Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկի 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.
Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու եւ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Նեւրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
2.1. «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունները ներկայումս ընդգրկված են 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւմրցունակության ապահովման առումով):
Ընկերությունների մասով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջից բացառություն նախատեսելը հնարավություն կտա Ընկերություններին իրենց գործունեությունը զարգացնել այլ՝ առավել անհրաժեշտ ուղղություններով:
2.2. Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ հետպատերազմական շրջանում հասարակության մոտ անխուսափելիորեն նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Վերջինս առաջանում եւ սրվում է, ոչ այնքան հոգեբանական սթրեսի ժամանակ, որքան որ հետագայում, եւ մեծ ակտիվությամբ շարունակվում է արտահայտվել անգամ պատերազմական իրադարձություններից տարիներ անց: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով նկատվում եւ նկատվելու են հետպատերազմական սթրեսային խանգարումներ՝ ինչպես ռազմական գործողություններին մասնակցած, այնպես էլ ընդհանուր բնակչության շրջանում:
Մեծ նշանակություն ունի նաեւ հետկովիդային համախտանիշը: Այն ներառում է մի շարք երկարաժամկետ հետեւանքներ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսային վարակից «առողջացած» պացիենտների շրջանում:
Վերոնշյալ մնացորդային երեւույթներից են տրամադրության անկումը, էներգիայի պակասը, աշխատանքային արդյունավետության իջեցումը, հիշողության հետ կապված խնդիրները, դեպրեսիան, տագնապային վիճակները եւ իհարկե անքնությունը: Այս ամենը հանգեցնում է հոգեբանական սթրեսի զարգացմանը:
Ուստի հետպատերազմական եւ հետկովիդային իրավիճակով պայմանավորված նեւրոտիկ, սթրեսային եւ սոմատոֆորմ խանգարումների հետեւանքները մեղմելու նպատակով հոգեբանական աջակցության եւ վերականգնման իրականացումը, խանգարումների ժամանակին եւ պատշաճ բուժումը, ինչպես նաեւ սահմանային վիճակում գտնվող պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը չափազանց կարեւոր է՝ պացիենտի լրիվ առողջացման եւ հիվանդության քրոնիկ ընթացքի հնարավորինս բացառման նպատակով:
Վերը նշված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է «Նեւրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից, այն թողնելով ամբողջությամբ պետական մանակցությամբ:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագծով առաջարկվում է՝
1) Օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որեւէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների նկատմամբ: Նշվածից հետեւում է, որ ընկերությունները մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող են իրենց գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:
2) «Նեւրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից՝ օրենքի հավելվածով հաստատված ցանկի 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի՝ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված որոշ ընկերությունների նկատմամբ՝ հնարավորություն տալով Ընկերություններին մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով, ինչպես նաեւ ակնկալվում է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից՝ այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերութույունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը եւ շարունակական զարգացումը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում