Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-184-03.03.2022-ԵԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին, որի նպատակն է իր անդամ պետություններում յուրաքանչյուր անձի՝ ներկայացված հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումը:

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2020թ. հունիսի 24-ին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի կողմից:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ին:

Ներկայումս Կոնվենցիան ստորագրել է 18 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետության համար:

Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ քայլեր է իրականացնում տեղեկատվության ազատության, հրապարակայնության եւ թափանցիկության ապահովման համար: Տեղեկատվության ազատության ոլորտում դատական եւ իրավունքի կիրառման պրակտիկան Հայաստանում հիմնականում ձեւավորվել է 2003 թվականից՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ: Սակայն, մինչեւ Օրենքի ընդունումը նույնպես Հայաստանն ունեցել է տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության որոշակի պրակտիկա, որն արտացոլվել է դատարանների որոշումներով՝ համապատասխան օրենքի բացակայության պայմաններում հիմնվելով սահմանադրական եւ օրենսդրության այլ նորմերի վրա: Տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները  պայմանավորված են նրանով, որ Օրենքով եւ դատական պրակտիկայով սահմանվել են ավելի առաջադեմ չափանիշներ, քան Կոնվենցիոն կարգավորումներն են:

Այլ կերպ ասած՝ Կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է սեփական օրենսդրությամբ եւ պրակտիկայով: Մեր երկիրն ունի տեղեկատվության ազատության ոլորտում զարգացած հարուստ եւ այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետեւաբար Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում այնպիսի պարտավորություն, որն իրավական տեսանկյունից լրացուցիչ է կամ կարող է բեռ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար:

Միաժամանակ, Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը եւ համադրելի է Հայաստանի Հանրապետության կողմից հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը: Մասնավորապես՝

Կոնվենցիան նախատեսում է դիմողի՝ հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը  համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարցմամբ դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը: Օրենքն ընդունվել է 2003 թվականին, ուստի 2003 թվականից ՀՀ-ում արդեն գործում է Կոնվենցիային համադրելի դրույթ:

Կոնվենցիան նախատեսում է անանուն հարցումներ (դիմումներ) ներկայացնելու հնարավորություն. նախ պետք է նշել, որ Կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանության (Council of Europe Convention on Access to Official Documents - Explanatory Report - [2009] COETSER 2 (18 June 2009)) 42-րդ պարագրաֆում նշվում է, որ Կոնվենցիոն այս դրույթը չի պարտադրում կողմ հանդիսացող պետությանը սահմանել անանուն հարցումներ ներկայացնելու հնարավորություն, այլ միայն խրախուսում է այդպիսի կարգավորում ունենալը: Միաժամանակ, տեղեկատվության ազատության հայաստանյան պրակտիկան նույնպես գնում է այն ուղղությամբ, որ տեղեկությունը պետք է տրամադրվի, եթե առկա է հետադարձ կապի հնարավորություն, քանի որ տեղեկության մատչելիության սահմանափակումը պայմանավորված չէ անձանցով. հիմքերի առկայության դեպքում դրանք սահմանափակվում են բոլորի համար, իսկ հիմքերի բացակայության դեպքում՝ մատչելի են բոլորի համար: Հետեւաբար, տեղեկության բնույթով է պայմանավորված դրա մատչելիությունը, եւ տեղեկություն տնօրինողը չունի անձին նույնականացնելու խնդիր՝ տեղեկություն տրամադրել-չտրամադրելու հարցը լուծելու համար: Ասվածի հետ միաժամանակ կարեւոր է արձանագրել, որ Կոնվենցիայի կողմ պետություններն այս հարցում ունեն ազգային օրենսդրությամբ տարբերվող կանոն սահմանելու հայեցողությունը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային  եւ/կամ այլ ռազմավարություններ.

Կոնվենցիայի կնքումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1.1 կետում առկա արտաքին քաղաքականության ուղենիշ հանդիսացող Եվրոպայի խորհրդում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության եւ նախաձեռնողական քաղաքականության զարգաման նպատակներից, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի 66-րդ կետի գործողությունից:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը:

Նախարարի առաջին տեղակալ՝             ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին:

Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2020թ. հունիսի 24-ին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի կողմից:

Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն ցանկացած Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կարող է կատարել 1.2-րդ, 3.1-ին եւ 18-րդ հոդվածներով նախատեսված մեկ կամ ավելի հայտարարություններ: Այս տեղեկության ցանկացած փոփոխության մասին նա ծանուցում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին (հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ հայտարարության տեքստի նախագիծ):

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի տասը անդամ պետության, 16-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան, Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ին:

2021թ. փետրվարի 2-ի դրությամբ Կոնվենցիան ստորագրել է 18 պետություն, ուժի մեջ է մտել 10 պետության համար ( ցանկը կից ներկայացվում է ):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանն իրականացնում է ընդգրկուն եւ ակտիվ համագործակցություն՝ ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում, այնպես էլ մոնիտորինգային եւ խորհրդատվական կոմիտեներում:

Հայաստանի Հանրապետության կողմից «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ տեղեկատվական ազատության ոլորտում միջազգային չափանիշների խթանման, ինչպես նաեւ ԵԽ իրավական համակարգին առավել մեծ ներգրավվածության տեսանկյունից:

Կոնվենցիան հանդիսանում է առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, որն ամրագրում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը: Այն հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում եւ պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության բարձր թափանցիկություն, ինչը լավ կառավարման եւ ժողովրդավար եւ բազմակարծություն ապահովող հասարակության կարեւոր ցուցանիշ է: Այն նաեւ հնարավորություն է ընձեռում անհատին լիարժեքորեն իրացնել իր իրավունքները՝ բարձրացնելով քաղաքացու վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Կոնվենցիան նաեւ նախատեսում է տվյալ իրավունքի սահմանափակում ազգային անվտանգության, պաշտպանության, անձնական կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանության գերակայության, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների կարգավորումների տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2009 թվականի հունիսի 18-ին ստորագրված «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
 


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
Հարգելի ՛ պարոն Անդրեասյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն իր գործունեության լիազորությունների շրջանակներում առաջարկություններ չունի:

Հարգանքով՝    ժամանակավոր պաշտոնակատար   ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ

Եզրակացություն

«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Տիգրան խաչատրյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիան չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

 Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների:

Նախարարի առաջին տեղակալ՝      ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանն իրականացնում է ընդգրկուն եւ ակտիվ համագործակցություն՝ ինչպես Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում, այնպես էլ մոնիտորինգային եւ խորհրդատվական կոմիտեներում:

Հայաստանի Հանրապետության կողմից «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը կբարձրացնի Հայաստանի միջազգային հեղինակությունը՝ տեղեկատվական ազատության ոլորտում միջազգային չափանիշների խթանման, ինչպես նաեւ ԵԽ իրավական համակարգին առավել մեծ ներգրավվածության տեսանկյունից:

Կոնվենցիան հանդիսանում է առաջին միջազգային իրավական փաստաթուղթը, որն ամրագրում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը: Այն հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում եւ պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության բարձր թափանցիկություն, ինչը լավ կառավարման եւ ժողովրդավար եւ բազմակարծություն ապահովող հասարակության կարեւոր ցուցանիշ է: Այն նաեւ հնարավորություն է ընձեռում անհատին լիարժեքորեն իրացնել իր իրավունքները՝ բարձրացնելով քաղաքացու վստահությունը պետական մարմինների նկատմամբ: Կոնվենցիան նաեւ նախատեսում է տվյալ իրավունքի սահմանափակում ազգային անվտանգության, պաշտպանության, անձնական կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանության գերակայության, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների կարգավորումների տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2009 թվականի հունիսի 18-ին ստորագրված «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն