Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-158-07.02.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր եւ դրա իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«1) մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով: Սույն օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաեւ շահագործման նպատակով երեխային կամ անօգնական վիճակում գտնվողին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի՝ պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.»,

2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետ՝

«1.1) անօգնական վիճակում գտնվող՝ անձ, որն իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը.»,

3) 5-րդ կետում «հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ» բառերը փոխարինել «անօգնական վիճակում գտնվող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագրում «սահմանափակումը» բառից հետո լրացնել «եւ լրագրողական մրցանակաբաշխության հայտարարումը» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մաս՝

«2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով՝ յուրաքանչյուր տարի հայտարարվում է լրագրողական մրցանակաբաշխություն: Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.

«5. Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «հոգեկան խանգարման առկայության» բառերը փոխարինել «անօգնական վիճակում գտնվելու» բառերով:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր.

«2.1. Սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2.2. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները պարտադիր են զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների եւ կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում «Հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված» բառերը փոխարինել «Անօգնական վիճակում գտնվող» բառերով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը՝ 2023 թվականի առաջին եռամսյակում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նախատեսել անհրաժեշտ լիազորող նորմեր, որոնց հիման վրա կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ եւ Հայաստանի Հանրապետության աշխատանի եւ սոցիալական հարցերի նախարարի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամաններ: Լիազորող նորմերի անհրաժեշտությունը բխում է գործնական անհրաժեշտությունը եւ իրավական բացը լրացնելու պահանջից: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը, որն ընդունելիս որպես լիազորող նորմ ներկայացվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդհանրապես, այլ ոչ թե կոնկրետ հոդվածը կամ հոդվածի մասը:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու եւ լրագրողներին քննարկվող թեմայով գրագետ հոդվածներ, տեսանյութեր պատրաստելու խրախուսման նպատակով յուրաքանչյուր տարի հայտարարում է լրագրողական մրցանակաբաշխություն, սակայն մրցանակաբաշխությունն իրականացվում է խիստ կամայական, հայեցողական տարբեր մոտեցումներով, անգամ մասնագիտական տեսանկյունից ոչ բավարար չափով:

Նույնացման հանձնաժողովի կողմից տարբեր անձինք նույնացվում են որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, օրինակ՝ 2015-2016 թվականներին նույնացվել է 24 անձ, 2017 թվականին՝ 11 անձ, 2018 թվականին՝ 9 անձ, 2019 թվականին՝ 8 անձ, 2020 թվականին՝ 9 անձ: Սակայն հստակ ցուցիչներ, որոնք հիմք են տալիս օբյեկտիվորեն անձին ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ Հայաստանում սահմանված չեն:

Չնայած մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանված են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշմամբ, սակայն համապատասխան լիազորող նորմ օրենքում ամրագրված չէ:

Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվում է տարաբնույթ սոցիալական աջակցություն, եւ դրա մի մասը հստակ կարգավորված է, օրինակ՝ անվտանգ վերադարձի կազմակերպումը, միանվագ դրամական փոխհատուցման տրամադրումը եւ այլն: Սակայն, կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանված չեն Հայաստանի Հանրապետությունում, ինչից ելնելով փաստացի վերահսկելի չէ թե՛ քանակակական, թե՛ որակական անհրաժեշտությունից, սակայն այդ հիմնախնդիրներն էական ազդեցություն են ունենում տրամադրվող ծառայությունների որակի վրա:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացմանը եւ աջակցությանն առնչվող հիմնական իրավահարաբերությունները, սակայն հարցերի մի մասը թողնվեց ենթաօրենսդրականա կարգավորման կամ իրավակիրառ պրակտիկայի ձեւավորմանը: Օրենքի գործունեության վեցամյա պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայումս մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության հարցերը դեռ վերանայման եւ հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է գործողությունների ազգային 6 ծրագրեր: Դրանք են՝

1) Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման եւ առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում),

2) Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում),

3) Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում),

4) Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում),

5) Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726-Ն որոշում),

6) Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշում):

Ինչպես երեւում է 2019 թվականի համար գործողությունների ազգային ծրագիր առհասարակ չի նախատեսվել, իսկ ընդունված ծրագրերը եղել են եռամյա:

Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի եւ դրան կից՝ «Ցամաքով, ծովով եւ օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման, արգելման եւ պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունների (2003թ.), Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (2008թ.), ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (2005թ.) եւ «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին» թիվ 182 (2006թ.) կոնվենցիաների պահանջներին եւ առաջարկվող մեխանիզմներին համապատասխան մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացումը (շահագործման յուրաքանչյուր ձեւի առանձնահատկություններին համապատասխան), նրանց տրամադրվող աջակցությունն ու օգնությունը պետք է լինեն որոշակի, չափելի եւ վերահսկելի: Յուրաքանչյուր զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, եւ նա իրազեկվի նույնացման չափորոշիչների, նրան՝ որպես թրաֆիքինգի զոհ նույնացնելու դեպքում տրամադրվող աջակցության ծավալի, տեւողության, պայմանների, չափանիշների եւ այլ մանրամասների մասին: Այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանելու դեպքում, այն ոչ միայն կհանրայնացվի ու հասանելի կդառնա բոլորի համար, այլ նաեւ որոշակիություն ու կոնկրետություն կձեւավորի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի ու հատուկ կատեգորիայի զոհերի մոտ:

Հաշվի առնելով, որ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է, եւ նրա կայացված որոշման հիման վրա է նույնացված զոհը ստանալու օրենքով նախատեսված համապատասխան աջակցությունը եւ պաշտպանությունը, հետեւաբար կայացվող որոշումները պետք է լինեն որոշակի, կանխատեսելի ու հիմնավորված: Ավելին, հաշվի առնելով որ այդ նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, հնարավոր է, որ նրանք ունենան էական հակասություններ անձին նույնացման գործընթացում, քանի որ այդ ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր չափորոշիչները կամ չափանիշները երեւույթը որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում դիտելու եւ հետեւաբար այդ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու կամ չճանաչելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջազգային տարբեր կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Միգրացիայի միջազգային կազմակերպություն եւ այլն, կազմել են ուղենիշային ցուցանիշներ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման կամ դրա առանձին դրսեւորումների ցուցանիշներ եւ ցուցիչներ, որոնք պետությունները նույնացնելով դարձնում են կիրառելի իրենց տարածքում:

Սոցիալական աջակցության տրամադրման որակի չափորոշիչների անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին որակյալ ծառայություններ տրամադրելու, այդ ծառայությունները տրամադրող կազմակերպություններին ընտրելու որոշակիություն ապահովելու եւ դրանով իսկ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին երկրորդային զոհականացումից պաշտպանելու ու հասարակություն վերաինտեգրումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների մեծ դերը տարբեր երեւույթների, այդ թվում նաեւ՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարը լուսաբանելու հարցում, լրագրողներին խրախուսելը եւ դրանով որակյալ լրագրողական նյութեր ունենալը, խիստ կարեւորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ընդհանուր աշխատանքներում:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից, եւ որով մարդկանց թրաֆիքինգը եւ շահագործումը սահմանվել է այլ կերպ, քան գործող քրեական օրենսդրության խմբագրությունն է: Մասնավորապես, սահմանվել է, որ մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով:

Բացի այդ վերանայվել է շահագործման հասկացությունը՝ ավելացնելով՝ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը:

ՀՀ քրեական նոր օրենսգիրքը հրաժարվել է նաեւ «հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ» հասկացությունից՝ փոխարինելով այն «անօգնական վիճակում գտնվող» հասկացությամբ եւ սահմանելով, որ անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, որն իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը, ինչպես նաեւ 12 տարին չլրաշցած անձը:

Ելնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի կարգավորումներից եւ հիմք ընդունելով այն, որ Օրենքի գործող խմբագրությունը վերարտադրել է ՀՀ քրեական գործող օրենսգրքի կարգավորումները, միաժամանակ հետապնդելով իրավական ակտերի եւ դրանցում կիրառվող եզրույթների միասնականացման նպատակ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ այս համատեքստում: Սահմանվում է նաեւ, որ եզրույթների նույնականացմանը վերաբերող նորմերն ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ, այսինքն՝ 2022 թվականի հուլիսի 1-ին:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով կսահմանվեն անհրաժեշտ 5 լիազորող նորմեր, որոնք միտված կլինեն բարձրաձայնված հարցերն արդյունավետորեն լուծելուն:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպեման եռամյա ազգային ծրագիրը եւ դրա իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների անընդհատությունն ապահովելու համար (2019 թվականին եղել է ընդհատում), այդ որոշումների ընդունման լիազորումը սահմանելու եւ դրանով իսկ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ եւ որակապես նոր մակարդակի վրա դնելու համար առաջարկվում է 3 տարին մեկ ընդունել համապատասխան ազգային ծրագրեր եւ դրանց իրականացման ժամանակացույցեր:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն եւ կազմակերպում է դրա անցկացումը, որն առավել արդյունավետ կազմակերպելու, գործնականում առաջացած բարդություններն ու խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է հաստատել համապատասխան կանոնակարգը, որն առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ որպես այդ նախարարության կողմից իրականացվող միջոցառում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը համակարգման եւ որոշակիության կարիք ունի, նույնացման հստակ չափորոշիչների սահմանումը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաեւ կբացառի կոռուպցիոն դրսեւորումներն, ինչպես նաեւ կընձեռի հնարավորություն պաշտպանվել զոհին կամայական որոշումներից: Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչներն առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով, քանի որ այդ նախարարության ենթակայության ներքո է գործում Նույնացման հանձնաժողովը, եւ այդ հանձնաժողովի նախագահը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:

Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության ձեւերից կանոնակարգման կարիք ունեն կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, ձեւերը, քանի որ մյուս ձեւերը վերաբերում են այն ոլորտների, որոնք ունեն ընդհանուր ներոլորտային կանոնակարգումներ (օրինակ՝ բժշկական օգնությունը եւ սպասարկումը, թարգմանչական ծառայությունների մատուցումը, օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովումը, միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովումը, աշխատանքի ապահովումը) կամ կարգավորված են առանձին իրավական ակտերով (անվտանգ վերադարձի կազմակերպումը, միանվագ դրամական փոխհատուցում): Այն փաստը, որ անվտանգ վերադարձի կազմակերպումը եւ միանվագ դրամական փոխհատուցումը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (համապատասխանաբար՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի անվտանգ վերադարձի կազմակերպման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի ապրիլի 6-ի N 353-Ն եւ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշումները) միատեսակությունն ապահովելու տեսանկյունից հիմք է հանդիսացել առաջարկել զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշումն արդեն սահմանում է Նախագծով ներկայացվող լիազորող նորմերից մեկում ամրագրված կարգավորումը, սակայն այդ լիազորող նորմով ներկայացում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշման կապն օրենքի հետ:

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո, անհրաժեշտություն կառաջանա ընդունել 2 հրաման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1 որոշում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն եռամյա ազգային ծրագիրը եւ դրա իրականացման ժամանակացույցը, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Բացի այդ, հիմք ընդունելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի կարգավորումները՝ իրականացվելու է եզրույթների միասնականացում:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն այն լիազորող նորմերը, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել հետեւյալ իրավական ակտերը՝

1)  Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպեման 2023-2025 թվականների ազգային ծրագիրը եւ դրա իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը (լիազորորղ նորմի ձեւակերպումից բխում է, որ այն ընդունվելու է երեք տարին մեկ պարբերաբար),

2)  Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանը,

3)  Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանը,

4)  Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.

5)  Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշումը (փաստացի ընդունված է):

6)  Օրենքը համապատասխանեցվում է ՀՀ քրեական նոր օրենսգրքին:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Վորդ Վիժն - Հայաստան» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշումից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն