Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-187-04.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելը

1. Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը:

3. Մինչեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով արարքի հանցավորության լրիվ վերացման հիմքով պատժից ազատելը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական եւ լրացուցիչ պատիժներից ազատել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձանց, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով գույքի բռնագրավում պատժատեսակից ազատելը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով արարքի հանցավորության մասնակի վերացման հիմքով կատարվող համապատասխանեցումը

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով պատժի չափերի համապատասխանեցումը

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված եւ պատիժ չկրած կամ պատիժ կրող, կամ այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի չափերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից`  հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով կալանք եւ կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակների համապատասխանեցումը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կալանք պատժատեսակի դատապարտված եւ պատիժ կրող անձանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով բռնագանձման համապատասխանեցումը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի եւ այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի եւ առարկայի բռնագրավմանը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կիրառված բռնագանձումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի եւ այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի եւ առարկայի բռնագրավմանը, եթե  դատավճիռը մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքը չի բռնագանձվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով դատվածության կանոնների կիրառումը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող համարել պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:

3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասին տալ հետադարձ ուժ՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով քրեական գործերի հարուցումը մերժելը, հարուցված քրեական գործերի վարույթը կարճելը, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում այն արարքների համար, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

Հոդված 10. Սույն օրենքի կատարման նկատմամբ կիրառվող ընթացակարգային դրույթները

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, սույն օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս վերաբերելի մասով mutatis mutandis կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները:

2. Եթե անձը ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժ է կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, նրա պատժից ազատումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ, երբ անձը  պատիժ է կրում մեկից ավելի հանցագործության համար եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրանցից առնվազն մեկի հանցավորությունը չի  վերացվել:

3. Միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններին համապատասխան վերապահել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորամիավորումների հրամանատարներին, զինվորական հիմնարկների պետերին:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրոդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Սահմանադրությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության արդի միտումներին համահունչ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք):

Օրենսգրքի 551-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգիրքը, որոշ բացառություններով, ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից: Օրենսգիրքը գործողության մեջ դնելու ընթացակարգը նախատեսող 552-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգիրքը գործողության մեջ է դրվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով: Հետեւաբար, Օրենսգիրքն առանձին օրենքով գործողության մեջ դնելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է հենց Օրենսգրքով: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 72-րդ եւ 73-րդ հոդվածների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն՝  արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Նախագիծը, ՀՀ Սահմանադրության՝ վերը նշված հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով, մանրամասն կարգավորվում է արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակի վերացնող, պատիժը մեղմացնող, ինչպես նաեւ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի կիրառման շրջանակն ու առանձնահատկությունները:

Քանի որ Օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի հետադարձ ուժով կիրառելու կանոնը, դրանում նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ, տարածվելու է ոչ միայն քրեական դատավարության մինչդատական կամ դատական փուլերում գտնվող գործերով ներգրավված անձանց, այլ նաեւ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված եւ պատիժ կրող, ինչպես նաեւ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց նկատմամբ, Նախագիծը պետք է սահմանի նաեւ, թե ինչ դատավարական կարգով պետք է իրականացվի արարքի եւ պատժի համապատասխանեցումը, ինչպես նաեւ սահմանի պատժից ազատելու եւ համապատասխանեցումներ կատարելու իրավասություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց շրջանակը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը սահմանում է մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի՝ Օրենսգրքին համապատասխանեցնելու պահանջ՝ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր հակասություններից խուսափելու նպատակով:

Նախագծի համաձայն՝ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական եւ լրացուցիչ պատժից պետք է ազատվեն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձինք, ովքեր դատապարտվել են այնպիսի արարքների համար, որոնք, Օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում: Այս կարգավորումն ուղղակիորեն բխում է Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ:

Քանի որ Օրենսգրքով վերացվել է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված գույքի բռնագրավում պատժատեսակը, հիմք ընդունելով Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Նախագծի 3-րդ հոդվածը նախատեսում է գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

Օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ արարքի հանցավորությունը մասնակիորեն վերացնող օրենքի հետադարձ կիրառելիության կանոնի կենսագործմանն է ուղղված Նախագծի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձնանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

Նախագծի կարգավորման առարկան ներառում է նաեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով պատժի չափերի համապատասխանեցման հարցերը: Մասնավորապես, նախատեսվում է, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված եւ պատիժ չկրած կամ պատիժ կրող, կամ պատիժը կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց նկատմամբ նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի չափերը համապատասխանեցնել Օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից` հաշվի առնելով նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները: Այս կարգավորումը անմիջականորեն բխում է Օրենսգրքի 9-րդ հոդվածից եւ ուղղված է դրա կենսագործմանը:

Նախագծով հստակ կարգավորվում են Օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով դատվածության կանոնների կիրառման եւ դրանց՝ անձի վիճակն այլ կերպ բարելավող մասով հետադարձ ուժի հետ կապված հարցերը: Այս կարգավորման կարեւորությունը պայմանավորված է անձի դատվածությունը վերացնելու, ինչպես նաեւ անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող՝ Օրենսգրքով նախատեսվող դրույթները վերջինիս նկատմամբ կիրառելու անհրաժեշտությամբ:

Քանի որ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսված կալանք պատժատեսակը օրենսգրքում փոխարինվել է կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակով, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կալանք պատժատեսակի դատապարտված եւ պատիժ կրող անձանց նկատմամբ նշանակված պատիժը, համաձայն Նախագծի 6-րդ հոդվածի, պետք է համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին: Նման համապատասխանեցման անհրաժեշտությունը պայմանավորված է պատիժ կրող անձի նկատմամբ հետագա քրեաիրավական հնարավոր միջոցների (համաներում, պատժից պայմանական վաղաժամկետ ազատում եւ այլն) կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Օրենսգրքով, հանցավոր ծագում ունեցող գույքի, հանցագործության գործիքի, միջոցի եւ առարկայի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ է պայմանավորված Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կիրառված բռնագանձումը պետք է համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի եւ այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի եւ առարկայի բռնագրավմանը, եթե բռնագանձում նախատեսող դատավճիռը մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքը չի բռնագանձվել, կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:

Նախագիծը կարգավորում է նաեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով դատվածության կանոնների կիրառման կարգը: Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող պետք է համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է, ինչպես նաեւ պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է: Բացի այդ, նախագիծը սահմանում է, որ Օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասին պետք է տրվի հետադարձ ուժ ՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով: Օրինակ, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 84-րդ մասի 3-րդ մասի համաձայն՝ դատվածությունը մարվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո: Մինչդեռ Օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասը, վերը նշված 84-րդ մասի 3-րդ մասի համեմատությամբ, համարվում է անձի իրավական վիճակը բարելավող նորմ, քանի որ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի դատվածության մարման համար սահմանում է պատիժը կրելուց առավելագույնը 1 տարվա ժամկետ:

Նախագիծը սահմանում է նաեւ, թե ինչ դատավարական կարգով պետք է իրականացվի արարքի եւ պատժի համապատասխանեցումը, ինչպես նաեւ՝ պատժից ազատելու եւ համապատասխանեցումներ կատարելու իրավասություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց շրջանակը: Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս mutatis mutandis կիրառվում են  Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները: Նշված ընդհանուր կարգից նախատեսվել է երկու բացառություն, որոնց նպատակը դատարանների լրացուցիչ  ծանրաբեռնվածության բացառումն է: Այսպես, օրինակ՝ այն դեպքում, երբ  անձը դատապարտվել եւ ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժ է կրում այնպիսի արարքի  համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է Օրենսգրքով, վերջինիս պատժից ազատելու իրավասությունը վերապահվել է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ, երբ անձը դատապարտել է մեկից ավելի հանցագործության համար եւ Օրենսգրքով դրանցից առնվազն մեկը չի ապաքրեականացվել: Մնացած դեպքերում համապատասխանեցումը կատարվում է  իրավասու դատարանի կողմից: Նույն տրամաբանությամբ, ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը վերապահվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կամ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի, զորամիավորումների հրամանատարներին, զինվորական հիմնարկների պետերին:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը (ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այլեւս չի կարգավորում դատական ակտերի կատարման փուլին առնչվող հարցերը՝ դրանց լուծումը թողնելով քրեակատարողական օրենսդրության տիրույթում) սահմանում է, թե որ դատարաններին է վերապահված դատական ակտերի կատարման փուլում ի հայտ եկած իրավական հարցերի լուծումը, հետեւաբար՝ Նախագծում այդ հարցին առանձին անդրադարձ չի կատարվել:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել Օրենսգիրքը եւ ապահովել ՀՀ Սահմանադրությանը եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դրա կիրառումը:

Նախագծի ընդունմամբ հիմնական եւ լրացուցիչ պատիժներից կազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում: Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձնանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին: Նախագծով նախատեսված դեպքերում պատժից կազատվեն գույքի բռնագրավման դատապարտված անձինք, իսկ կալանքի դատապարտված անձանց պատիժը կհամապատասխանեցվի Օրենսգրքին: Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից անձի իրավական վիճակը բարելավող՝ դատվածությանը վերաբերող կանոնները կկիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք պատիժ են կրել, կրում կամ ազատվել են պատժի կրումից այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Օրենսգրքով լրիվ վերացվել է:

Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան բեռնաթափել դատարանները՝ Նախագծի ընդունմամբ պայմանավորված առանձին հարցերի լուծումը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորամիավորումների հրամանատարներին, զինվորական հիմնարկների պետերին:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման հավելված 2-ի 11-րդ ռազմավարական նպատակի 1-ին գործողությամբ նախատեսվել է մշակել եւ ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Ըստ այդմ, 2021 թվականի մայիսի 5-ին արդեն իսկ ընդունվել է ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որը գործողության մեջ դնելու համար մշակվել է սույն Նախագիծը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն