Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 205-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը» բառերը փոխարինել «տասնհինգհազարապատիկից հուսունհազարապատիկը չգերազանցող գումարը» բառերով,
2) «տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը» բառերը փոխարինել «հուսունհազարապատիկը գերազանցող գումարը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Բազմաթիվ էին դեպքերը եւ տնտեսվարող սուբյեկտների օբյեկտիվ դժգոհություններն առ այն, որ հարկային մարմինները չարաշահում էին քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը՝ անուղղակի ճնշում գործադրելով եւ հարկադրելով հարկատուներին վճարել իրենց կողմից չվճարված հարկերը: Ընդ որում, հարկ վճարողը նախազգուշացվում էր քրեական հետապնդման հնարավորության մասին, եթե չվճարի ստուգման ակտով առաջադրված գումարը եւ/կամ նախաձեռնի վիճարկման գործընթաց:
Հարկ է նաեւ նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ եւ 205-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները»: Այսինքն, եթե, այդուհանդերձ, հարուցվում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա, ապա անձը կարող է վճարել առաջադրված հարկային պարտավորությունները, տույժերը, տուգանքները եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
Պաշտոնական վիճակագրությունն ինքնին խոսուն է եւ վատ ազդակներ էր պարունակում տնտեսության հետագա զարգացման եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման հեռանկարների առումով: Անգամ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վարույթ է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 161 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերից 64-ը կարճվել է, այդ թվում՝
Նշված ժամանակահատվածում վարույթ ընդունված քրեական գործերով պետ. բյուջե վերականգնվել է 2.244.911.369 ՀՀ դրամ:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ընդունել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 193 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերից 78-ը կարճվել է, այդ թվում՝
Նշված ժամանակահատվածում վարույթ ընդունված քրեական գործերով պետ. բյուջե վերականգնվել է 2.635.236.532 ՀՀ դրամ գումար:
2019թ.-ի ընթացքում քննվել են 407 քրեական գործեր, որոնցից 109 քրեական գործերով որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմքով, 73 քրեական գործերով՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, 7 քրեական գործեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ըստ ենթակայության այլ նախաքննական մարմին ուղարկելու նպատակով, իսկ 4 քրեական գործեր՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
2020թ.-ի ընթացքում քննվել են 403 քրեական գործեր, որոնցից 146 քրեական գործերով որոշում է կայացվել վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմքով, 45 քրեական գործերով՝ վարույթը կասեցնելու մասին, իսկ 15 քրեական գործեր՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
2021թ.-ի ընթացքում քննվել են 565 քրեական գործեր, որոնցից 83 քրեական գործերով որոշում է կայացվել վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմքով, 59 քրեական գործերով՝ վարույթը կասեցնելու մասին, իսկ 3 քրեական գործեր՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Վերը նշված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2017թ. եւ 2018թ. ընթացքում հարուցված եւ վարույթ ընդունված քրեական գործերից եւ ոչ մեկը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել դատարան: Հարկային մարմնի կողմից նման կայուն պրակտիկայի ձեւավորումը վկայում էր այն մասին, որ առկա էր խզում 205 հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայի եւ ՀՀ քրական օրենսգրքով ամրագրված խնդիրների ու նպատակների միջեւ: Այս առումով կարելի է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված գործիքակազմը, ըստ էության, վերածվել էր հարկահավաքության գործիքի:
Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը ամրագրում է համաչափության սկզբունքը, համաձայն որի՝ «հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:
Համաչափության սկզբունքից, ի թիվս այլնի, բխում է, որ եթե նույն նպատակին հնարավոր է հասնել իրավախախտման համար եւ՛ քրեաիրավական, եւ՛ վարչաիրավական ներգործության միջոցով, ապա առաջնայնությունը պետք է տրվի վարչաիրավական պատասխանատվությանը, քանի որ քրեաիրավական ներգործության միջոցները ամենախիստն են եւ դրանց կիրառումը պետք է լինի ultima ratio՝ վերջին փաստարկի սկզբունքի կիրառման տրամաբանությամբ:
Անդրադառնալով 2019-2021 թվականների վիճակագրությանը պետք է նշենք, որ առկա է համագործակցություն ՊԵԿ-ի եւ տնտեսվարողների միջեւ: Այս նախագիծը կնպաստի առավել համագործակցային իրավահարաբերությունների, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումների ձեւավորմանը:
Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունը մեծապես կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) եւ այս հարցը դարձել է նաեւ Կառավարության ծրագրի մաս, ուստի այս փոխոխությամբ եւս կնպաստենք այդ ուղղությամբ բարելավումներ իրականացնելու, քանի որ հոդվածը առավելապես առնչվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի շեմը: Մասնավորապես, որպես խոշոր չափ նախատեսված հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի (4.000.000 մլն ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը (15.000.000 մլն ՀՀ դրամ), իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ հիսունհազարապատիկը (50.000.000 մլն ՀՀ դրամ):
3. Ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի հարկային մարմինների կողմից հարկ վճարողի վրա ճնշման գործադրման կամ/եւ ռեպրեսիվ միջոցների կիրառմամբ, այն է՝ քրեական գործի հարուցմամբ կամ դրա հարուցման սպառնալիքով հարկերի հավաքման պրակտիկան: Հարկ է ընդգծել, որ նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաեւ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ