Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-177-01.03.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998թ. թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենգրքի) 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

2.«Բաց բաժնետիրական ընկերությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջի վերացումն է՝ կազմակերպաիրավական ձեւով պայմանավորված:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հիմք ընդունելով 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը (կից՝ օրենքի նախագծի հիմնավորման հղումը՝ https://www.e-draft.am/projects/1072/justification), որի համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն ԲԲԸ-ների, որոնք 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են հանրային հետաքրքություն ներկայացնող կազմակերպություններ կամ բավարարում են նույն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

3.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նպատակը եղել է՝ հստակեցնել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ, որի արդյունքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունների պարտադիր հրապարակման դրույթն ուժը կորցրած է ճանաչվել: Մյուս կողմից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում շարունակում է գործել մի դրույթ, որի համաձայն ԲԲԸ-ները պարտավոր են ամեն տարի, ի գիտություն բոլորի, հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունները եւ հաշվապահական հաշվեկշիռը: Ներկայումս ԲԲԸ-ների գերակշիռ մասը որեւէ գործունեություն չիրականացնող կազմակերպություններ են, որոնց ֆինանսական հաշվտեվությունների հրապարակումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան` ֆորմալ բնույթ է կրում: Նախագծի նպատակն է ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը տարածել այն ԲԲԸ-ների վրա, որոնք ներկայացնում են հանրային հետաքրքրություն կամ բավարարում են օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Դա նշանակում է, որ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջը պարտադիր կլինի ոչ թե, օրինակ, կազմակերպաիրավական տեսանկյունից բաց բաժնետիրական հանդիսացող ընկերությունների, այլ այն ԲԲԸ-ների համար, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Արշակյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ «4» թերթ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ (021)