Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-151-01.02.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը.

2) 2-րդ մասում «աշխատողները» բառից հետո լրացնել «անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով» բառերը, իսկ «հաշմանդամ չի ճանաչվում, բայց» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 2-րդ մասում եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ մասից հանել «կամ հաշմանդամության խումբ սահմանելու» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը: Հարկ է նկատի ունենալ, որ իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կարող է հաշմանդամություն սահմանվել ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է, կամ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայության դեպքում, այլ, օրինակ, ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման, կամ անորոշ կանխատեսումով, որոնց դեպքերում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կարող է չսահմանափակվել, ավելին, վերականգնման հեռանկարի բացակայությամբ ախտաբանական վիճակների դեպքում հաշմանդամությունը կարող է սահմանվել նաեւ անաշխատունակության ժամանակահատվածում եւ անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը:

Այսպիսով, հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն եւ անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում, ինչպես նաեւ հնարավոր են դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հաշմանադամության սահմանման հարց չառաջանալ:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել՝ լուծելու համար իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումըչկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:

Բացի այդ, գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կկանոնակարգվել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

5. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո՝ 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն