Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-076-27.10.2021,07.02.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում «իրականացման կարգը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների քննության կարգը,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով՝ սույն օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սույն օրենսգրքի 31.7-րդ գլխով սահմանված հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերով վարույթի շրջանակներում առաջացել է անհրաժեշտություն պարզել լրացուցիչ հանգամանքներ կամ ստանալ տեղեկություններ:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.7-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 31.7

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.20 Հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար հարկային մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները:

Հոդված 222.21 Դիմումին ներկայացվող պահանջները եւ կցվող փաստաթղթերը

1. Սույն օրենսգրքի 222.20-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձեւակերպվում է գրավոր եւ բովանդակում է.

1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան,

2) Դիմողի անվանումը եւ հասցեն,

3) Դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը,

4) Դիմումի էության հակիրճ նկարագրությունը,

5) Այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում տեղեկատվություն տրամադրելու սահմանված պահանջը եւ հիմնավորում առ այն, որ օտարերկրյա իրավասու մարմնի կողմից հայցվող տեղեկատվությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին եւ առկա չեն դրանցով սահմանված տեղեկություն տրամադրելու մասին հարցման մերժման հիմքերը,

6) դիմողի պահանջը հիմնավորող փաստարկները,

7) դիմողի պահանջը,

8) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են դիմումին,

9) հարցման մեջ նշված անձին նույնականացնող տվյալները, կամ խմբային հարցման դեպքում՝ խմբի մանրամասն նկարագրությունը` խմբի մեջ մտնող անձանց նույնականացնող տվյալները եւ այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել խմբային հարցում անելու համար,

10) Դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը:

Դիմումը ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը:

2.Դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու մարմնի հարցման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

Հոդված 222.22 Դիմումի քննությունը

1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:

2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.21-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձեւական սխալները վերացնելու եւ որոշումը ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով՝ դռնփակ դատական նիստում:

4. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 15 օրյա ժամկետում:

5. Վարչական դատարանը իրավասու է ոչ ավել, քան եռօրյա ժամկետով կասեցնել գործի վարույթը, եթե անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հանգամանքներ պարզել կամ տեղեկություններ ստանալ: Սույն մասով սահմանված կասեցումը ենթակա չէ բողոքարկման: Վարչական դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը վերսկսելու մասին, եթե վերացել են կասեցումն առաջացրած հանգամանքները՝ այդ մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնելով դիմողին:

Հոդված 222.23 Դատական ակտերը

1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.

1) Հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը:

2) Հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե

ա. օտարերկրյա իրավասու մարմնի պահանջը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին.

բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կհանգեցնի առեւտրային այնպիսի գաղտնիքի բացահայտման, որը տնտեսական արժեք ներկայացնելու ուժով կարող է շահագործվել եւ որի չթույլատրված օգտագործումը կարող է հարկատուին պատճառել էական վնասներ.

գ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կհանգեցնի այնպիսի փաստաբանական գաղտնիքի, ծառայողական տեղեկատվության կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման, որը իրենից ներկայացնում է գաղտնի հաղորդակցություն փաստաբանի կամ իրավաբանական ծառայություններ մատուցող անձի եւ հաճախորդի միջեւ եւ որը իրականացվել է իրավաբանական խորհրդատվություն կամ ներկայացուցչություն հայցելու, տրամադրելու կամ ապահովելու նպատակով,

դ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ հանգեցնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման,

2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հայցվող տեղեկատվության տրամադրման ձեւը եւ ժամկետները:

3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում եւ օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո:

4. Վարչական դատարանը դատական ակտը ուղարկում է հարկային մարմնին եւ այդ մասին ծանուցում է այն անձին կամ խմբին, ում վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ խմբին չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել օտարերկրյա իրավասու մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացմանը եւ երաշխավորելով, որ.

1) հարկային մարմինը օտարերկրյա իրավասու մարմնին ներկայացնելու է պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ խմբին հասանելի դարձնելու վերաբերյալ,

2) դատական ակտը կայացնելու օրվանից երեք տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետում հարկային մարմինը դատական ակտը ուղարկելու է այն անձին կամ խմբին, ում վերաբերյալ կայացվել է դատական ակտը:

5. Այն անձը, ում վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով:

6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ եւ գործը քննում է 10-օրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: