Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-148-31.01.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 20-րդ կետում «դիտանցումների եւ» բառերը հանել.

2) 22-րդ կետում «սահմանում է» բառերից հետո լրացնել «հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝» բառերը.

3) 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային եւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

2) 2-րդ մասում «եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական, կենսաթոշակային եւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հանձնաժողովը կարող է ստանալ եւ լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:»:

Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1. «Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովը սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է 3 օրվա ընթացքում:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով:

Հոդված 7. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում «իրավախախտման փաստն ընդունելու եւ իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու» բառերը փոխարինել «իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու եւ իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու» բառերով:

Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «եւ տնտեսավարող» բառերը փոխարինել «կամ տնտեսավարող» բառերով.

2) «պատասխանատվությունից ազատելու» բառերը փոխարինել «տուգանքի չափը նվազեցնելու» բառերով:

Հոդված 9. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասում «քննության» բառը փոխարինել «քննարկման» բառով:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժը մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-92-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով Օրենքն ամբողջապես շարադրվել է նոր խմբագրությամբ:

Չնայած էական բարելավումներին՝ Օրենքի կիրառման արդյունքում վեր են հանվել Օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ եւ տեխնիկական բնույթի որոշակի վրիպակներ: Այսպես.

1. Մինչեւ Օրենքի գործող խմբագրության ուժի մեջ մտնելը Հանձնաժողովն ունեցել է լիազորություն Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմիններից, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանցից սահմանված ժամկետում ստանալու Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն: Օրենքի գործող խմբագրությամբ Հանձնաժողովն իրավունք ունի իր լիազորությունների իրականացման համար ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր եւ այլ տեղեկատվություն, բացառությամբ, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա: Օրենքի նշված կարգավորումը նպատակ է ունեցել սահմանափակելու Հանձնաժողովին ներկայացվող տեղեկատվության ծավալը, մասնավորապես՝ սահմանելով, որ Հանձնաժողովին չի տրամադրվում այնպիսի տեղեկատվություն, որը ենթակա չէ տրամադրման որեւէ անձի կամ պետական մարմնի, կամ այդպիսի տեղեկատվության տրամադրումը հնարավոր է միայն դատական ակտի հիման վրա: Սակայն, գործնականում առկա էին այնպիսի մեկնաբանություններ, որոնք «արգելված է օրենքով» ձեւակերպման տակ ներառում էին նաեւ գաղտնիք պարունակող տեղեկության տրամադրման ցանկացած սահմանափակում, քանի որ գաղտնիք համարվող տեղեկատվությունը պաշտպանված է երրորդ անձանց հասանելիությունից եւ ըստ այդմ դրանց տրամադրումն արգելված է օրենքով.

2. Հանձնաժողովն իր լիազորությունների իրականացման համար պետական մարմիններից, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանցից օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պարբերաբար պահանջում է անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր, որը լրացուցիչ վարչական ռեսուրսներ է պահանջում եւ՛ Հանձնաժողովից, եւ՛ վարչական այլ մարմիններից: Միաժամանակ, նշված տեղեկությունների մի մասը Հանձնաժողովը կարող է ստանալ եւ օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով, սակայն բացակայում է նման հնարավորության իրավական ամրագրումը.

3. Օրենքի գործող խմբագրությամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման փաստն ընդունելու եւ իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով: Սակայն, չհայտարարագրված եւ արգելված համակենտրոնակացումների դեպքում իրավախախտման հետեւանքները վերացնելու պայմանը գործնականում իրագործելի չէ.

4. Հանձնաժողովին օրենքով տրված է լիազորություն տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու կամ Հանձնաժողովի կողմից նախաձեռնություն դրսեւորվելու դեպքում սկսելու տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության ընդունման ընթացակարգ: Եզրակացություն ընդունելու ընթացակարգ սկսելու համար անհրաժեշտ է Հանձնաժողովի որոշման ընդունում, որը գործնականում անհարկի բարդացնում է եզրակացությունների ընդունման հարցը քննարկելու գործընթացի մեկնարկը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել առավել ճկուն կարգավորումներ՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունն ընդունման ընթացակարգ սկսելու համար.

5. Օրենքում առկա են մի շարք տեխնիկական վրիպակներ, ինչպիսիք են.

1) Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետում նշվում է «անդամ պետություններում» ձեւակերպումը, սակայն անհրաժեշտ է հստակ նշել, որ հոդվածի կարգավորումները վերաբերում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին.

2) Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում նշվում է, որ Հանձնաժողովը սահմանում է դիտանցումների եւ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը, մինչդեռ դիտանցում իրականացնելիս Հանձնաժողովի կողմից ապրանքներ ձեռք չեն բերվում.

3) Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը սահմանում է պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման եւ քննարկման կարգը, իսկ 23-րդ կետում նշվում է, որ Հանձնաժողովը սահմանում է տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը: Սակայն, Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ եւ 23-րդ կետերի կարգավորումները վերաբերում են միայն հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման, քննարկման եւ տուգանքի չափի նվազեցման կարգերին.

4) Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ խառը համակենտրոնացումը եւ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը թույլատրվում է պարզեցված ընթացակարգով, եթե առերեւույթ բացակայում են համակենտրոնացումը մերժելու հիմքերը: Սակայն, օրենքի 70-րդ հոդվածում նախատեսված են հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու հիմքերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել շտկել Օրենքում առկա տեխնիկական եւ այլ բնույթի խնդիրները:

2. Կարգավորման նպատակը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է.

1) հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը.

2) նախատեսել Հանձնաժողովի կողմից պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվություն ստանալու եւ լիազորությունների իրականացման ընթացքում օգտագործելու հնարավորություն.

3) չհայտարարագրված եւ արգելված համակենտրոնակացումների դեպքում սահմանել արագացված վարույթի կիրառման առանձնահատուկ պայմաններ.

4) նախատեսել եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, մասնավորապես՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսել եզրակացության ընդունման ընթացակարգ՝ առանց եզրակացություն ընդունելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման առկայության.

5) շտկել Օրենքում առկա վրիպակներ եւ տեխնիկական բնույթի այլ խնդիրներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կվերանան արձանագրված տեխնիկական բնույթի խնդիրները եւ նախադրյալներ կստեղծվեն Հանձնաժողովի գործունեություն առավել արդյունավետ իրականացման համար:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն