Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են քրեական իրավունքի գործիքակազմով Սահմանադրությամբ երաշխավորված կարեւորագույն արժեքների` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության պաշտպանությանը դրա դեմ ուղղված ուղղակի եւ անուղղակի գործողություններից:
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մի կողմից` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի առանձին հատվածներ դարձել են թշնամական պետության զինված հարձակումների թիրախ, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերաբերյալ ՀՀ առանձին պաշտոնատար անձանց եւ քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչների երկիմաստ հայտարարություններն ամրապնդում եւ դեռ մի բան էլ խրախուսում են թշնամական պետության մտադրությունն` առանց որեւէ իրավական հիմքի ՀՀ ինքիշխան տարածքի որոշ հատվածներ իրենց վերահսկողության տակ վերցնելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու ոչ շահեկան, ՀՀ անվտանգային շահերը ոտնահարող, ՀՀ քաղաքացիների կյանքի եւ առողջությանը լրջագույն սպառնալիք հանդիսացող եւ պետական կառավարման համակարգի էֆֆեկտիվ գործունեությունը խաթարող պարտավորություններ, այդ թվում` սահմանազատման եւ սահմանագծան հարցերով:
Խնդիրն առավել քան մտահոգիչ է, քանի որ որոշ պաշտոնատար անձանց կողմից նման մտքերի արտահայտումը կարող է օգտագործվել ՀՀ-ի դեմ բանակցային գործընթացի ցանկացած փուլում, ինչը անթույլատրելի է:
Ակնհայտ է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգված են, եւ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի իր տարածքի ամբողջականությունը երաշխավորելը եւ թշնամական պետության կողմից որդեգրված հակահայկական քաղաքականության եւ դրա իրագործման կանխելը:
Քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապաստախան արարքների կոնկրետացումը եւ քրեականացումն առնվազն ներպետական իրավունքի մակարդակում կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսեւորման ապալեգալացմանը, պրեվենտիվ նշանակություն կունենա այսպիսի հանրային վտանգավոր արարքների կատարման նկատմամբ, ինչն էլ իր հերթին կերաշխավորի ՀՀ բանակցային դիրքերի կայունությունը եւ դրա դեմ ուղղված գործողությունների կանխումը:
Անհրաժեշտ է նշել, որ սահմանադրաիրավական կարգավորումները անհրաժեշտ, բայց ոչ ամբողջական են ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեքորեն երաշխավորելու համար, քանի որ սահմանադրական նորմերի խախտումները կարող են վտանգել տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, եթե ապահովված չեն գործուն, տվյալ դեպքում` քրեաիրավական հակազդեցության համարժեք գործիքակազմով:
Գործող քրեական օրենսգիրքը նույնպես որդեգրել է այս հայեցակարգային մոտեցումը, սակայն դրանում առկա քրեորեն պատժելի արարքների նկարագրությունը բավարար չափով սպեցիֆիկացված չէ. չկա մասնավորեցում եւ որոշակիություն կոնկրետ հանցակազմերի եւ դրանց առանձին դրսեւորումների վերաբերյալ. հանցակազմերի ընդհանրական ձեւակերպումներից ուղղակիորեն չի հետեւում, որ ՀՀ տարածքի առանձին մասերի վերաբերյալ Սահմանադրության խախտմամբ ձեռնարկվող առանձին գործողություններ կամ հայտարարություններ, որոնք փոխկապակցված չեն բռնության կամ դրա սպառնալիքի հետ, քրեորեն պատժելի են որպես տարածքային ամբողջականության խախտմանը կամ դրա արդարացմանը ուղղված արարքներ, այլ ոչ թե, օրինակ` որպես լիազորությունների չարաշահում այսինքն, ընդ որում` այդ հանցագործության համար սահմանված պատժաչափերը, այդ թվում` տուգանքի չափը, ակնհայտորեն համարժեք չեն լինի այդպիսի արարքի ծանրությանը, հանրային վտանգավորության աստիճանին եւ հետեւանքներին: Նույնը վերաբերում է նույնպես պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն հանդիսացող` պետական լիազորություններն անցնելուն:
Նախագծով առաջարկվում է`
1) Քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
2) Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով: Տվյալ նախագծով քրեականացվող արարքի հանրային վտանգավորությունը կայանում է պետության եւ դրանով իսկ պետական անվտանգության դեմ կատարված այնպիսի հրապարակային արտահայտությունները կամ դրանց քարոզն ու արդարացումը, որոնք կարող են հանգեցնել պետության եւ դրա անվտանգային համակարգերի արդյունավետ աշխատանքի խափանմանը, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական կարգի հիմունքներին եւ դրանց երաշխավորմանը:
Հաշվի առնելով, որ նկարագրված հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող արարքները կարող են հանդիսանալ լուրջ սպառնալիք ՀՀ ազգային անվտանգության համար, սույն գործերով որպես նախաքննական մարմին նախագծի փաթեթով առաջարկվում է սահմանել ՀՀ ԱԱԾ-ին: