«55) օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը եւ տարածքային դիրքը գնահատված են ուղղակի եւ անուղղակի տվյալների, ինչպես նաեւ ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4 մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.4 Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների եւ կանխատեսումային ռեսուրսների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների պահանջներին, կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների մասին տեղեկացնում է դիմումատուին նյութերի լրամշակման նպատակով՝ սահմանելով լրամշակման համար հետեւյալ ժամկետային սահմանափակումները.»:
Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը.»:
Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ հողամասի հատկացում» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների սահմանումը.»,
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-րդ կետով.
«27) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների սահմանումը.»:
Հոդված 6. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը
1. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, արգելվում է:
2. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն Օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 23-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դիմումը պետք է ներառի՝
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) նշում՝ փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.
3) փոխանցման արդյունքում ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող իրավաբանական անձի (այսուհետ՝ «ձեռք բերող իրավաբանական անձ») պետական գրանցման համարը, նշում այդ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.
4) ձեռք բերող իրավաբանական անձի հավաստումը հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման վերաբերյալ.
5) ձեռք բերող իրավաբանական անձի՝ հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ ձեռք բերող իրավաբանական անձի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7) ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը եւ դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
8) ձեռք բերող իրավաբանական անձի ֆինանսական առաջարկները եւ երաշխիքները, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ եւ գործառնական ծախսերի վերաբերյալ.
9) ձեռք բերող իրավաբանական անձի՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.
10) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում՝ նաեւ բնապահպանական միջոցառումների մասին.
11) հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:» :
Հոդված 8. Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1. մասով.
«4.1. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 24-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության եւ այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «պաշարների» բառից հետո լրացնել «գնահատման կամ» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետում «օբյեկտ է» բառերից հետո լրացնել «,բացառությամբ, եթե տվյալ օբյեկտի ընդերքօգտագործման իրավունքի կրողը դիմումատուն է եւ տվյալ հանքավայրի պաշարներն արդեն հաստատվել են իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում.»:
Հոդված 13. Օրենսգրքի 55-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին հոդված՝
«Հոդված 55.1. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգումը անհաղթահարելի ուժի հիմքով
«1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները:
2. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում, այդ հիմքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների ծագման պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում ընդերքօգտագործողի՝ լիազոր մարմին ներկայացված դիմումը քննարկման ենթակա չէ:
4. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են՝
1) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տեւողությունը եւ դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ փոփոխված ժամանակացույցով նախագիծը.
2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման դեպքում՝ սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տեւողությունը եւ դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ փոփոխված ժամանակացույցով երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով ներկայացվող փոփոխված ժամանակացույցով նախագիծը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված:
6. Դիմումը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է որոշում՝ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դիմումը բավարարելու դեպքում միաժամանակ փոփոխվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների գործողության ժամկետով:
9. Դիմումը մերժվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների եւ ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում:»:
Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետից հանել «եռամսյակային եւ» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում «նախնական գնահատված եւ կանխատեսումային պաշարները,» բառերը փոխարինել «նախնական գնահատված պաշարները եւ կանխատեսումային ռեսուրսները,» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաեւ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման եւ այլ անհաղթահարելի ուժի» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 55.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:
Հոդված 17. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգին առնչվող իրավակարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցման համար ներկայացված դիմումների վրա:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները (բացառությամբ՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման) տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում: Սույն մասում նշված դեպքերում ընդերքօգտագործողները Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը լիազոր մարմնին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 55.1-ին հոդվածի 5-րդ մասը տարածվում է Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասի վրա:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.
1) Կառավարությունը հաստատում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձեւերը եւ լրացման ուղեցույցները.
2) ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմինը հաստատում է.
ա. օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները,
բ. պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումները:
5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1) Ներկայումս Ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 22-րդ հոդվածը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանելով, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձի՝ օգտագործման իրավունքով արգելվում է:
Քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է տնօրինման իրավունքի ընդհանուր հասկացությունը, համաձայն որի՝ տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Նշված երկու դրույթների վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ անձը կարող է տնօրինել իր ընդերքօգտագործման իրավունքը, այն է՝ ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված կարգով որոշել իր ընդերքօգտագործման իրավունքի ճակատագիրը:
Միեւնույն ժամանակ, Օրենսգրքի 22-24-րդ հոդվածները կարգավորում են ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման կարգը: Մասնավորապես, Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ:
Վերոնշյալ դրույթների համապարփակ ուսումնասիրությունից կարելի է եզրահանգել, որ Օրենսգրքի 24-րդ հոդվածը մասնավորեցնում է Օրենսգրքի 22-րդ հոդվածով նախատեսված ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման դեպքերը՝ հստակ սահմանելով, որ վերջինս կարող է փոխանցվել առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված չէ, ինչպես նաեւ՝ ընդերքօգտագործման իրավունքի տնօրինումը հնարավոր է միայն առանձնացման կամ բաժանման ձեւով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եղանակով, ուստի ընդերքօգտագործման իրավունքի օտարումը միայն Օրենսգրքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կարող է դիտարկվել, որպես ընդերքօգտագործման իրավունքի տնօրինման սահմանափակում:
2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ հանրապետությունում հայտարարվել էր ռազմական դրություն: Պատերազմի հետեւանքով պետությունը հայտնվեց անկանխատեսելի իրավիճակում, որով պայմանավորված ծագեցին պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը, ապահովվել էր «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով եւ ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված կարող էին ծագել պարտավորությունները օրենքով սահմանված ժամկետներում իրականացնելու հետ կապված խնդիրներ:
Նման իրավիճակի համար սակայն, օրենսդիրը ամբողջական լուծումներ չէր կանխատեսել:
Միեւնույն ժամանակ, ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման ժամկետները օրենսդրությամբ հստակ են, երբեմն՝ սեղմ, իսկ դրանց չպահպանումը հանգեցնում է բացասական հետեւանքների՝ ընդհուպ մինչեւ օրենքով սահմանված կարգով ընդերօգտագործման իրավունքի դադարեցման:
Անհաղթահարելի ուժի հետեւանքով ընդերքի մասին օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը որպես ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հիմք նախատեսված չէ: Արդյունքում, այն դեպքերում, երբ ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման համար առաջացել է անհաղթահարելի ուժ՝ արտակարգ եւ անկանխելի հանգամանքներ, որոնք անկախ գործադրված ջանքերից, խոչընդոտել են ընդերքօգտագործողի պարտավորությունների պատշաճ կատարմանը (օրինակ՝ հայտարարված ռազմական դրության կամ ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման համար անհաղթահարելի ուժ հանդիսացող այլ հանգամանքներ՝ քաղաքացիական զանգվածային անհնազանդություն (բողոքի ակցիաների տարբեր դրսեւորումներ, որոնց արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները), տարերային աղետներ եւ այլն, ընդերքի մասին օրենսդրության առկա իրավակարգավորումների պարագայում հնարավոր չի լինում անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների գործողության ողջ ժամկետով երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը:
3) Գործող օրենսգրքով սահմանված է միայն օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձեւը եւ հաշվետվությունները ներկայացվում են առանց ուղեկցող տեքստի, պարզաբանումների, որը հնարավորություն չի տալիս գնահատելու ներկայացված հաշվետվության արժանահավատությունը, բացի այդ ներկայումս լիազոր մարմնին օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ ներկայացնում են միայն պինդ օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունները: Տարեկան հաշվետվությունն ընդերքօգտագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացվում է համաձայն՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշմամբ հաստատված ձեւի: Նշված որոշման մեջ ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 63-Ն որոշմամբ փոփոխությունների կատարմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել եռամսյակային հաշվետվությունների ձեւը: Գործող որոշման մեջ սահմանված ձեւն իրենից ներկայացնում է միայն աղյուսակային հաշվետվություն՝ օգտակար հանածոյի արդյունահանման մասով ամփոփ տեղեկությունների ներկայացմամբ, առկա չեն պաշարների հաշվեկշռի վարման համար ամփոփ ցուցանիշների առավել մանրամասն բացատրագրերի եւ այլ հավելվածների ու հիմնավորումների ներկայացման հստակ պահանջներ, ինչն անհրաժեշտ է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 65-րդ հոդվածի (ընդերքի պահպանության հիմնական պահանջները) 1-ին մասին 3-րդ կետով սահմանված՝ օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովման նպատակով:
4) Նախագծով նախատեսվում է տարանջատել Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով սահմանված՝ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ մեթոդական ցուցումների սահմանումը: Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով ամրագրվում է օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների սահմանումը, իսկ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում լրացվում են նոր 27-րդ կետ:
5) Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն եւ հողամասի հատկացում չի պահանջվում: Նախագծով առաջարկվում է սույն հոդվածի 2-րդ մասից հանել «եւ հողամասի հատկացում» բառերը, հաշվի առնելով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հաշվառման եւ հողային կադաստրում գրանցման անհրաժեշտությունը:
6) Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ, 63-րդ հոդվածի 10-րդ մասերում սահմանված է «կանխատեսումային պաշարներ» եզրույթը, որը նախագծով փոխարինվում է «կանխատեսումային ռեսուրսներ» եզրույթով, հաշվի առնելով, որ օգտակար հանածոյի պաշարները, դրանք օգտակար հանածոյի կուտակումներն են, որոնց ծավալը, քանակը, որակը եւ տարածքային դիրքն ու ձեւը որոշված են, իսկ կանխատեսումային ռեսուրսները՝ օգտակար հանածոյի առկայությունն է, որի քանակը, որակը եւ արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
1) Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 24-րդ հոդվածը, Օրենսգրքի 22-րդ հոդվածը վերնագրել «Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը» եւ նշյալ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ:
Առաջարկվում է Օրենսգրքի 22-րդ հոդվածը խմբագրել՝ նախատեսելով, որ ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերում՝ իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի հիման վրա:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ընդերքօգտագործման իրավահարաբերությունների հանրային-իրավական բնույթը եւ ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման, իրացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները, նախագծով նախատեսվում է, որ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվի լիազոր մարմնի համաձայնությամբ: Հարկ է ընդգծել, որ իրավաբանական անձի վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքերը ռիսկային են եւ պահանջում են համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն՝ հավաստելու համար, որ վերակազմակերպված ընդերքօգտագործողը կկարողանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրացնել իր ընդերքօգտագործման իրավունքը եւ կատարել ընդերքօգտագործման պարտավորությունները:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 23-րդ հոդվածը վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգին, ուստի առաջարկվում է Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ անձը, որը մտադիր է սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում փոխանցել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման մասին դիմում:
2) Նախագծով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 55.1-ին հոդվածով, համաձայն որի՝ կկարգավորվի անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով, այդ հանգամանքների գործողության ժամկետով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երակարաձգման հետ կապված իրավահարաբերությունները, ինչը հնարավորություն կտա ընդերքօգտագործող ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել կամ ոչ պատշաճ էին կատարվել աշխարհում եւ ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի եւ արտակարգ պայմաններում, որոնք ազդեցություն ունեցան նաեւ ընդերքօգտագործման պարտավորությունների կատարման վրա:
Հաշվի առնելով, որ նշյալ իրավակարգավորումը չի վատթարացնում, այլ հակառակը՝ բարելավում է օրենքի կարգավորման շրջանակում գտնվող սուբյեկտների իրավական վիճակը, օրենքին տրվել է հետադարձ ուժ վերջին 4 տարիների համար՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը եւ վերջին տարիներին մեր հանրապետությունում տիրող իրավիճակը (քաղաքացիական զանգվածային անհնազանդություն, պատերազմ եւ այլն): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող նախագծում տրվում է «անհաղթահարելի ուժ» հասկացությունը, իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից միանման սահմանում ունենալու նպատակով Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում եւ 68-րդ հոդվածում եւս կատարվել են փոփոխություններ:
3) Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը տրվում է նոր խմբագրությամբ, հաշվի առնելով, որ կատարվող փոփոխությունով բացի պինդ օգտակար հանածոներից (մետաղական եւ ոչ մետաղական), նախատեսվում է նաեւ ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձեւի սահմանում:
4) Նախագծով լրացվում են նոր՝ 27-րդ կետ.
27-րդ կետով սահմանվում է՝ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի երկրաբանատնտեսագիտական հիմնավորման մեթոդական ցուցումների հաստատումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում:
4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Ներկայացված նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետի երակարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:
Միեւնույն ժամանակ կկարգավորվեն նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները, կամրագրվի օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, հաշվետվությունների ձեւերի եւ լրացման ուղեցույցների սահմանումը, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագծի մշակումը բխում է 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 6-րդ եւ 8-րդ մեգանպատակներից, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.8-րդ՝ Բնական ռեսուրսների կայուն կառավարում բաժնի «Ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում» կետի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման 1-ին Հավելվածի ՏԿԵ նախարարության բաժնի 21.1-ին կետի պահանջից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում