Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-186-04.03.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու.»:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչեւ տասն օր» բառերը:

2) 1.1-րդ մասը «հիմնարկում» բառից հետո լրացնել «, քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանումում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաեւ իրենց մոտ երեխաներ ունեցող ծնողները պատժախուց չեն տեղափոխվում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 100-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պահանջները» բառից հետո լրացնել «, դատապարտյալների դասակարգման եւ գնահատման արդյունքները» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.

«4. Դատապարտյալների դասակարգման եւ գնահատման կարգն ու չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենսգրքի 108-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 108. Դատապարտյալին առանձին պահելը

1. Դատապարտյալը, բացառիկ դեպքերում, իր դիմումի հիման վրա կամ քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանը սպառնացող վտանգի դեպքում:

2. Կանխարգելիչ նպատակով դատապարտյալը պահվում է առանձին, եթե առկա են այնպիսի տվյալներ կամ փաստեր, որոնք ողջամտորեն հիմք են տալիս ենթադրելու, որ դատապարտյալը կարող է՝

1) վտանգ ներկայացնել հիմնարկում աշխատող, այնտեղ պահվող կամ այցելող

անձանց համար.

2) իր միջոցներով կամ արտաքին օժանդակությամբ դիմել փախուստի՝ ազատության մեջ գտնվելիս հասարակության համար վտանգ ներկայացնելու, նշանակված պատիժը կրելուց խուսափելու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու եղանակով:

3. Եթե պաշտպանական նպատակով առանձին պահելու համար դատապարտյալը դիմում է քրեակատարողական հիմնարկի պետին, ապա դիմումում պետք է ներկայացնի իր անվտանգությանն ու ապահովությանը սպառնացող վտանգի վերաբերյալ տվյալներ: Դիմումն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից երկու ժամվա ընթացքում, մերժվում կամ բավարարվում է քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի պատճառաբանված որոշմամբ:

4. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը հայտնաբերելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում, քրեակատարողական հիմնարկի պետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կայացնում է դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշում, որը պետք է պարունակի դատապարտյալին պաշտպանական կամ կանխարգելիչ նպատակով առանձին պահելու հիմք հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգի վերաբերյալ տվյալներ եւ դատապարտյալի դիրքորոշումը՝ իրեն առանձին պահելու վերաբերյալ: Որոշում կայացնելու պահին դատապարտյալի դիրքորոշումը ճշտելու անհնարինության դեպքում այն արձանագրվում է առաջին հնարավորության դեպքում եւ կցվում որոշմանը:

5. Առանձին պահելու վերաբերյալ դատապարտյալի դիմումն ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը հայտնաբերելուց հետո՝ անհապաղ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը անձին առանձնացնում է տվյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգ գոտում՝ մինչեւ համապատասխան որոշման կայացումը:

6. Առանձին պահվելու դեպքում դատապարտյալը նվազագույնն իրավունք ունի՝

1) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու.

2) ամենօրյա մեկ ժամ զբոսանքի եւ մարմնամարզության.

3) գրականությունից օգտվելու.

4) մարդկային արդյունավետ շփումների, ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապի պահպանման:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում չնախատեսված՝ դատապարտյալի մյուս իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դրանց սահմանափակումն անմիջականորեն պայմանավորված է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգի չեզոքացմամբ կամ վերացմամբ, եւ եթե այլ միջոցներով ողջամտորեն հնարավոր չէ չեզոքացնել կամ վերացնել այն: Յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պատճառաբանված որոշմամբ պետք է հիմնավորվեն պատճառական կապը նշված վտանգի չեզոքացման կամ վերացման եւ կիրառվող սահմանափակման միջեւ, ինչպես նաեւ սահմանափակում կիրառելու բացառիկ անհրաժեշտությունը:

8. Դատապարտյալն առանձին պահվում է այլ դատապարտյալների պահման պայմաններին հավասար պայմաններում: Առանձին պահելը չպետք է ունենա պատժիչ բնույթ, այն պետք է կիրառվի անհրաժեշտ ամենակարճ ժամանակահատվածով եւ միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ողջամտորեն չեզոքացնել կամ վերացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը: Դատապարտյալին առանձին պահելու ամբողջ ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դրա համար հիմք հանդիսացող հանգամանքների չեզոքացման կամ վերացման եւ դատապարտյալի՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված իրավունքների իրականացումն ապահովելու ուղղությամբ:

9. Դատապարտյալին առանձնացնելուց անմիջապես հետո նրան այցելում է քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման բժիշկը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցիչը՝ այդ մասին գրառում կատարելով անձի ամբուլատոր բժշկական քարտում: Կանխարգելիչ նպատակով առանձին պահվող դատապարտյալին առանձնացնելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում, պարբերաբար այցելում է նաեւ պատասխանատու հերթապահը:

10. Առանձին պահվող դատապարտյալին ամեն օր այցելում են քրեակատարողական հիմնարկի պետը, վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը, ինչպես նաեւ հոգեբանը եւ քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման բժիշկը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցիչը՝ այդ մասին գրառում կատարելով անձի համապատասխան անհատական եւ ամբուլատոր բժշկական քարտերում: Այն դեպքում, երբ բժշկական ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը գտնում է, որ դատապարտյալին առանձին պահելը լրջորեն սպառնում է վերջինիս առողջությանը, այդ մասին անհապաղ հայտնում է քրեակատարողական հիմնարկի պետին, վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձին, որը պարտավոր է վերանայել դատապարտյալին առանձին պահելու հարցը:

11. Պաշտպանական նպատակով առանձին պահելու դեպքում կայացված որոշումը ենթակա է վերանայման պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան մեկուսացվելուց հետո՝ յուրաքանչյուր հինգերորդ օրը: Եթե վերանայման արդյունքում հաստատվում է անձին դեռեւս առանձին պահելու անհրաժեշտությունը, ապա քրեակատարողական հիմնարկի պետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը դրա վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝ հիմնավորելով անձին առանձին պահելու անհրաժեշտության շարունակականությունը եւ այլ միջոցներով անձի անվտանգության ապահովման անհնարինությունը:

12. Եթե կանխարգելիչ նպատակով դատապարտյալին անհրաժեշտ է առանձին պահել 24 ժամից ավելի ժամկետով, ապա առանձին պահելու վերաբերյալ կայացված որոշումը ենթակա է վերանայման անձին առանձնացնելուց 24 ժամ հետո: Այն դեպքերում, երբ առանձին պահելու հիմքը չի վերացել, անձը շարունակում է պահվել առանձին՝ քրեակատարողական հիմնարկի պետի, վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի պատճառաբանված որոշմամբ: Այս դեպքում անձին առանձին պահելու որոշումը պետք է կրկին վերանայվի սկզբնական որոշման կայացումից մեկ ամիս անց, իսկ հետագայում՝ պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր դեպքում համապատասխան որոշմամբ հիմնավորելով վտանգի առկայության շարունակականությունը եւ այն այլ միջոցներով չեզոքացնելու անհնարինությունը:

13. Սույն հոդվածի 11-րդ կամ 12-րդ մասով սահմանված կարգով առանձին պահելը վերանայելու յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնելիս հաշվի է առնվում քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների եւ անվտանգության ապահովման բաժինների դիրքորոշումը: Կայացվող որոշումը պետք է պարունակի նաեւ առանձին պահվող դատապարտյալի դիքորոշումը՝ կայացվող որոշման վերաբերյալ:

14. Քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի որոշմամբ դատապարտյալին առանձին պահելը դադարեցվում է, եթե վերացել կամ չեզոքացվել է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվում քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների եւ անվտանգության ապահովման բաժինների դիրքորոշումը: Որոշումը պետք է պարունակի նաեւ առանձին պահվող դատապարտյալի դիրքորոշումը՝ կայացվող որոշման վերաբերյալ:

15. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում անձին բժշկական անհրաժեշտությունից ելնելով առանձին պահելու դեպքերի վրա:»:

Հոդված 7. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասից հանել «առավելագույնը յոթ տարի ժամկետով» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: