Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-146-25.01.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՊՀ պետությունների հետ մշակույթի եւ թանգարանային բնագավառում համագործակցային հարաբերությունները խթանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ԱՊՀ կառույցի եւ անդամ պետությունների հետ մշակութային համագործակցությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության օրակարգում: Հայաստանն ակտիվ համագործակցում է ԱՊՀ պետությունների հետ մշակույթի բնագավառում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ուղղություններով:

3. Ակնկալվող արդյունքը

Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Համաձայնագրով Կողմերն ստեղծում են բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար: Կողմերը խրախուսում են Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության (հատուկ կարծիքով), Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության, Թուրքմենստանի Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. նոյեմբերի 17-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի Հանրապետության համար:

2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղեւոնդյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների:


ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առկա են դրույթներ (մասնավորապես՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածներ), որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Նախագիծը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ



ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոնայք,


Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն