ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի եւ հիբրիդների գրանցման, սերմերի, տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի եւ անտառային բույսերի սերմերի, տնկանյութի վրա:
3. Սույն օրենքը կիրառելի չէ գենային ինժեներիայի եղանակով ստացված եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ համարվող սորտերի եւ հիբրիդների գրանցման, սերմերի եւ տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման եւ օգտագործման դեպքում:
Հոդված 2. Սերմերի եւ տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Սերմերի եւ տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Հոդված 3. Սերմերի եւ տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները
1. Սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության հիմնական խնդիրներն են՝
1) մշակաբույսերի սերմերի, տնկանյութի արտադրության եւ վերարտադրության գործնական կիրառելի համակարգերի հիմնումը եւ զարգացումը,
2) սորտաթարմացման, սորտափոխարինման եւ սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի եւ տնկանյութի ձեւերի տնտեսական եւ կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը,
3) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի կամ հիբրիդների եւ տնկանյութի նոր ձեւերի արագացված բազմացումը,
4) Հայաստանի Հանրապետությունում տարածված, տեղածին (աբորիգեն) ու հազվագյուտ սորտերի եւ տնկանյութի ձեւերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը,
5) գիտական մեթոդների կիրառմամբ սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության կազմակերպումը,
6) սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության զարգացմանը նպաստող ժամանակակից տեղեկատվական շտեմարանների ստեղծումը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) սերմ` սորտերի պահպանության եւ վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան.
2) տնկանյութ՝ բազմամյա բույսերի (որոշ միամյա) վեգետատիվ կամ սերմնային բազմացման մեթոդների կիրառման միջոցով ստացված դուստր բույսեր.
3) տնկարանային արտադրություն` տարբեր մեթոդների եւ եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.
4) սերմնաբուծություն` սորտաթարմացման եւ սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ
5) նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
6) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
7) վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.
8) հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձեւերի տրամախաչման միջոցով ստացված առաջին սերնդի (F1) սերմեր.
9) բազմամյա բույսերի ելակետային (նախահիմնային) տնկանյութ՝ մայր բույսերի ժառանգականության պահպանման ու հետագա բազմացման նպատակով ընտրասերման (սելեկցիոն) աշխատանքների արդյունքում ստացված սորտերի, նույնակների (կլոնների) մասեր կամ վիրուսազերծ ամբողջական բույսեր.
10) բազմամյա բույսերի հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ՝ մայրուտների համար նախատեսված եւ ելակետային տնկանյութի հաջորդիվ բազմացման արդյունքում ստացված վիրուսազերծ ամբողջական բույսեր կամ սորտերի եւ նույնակների (կլոնների) մասեր.
11) բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ՝ արտադրական այգեհիմնման համար նախատեսված եւ հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունը ստուգված ամբողջական բույսեր.
12) բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդները ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված եւ վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր.
13) բազմամյա բույսերի շարքային (սովորական) տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի չորրորդ եւ հաջորդիվ վերարտադրությունների վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, առողջացման եւ ստուգման չենթարկված ամբողջական բույսեր.
14) տնտեսական արդյունավետության պետական փորձարկում` լիազոր մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային եւ լաբորատոր համալիր փորձարկումներ.
15) օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտ.
16) սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության եւ հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների եւ երաշխավորությունների համալիր.
17) տնկարանային արտադրության հերթագայություն՝ բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի տնկանյութի արտադրության եւ հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների եւ երաշխավորությունների համալիր.
18) տնկարանային արտադրության առաջնային օղակ - բազմամյա մշակաբույսերի մայրուտներ եւ սորտընտրանի (կոլեկցիոն, հավաքածու) այգիներ, որոնք ստեղծված են հիմնական տնկարաններում գրանցված սորտերի ելակետային տնկանյութով մայր բույսերի ժառանգականության պահպանման, ուսումնասիրության ու հետագա բազմացման նպատակով.
19) սերմերի եւ տնկանյութի հավաստագրում` սերմերի եւ տնկանյութի սորտային պատկանելիության, սերմերի ցանքային եւ տնկանյութի ապրանքային որակների՝ տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների, սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).
20) սերմերի հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը եւ տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
21) տնկանյութի հավաստագիր՝ տնկանյութի սորտային պատկանելիությունը, ապրանքային որակները եւ տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին եւ տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
22) բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ այգետարածքների (մայրուտների) եւ հողակտորների վրա սերմերի ցանքի եւ բազմամյա մշակաբույսերի մայր բույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի եւ մայր բույսերի որոշակի սորտի պատկանելիության եւ սերմերի ու մայր բույսերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազոր մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների եւ միջոցառումների համալիր.
23) սերմերի եւ տնկանյութի սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը բնորոշող հատկությունների եւ հատկանիշների նույնականացման համալիր.
24) տնկանյութի ապրանքային որակ՝ տնկանյութի կենսաչափագրական (բիոմետրիկ) չափումների եւ բուսասանիտարական վիճակի համալիր, որոնց հիման վրա տեսակավորվում է տնկանյութի խմբաքանակը եւ որոշվում է դրա տնտեսական պիտանելիությունը.
25) դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի, մայրուտների եւ տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի եւ բազմամյա մշակաբույսերի տեսակային եւ սորտային պատկանելիության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների՝ մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման միջոցառումներ.
26) դաշտային հետազոտող (ապրոբատոր)՝ սերմնադաշտերի եւ տնկարանների դաշտային հետազոտությունների եւ հսկումների կատարող.
27) մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, պալարապտղավոր, կերային, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, պտղահատապտղային բույսեր, վազեր (ծառեր, թփեր), ուտելի սնկեր.
28) լիազոր մարմին`
գյուղատնտեսության բնագավառում քաղաքականություն մշակող:
ԳԼՈՒԽ 2
ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Հոդված 5. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ տնկանյութի ցանկը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները եւ տնկանյութի այն ձեւերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում եւ գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում:
2. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկը վարում, հաստատում եւ տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազոր մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
4. Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում դրանց գրանցման եւ գրանցումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 6. Մշակաբույսերի սերմնաբուծության եւ տնկարանային արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման)
1. Մշակաբույսերի սերմնաբուծության եւ տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը:
2. Սերմերի սորտային եւ տնկանյութի ձեւերի պատկանելիության, սերմերի որակի եւ տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ եւ կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձեւեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:
3. Սերմերի եւ տնկանյութի սորտային պատկանելիության, մաքրության եւ սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:
4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետեւյալ դասերը.
1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.
2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.
3) վերարտադրված սերմեր (առաջին եւ երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին եւ երկրորդ սերունդների սերմեր):
5. Տնկարանային արտադրությամբ սահմանվում են տնկանյութի հետեւյալ կարգերը.
1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ
2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ
3) հավաստագրված տնկանյութ
4) վերարտադրված տնկանյութ
5) սովորական տնկանյութ
Հոդված 7. Սերմերի որակի եւ տնկանյութի ապրանքային որակի որոշումը
1. Սերմերի որակը եւ տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում է սորտային պատկանելիությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով եւ կարգերով:
2. Սերմերի եւ տնկանյութի սորտային պատկանելիությունն ու մաքրությունը, դասը եւ կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների միջոցով:
3. Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի սորտային պատկանելիությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի եւ սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգի) եւ տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման եւ լաբորատոր հետազոտությունների միջոցով:
4. Մշակաբույսերի սերմնադաշտերի եւ տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի եւ տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը եւ սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:
6. Սերմերի եւ տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունների իրականացման նպատակով մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի խմբաքանակից իրականացվում է նմուշառում:
7. Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը եւ նմուշառման ակտի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:
8. Սերմերի եւ տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:
Հոդված 8. Սերմերի եւ տնկանյութի հավաստագրումը
1. Նախահիմնային, հիմնային եւ վերարտադրված սերմերը ենթակա են պարտադիր հավաստագրման, իսկ ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված եւ սովորական տնկանյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում պարտադիր հավաստագրման:
2. Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման կարգը եւ դրա նպատակով օգտագործվող ձեւաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հավաստագրման գործընթացն իրականացնում եւ հավաստագիր տրամադրում է լիազոր մարմինը:
4. Հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին, տնկանյութին եւ դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին ու տնկանյութին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:
5. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի եւ տնկանյութի տարբեր կարգերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով:
6. Անձնական օգտագործման համար արտադրվող եւ օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելիության եւ սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:
7. Լիազոր մարմինն իրականացնում է հավաստագրված սերմեր եւ տնկանյութ արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառում:
8. Հավաստագրված սերմեր եւ տնկանյութ արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառման համար լիազոր մարմինը վարում է գրանցամատյան:
9. Հավաստագրված սերմեր եւ տնկանյութ արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
10. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 9. Հավաստագրված սերմերի եւ տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունն ու փոխադրումը
1. Հավաստագրված սերմերի եւ տնկանյութի փաթեթավորումը, տարավորումը, պիտակավորումը, պահպանությունը, փոխադրումն ու իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում:
2. Փոխադրման եւ իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի եւ տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում եւ դրոշմվում է` տարայի (ապրանքային միավորի) կամ փակցված պիտակի վրա նշելով սորտի կամ հիբրիդի անվանումը, բուսաբանական դասակարգումը, սերմերի ու տնկանյութի ծագման եւ որակի մասին ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվությունը:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված վերահսկողություն իրականացնող մարմինը:
4. Պիտակների ձեւերը եւ դրանց միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազոր մարմինը:
5. Քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերը եւ տնկանյութը պահպանվում, փոխադրվում եւ իրացվում են միայն փաթեթավորված վիճակում:
6. Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն եւ ուղեկցվի սերմերի եւ տնկանյութի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր հետեւանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:
7. Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի եւ տնկանյութի որակի եւ քանակի պահպանությունը, իսկ քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաեւ մարդկանց, կենդանիների առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգությունը:
Հոդված 10. Սերմեր ու տնկանյութ արտադրողների եւ իրացնողների իրավունքները, պարտականությունները եւ երաշխավորությունները
1. Սերմեր եւ տնկանյութ իրացնողները ինքնուրույն են որոշում իրացվող սերմերի եւ տնկանյութի տեսականին եւ քանակությունը:
2. Սերմեր եւ տնկանյութ իրացնողները պարտավոր են՝
1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.
2) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել եւ պահպանել իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող եւ քանակությունները հավաստող փաստաթղթերը.
3) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքը պահեստներ եւ իրացման համար նախատեսված տարածքներ, անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման եւ պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
3. Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի իրացմամբ զբաղվող անձինք պարտավոր են երաշխավորել սերմերի եւ տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային եւ հիբրիդային, ինչպես նաեւ կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի եւ տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սերմեր եւ տնկանյութ արտադրողները՝
1) ինքնուրույն են որոշում արտադրվող սերմերի եւ տնկանյութի տեսականին եւ քանակությունը.
2) կարող են սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման եւ դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնել,
3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի եւ տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:
5. Հավաստագրման ենթակա սերմեր եւ տնկանյութ արտադրողները պարտավոր են՝
1) հաշվառվել լիազոր մարմնի կողմից վարվող գրանցամատյանում.
2) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի եւ տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի եւ տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու եւ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.
3) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.
4) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել եւ պահպանել արտադրված, օգտագործված եւ իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող եւ քանակությունները հավաստող փաստաթղթերը.
5) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման եւ փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման եւ պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
6. Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ զբաղվող եւ հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել՝
1) սերմերի եւ տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային եւ հիբրիդային, ինչպես նաեւ կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների համապատասխանությունը արտադրված սերմերի եւ տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) սերմերի եւ տնկանյութի որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային եւ հիբրիդային ինչպես նաեւ կարգային կամ դասային պատկանելիության մասին փաստաթղթերի պահպանությունը.
3) սերմերի որակական եւ տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.
4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների իրականացումն ու համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը:
Հոդված 11. Սերմերի եւ տնկանյութի ներմուծումն ու արտահանումը
1. Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝
1) սերմերը եւ տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների եւ սորտափորձարկման նպատակների համար, որը հավաստվում է արտադրող կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթով.
2) ներմուծվող սորտը կամ հիբրիդը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում եւ ներկայացվում են սերմերի եւ տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելիության եւ որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրամադրված հավաստագրերը:
2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի ներմուծման եւ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գիտահետազոտական աշխատանքների եւ սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի առավելագույն քանակները սահմանում է լիազոր մարմինը:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» եւ «ազատ մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:
5. Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 12. Պատասխանատվությունն արտադրանքի անհամապատասխանության համար
1. Հավաստագրված սերմերի եւ տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող եւ հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում հետեւյալ յուրաքանչյուր դեպքերում, եթե՝
1) ապացուցվում է, որ սերմերի եւ տնկանյութի սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային, հիբրիդային, ինչպես նաեւ կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունեցել իրենց մեղքով.
2) լրացուցիչ դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների եւ սերմերի, տնկանյութի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջեւ.
3) հավաստագիրը տրվել է հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերում տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ԳԼՈՒԽ 4
ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ եւ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 13. Սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության գիտական ապահովումը
1. Սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության գիտական ապահովումն իրականացնում են լիազոր մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական, փորձարարական հաստատությունները, գիտնական-հետազոտողները, որոնք մշակում են՝
1) բույսերի նոր սորտերի ընտրասերման, սերմնաբանության եւ սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր,
2) սերմնաբանության, սերմնաբուծության եւ սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր,
3) նոր սորտերի կամ հիբրիդների ներդրման եւ հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում եւ հողակլիմայական տարբեր պայմաններում դրանց մշակության գիտականորեն հիմնավորված առաջարկություններ,
4) սերմնարտադրության եւ տնկանյութի արտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր,
5) հանրաճանաչ, արժեքավոր սորտերի եւ տնկանյութի ձեւերի պահպանության եւ արագացված բազմացման ծրագրեր:
2. Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազոր մարմինը սահմանում է հանրահայտ եւ տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության եւ վերարտադրության ընթացակարգեր:
ԳԼՈՒԽ 5
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 14. Սերմերի եւ տնկանյութի մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը եւ վեճերի լուծման կարգը
1. Սույն օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Լիազոր մարմնի հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների եւ դաշտային հետազոտողների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են՝
1) համապատասխան որոշումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եւ իր որոշումը տրամադրում բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) սերմնադաշտերի եւ տնկարանային դաշտերի ու տնկարկների դաշտային լրացուցիչ հետազոտությունների եւ սերմերի, տնկանյութի լաբորատոր լրացուցիչ փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազոր մարմին` պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ հավատարմագրված դաշտային հետազոտողների եւ փորձարկման լաբորատորիաների միջոցով.
3) բողոքի խնդրո առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ եւ լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ դաշտային հետազոտողների եւ հավատարմագրված լաբորատորիաների միջոցով:
3. Լիազոր մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Բողոքարկման խորհրդի կազմը եւ աշխատակարգը հաստատում է լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքը:
Հոդված 16. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 9-րդ մասերով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամասվա ընթացքում:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 7-րդ մասերով, 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ եւ 14-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված իրավական ակտերը լիազոր մարմնի կողմից ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սերմերի եւ տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում