Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-152-02.02.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-185 հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ նոր բովանդակությամբ.

«8) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով: Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու հնարավորությունը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչների: Հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել մեկից ավելի անգամ, ընդ որում՝ որպես ընդլայնում տրամադրվող հողամասերի մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել ընդլայնվող հողամասի՝ մինչեւ առաջին անգամ ընդլայնվելը պետական գրանցում ստացած հողամասի մակերեսը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, քննարկումը եւ դրանց լուծման համար համապատասխան կառուցակարգերի մշակումը: Աշխատանքային խմբի նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթ: Հերթական նիստի ընթացքում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեց խնդիր կապված հողամասերի ընդլայնման հետ:

Մասնավորապես, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն: Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերջին պարբերությունը նախատեսում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որը ըստ էության նախատեսված երկրորդ սահմանափակումն է:

Վերլուծելով նշված սահմանափակումները եւ դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա պարզ է դառնում, որ սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունենում գործնականում կառուցապատման բնագավառի զարգացման վրա: Նշվածը պայմանավորված է նրանով, որ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել, այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, ծախսելով դրա վրա իրենց թե ֆինանսական եւ թե ժամանակային ռեսուրսները: Երկրորդ սահմանափակման վերացումը նույնպես պայմանավորված է կառուցապատողին, իրեն իսկ սեփականության իրավունքով պատկանող, հողամասը ընդլայնելու մեկից ավել հնարավորության տրամադրման անհրաժեշտությամբ: Քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ կառուցապատողը զրկված է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում գործարար միջավայրի վրա:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտների նվազեցումը եւ գործարար միջավայրի բարելավումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Կառուցապատման գործընթացի պարզեցում եւ հստակեցում, սեփականատերերի  իրավունքների համապարփակ կիրառման հնարավորության ապահովում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից: Սույն նախագծի նպատակն է՝ խթանել կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտների նվազեցումը եւ գործարար միջավայրի բարելավումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն