Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը եւ դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն իսկ ձեւավորման եւ Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման պայմաններում մշակվել է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որով նախատեսվում է կատարել համապատասխան փոփոխություններ եւ «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով:
Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է Հակակոռուպցիոն կոմիտեի համար մատչելի դարձնել Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունների ստացումը, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկության ստացումը, այդ թվում՝ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի), անվանական արժեքի, քանակի, տեսակի եւ դասի, թողարկողի, բաժնետոմսերով իրականացված գործարքների, բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների, թողարկողի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ Օրենքի 197-րդ հոդվածի իմաստով Հայաստանյան անվանատերերին եւ Օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկությունների ստացումը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի լիիրավ գործունեության ապահովման հրամայականով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում՝ նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանելով Հակակոռուպցիոն կոմիտեի համար:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:
5. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագիծն առնչվում է Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրին, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված եւ անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձեւավորմանը ուղղված միջոցառմանը: Նախագիծն առնչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.5 կետին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում