցանկացած անձ, ով պնդում է, թե ինքն այդ պետության իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում ենթարկվել է խոշտանգումների, ունենա տվյալ պետության իրավասու մարմիններին բողոք ներկայացնելու եւ նրանց կողմից իր գործի անհապաղ ու անաչառ քննության իրավունք: Ձեռնարկվում են միջոցներ՝ ապահովելու համար հայցվորի եւ վկաների պաշտպանությունն ընդդեմ վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ որպես նրա բողոքի կամ վկայության հետեւանքի:»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաեւ այլ դաժան վերաբերմունքի (...)»:
Հայաստանի վերաբերյալ մի շարք վճիռներում (օրինակ՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռ, «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականի մարտի 31-ի վճիռ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ըստ այդմ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումների 10-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ պետությունը միջազգային չափանիշներին համապատասխան պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ ազատությունից զրկված բոլոր անձանց՝ ազատությունից զրկելու սկզբնական պահից խոշտանգումների կանխարգելմանն ուղղված բոլոր հիմնարար իրավական երաշխիքներից գործնականում օգտվելու հնարավորությունն ապահովելու ուղղությամբ:
Միեւնույն ժամանակ, Խոշտանգումների դեմ կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումներում հայտնել է, որ Հայաստանում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի ենթարկվելու դեպքերի քննության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է`
«(...)
դ) ամրապնդել Հատուկ քննչական ծառայության քննչական կարողություններն ու անկախությունը` ապահովելու համար, որ անհապաղ իրեն տրամադրվեն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր բողոքները, ներառյալ ազատությունից զրկված անձանց նման պնդումները, եւ որ բոլոր պնդումները խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ եւ արդյունավետ քննվեն, իսկ դրանց կատարման մեջ կասկածվողները պատշաճ կերպով ներկայացվեն դատարան, եւ նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում պատժվեն իրենց գործողությունների ծանրությանը համաչափ ձեւով, եւ որ Հատուկ քննչական ծառայությունը հրապարակավ տեղեկություններ հաղորդի ոչ միայն հարուցված քրեական գործերի, այլեւ հետապնդման արդյունքի մասին (...)»:
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի բացարձակ բնույթը: Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած մոտեցումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաեւ որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը: Մասնավորապես, արձանագրվել է, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վիճելի բողոքի» կամ «վստահելի հայտարարության» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում ծագում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ կատարելու քննություն, որի արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների:
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներից է քննություն իրականացնող մարմինների անկախությունը եւ անաչառությունը:
Վճռաբեկ դատարանն ընդգծել է նաեւ, որ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը ենթադրում է, որ քննությունը պետք է լինի արագ եւ մանրամասն: Դա նշանակում է, որ տեղի ունեցածը բացահայտելու նպատակով իրավասու մարմինները պետք է իրականացնեն լուրջ ջանքեր եւ քննությունն ավարտելիս կամ իրենց որոշումները պատճառաբանելիս չհենվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված եզրահանգումների վրա: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը եւ բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հաշվի առնելով քննության մանրամասն լինելու չափանիշին համապատասխանելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունների սպառիչ սահմանման անհնարինությունը, որպես այդպիսի քննության չափանիշներ են հանդիսանում «լուրջ ջանքեր գործադրելը» կամ «բոլոր ողջամիտ քայլերն իրականացնելը»:
Ամփոփելով խոշտանգման գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը Ալբերտ Ասլանի Հակոբջանյանի եւ Գագիկ Դավիթի Կարապետյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0172/11/17 քրեական գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ՝ «խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործերով առանցքային նշանակություն ունի ոչ թե ենթադրյալ զոհի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատումը, այլ այդ տեղեկատվության մանրամասն պարզման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համալիրը, որն օբյեկտիվ դիտորդի մոտ համոզիչ կերպով հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել դեպքի հանգամանքների վերաբերյալ: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարեւոր է համարում ընդգծել, որ իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաեւ քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ եւ գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով»:
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է նշել, որ խոշտանգումների դեպքերով քրեական գործի քննությունն իրականացնող կոնկրետ մարմինը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել, ի թիվս այլնի, այդ մարմնի ինստիտուցիոնալ եւ գործառութային անկախության հանգամանքով:
Ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորման հանգամանքով պայմանավորված քննարկվող գործերի քննությունը հանձնվել է ազգային անվտանգության մարմիններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է Վարչապետին, այն չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննական մարմիններն են քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինները:
Հաշվի առնելով այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է միայն կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննությունը, պետական եկամուտների կոմիտեն իր կարգավիճակով եւ գործառույթներով պայմանավորված չի կարող իրականացնել խոշտանգումների գործերով քննությունը, առավել նպատակահարմար է սահմանել, որ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունն իրականացնի ՀՀ քննչական կոմիտեն:
Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերին, ապա դրանք անհրաժեշտ է թողնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը՝ հաշվի առնելով նման գործերով նույն մարմնի կողմից քննություն իրականացնելու աննպատակահարմարությունը:
Առաջարկվող փոփոխություններով նույնական լուծումներ են տրվում նաեւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում:
Բացի այդ, վերոգրյալ հիմնավորումների համատեքստում վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածների քննության ենթակայության հարցը: Ներկայումս նշված գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական հանցագործությունների պարագայում եւս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն է ստանում, խնդրահարույց դրանցով նախաքննություն իրականացնելու լիազորությունը գործադիր իշխանությանը ենթակա մարմնին, այն է՝ ազգային անվտանգության ծառայությանը վերապահելը: Ուստի, նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը եւս նպատակահարմար է վերապահել ՀՀ քննչական կոմիտեին:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծերով առաջարկվում է՝
Նախագծերը կապված չեն համապատասխան ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների եւ ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում