Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի՝ 8-րդ մասի 2-րդ կետում «10» թիվը փոխարինել «20» թվով:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տասը» բառը փոխարինել «քսան» բառով:
Հոդված 3. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2024 թվականի օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ կետը եւ 147-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ԲՈՒՀ-երը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ ՀՀ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի, իսկ նույն մասի 4-րդ պարբերությամբ սահմանված է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունն վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը»: Նույն կարգավորումը նախատեսված է նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն՝ ԲՈՒՀ-ը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Միաժամանակ, Հարկային օրենսգրքի՝ 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախսեր են համարվում նաեւ ԲՈՒՀ-ի ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից: 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ԲՈՒՀ-ի ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները: Այսինքն, կրթության ոլորտի օրենսդրությամբ սահմանված են ուսման վճարի փոխհատուցման որոշակի սահմաններ (որոշ դեպքերում՝ նաեւ նվազագույն սահմաններ), իսկ հարկային ոլորտի օրենսդրությամբ՝ այդ փոխհատուցումները ծախսագրելու եւ եկամուտ չհամարելու առավելագույն սահմաններ:
2.Առաջարկվող կարգավորուման բնույթը
Գործնականում լինում են դեպքեր, երբ փաստացի փոխհատուցումներից օգտվողների թիվը ավելին է, քան Հարկային օրենսդրությամբ սահմանված՝ հարկման նպատակով ընդունվող թիվն է (Հարկային օրենսգրքով բյուջեի սահմանափակում նախատեսված չէ): Որպես հետեւանք, ԲՈՒՀ-ի կատարած ծախսի որոշակի մասը հարկման նպատակով չի ընդունվում: Ընդհանուր առմամբ, այս քաղաքականությունը բավարար հավասարակշռված է թվում եւ սահմանվել է հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով:
Սակայն, հաշվի առնելով 2016 թվականի ապրիլի 1-ին եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների /քույր,եղբայր,ամուսին,ծնող/, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողների թիվը (ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցման շահառուներ), ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ ԲՈՒՀ-երը էականորեն ավելի շատ ուսանողների համար են ուսման վճար փոխհատուցում (օրինակ՝ ԵՊՀ-ի պարագայում՝ ուսանողների շուրջ 26 տոկոսը) հետեւաբար գերազանցող 10-ը տոկոսի մասով առաջանում են շահութահարկի եւ եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԲՈՒՀ-երը պետք է որոշում կայացնեն 10 տոկոսը գերազանցող շահառուներին արդյո՞ք տրամադրել ուսման վարձի սահմանված չափով փոխհատուցում եւ կուտակել հարկային պարտավորություններ, թե՞ փոխհատուցումները իրականացնել մասնակի կամ առհասարակ չիրականացնել այդ 10 տոկոսը գերազանցածների մասով: Հաշվի առնելով բարձրացված խնդիրները՝ նախագծով առաջարկվում է առաջիկա երկու տարվա համար՝ մինչեւ 2024 թվականի ուսումնական տարվա ավարտը Հարկային օրենսգրքով սահմանված՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոս շեմը դարձնել մինչեւ 20 տոկոս: Օրենքի գործողության ժամկետի սահմանափակման տրամաբանությունը կայանում է նրանում, որ մինչեւ 2024թ. ավարտը փոխհատուցման շահառուները արդեն ավարտած են լինում ԲՈՒՀ-ը:
3.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմների հետեւանքով մարտական գործողությունների մասնակիցների եւ նրանց ընտանիքի անդամների /քույր,եղբայր,ամուսին,ծնող/, մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների թվի ավելացման պայմաններում ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել շահառուների ավելի մեծ շրջանակի: