Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել նոր 110.3 -րդ հոդվածով.
«Հոդված 110.3. Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի եւ տնկանյութի ձեւերի օգտագործման, բազմացման, ներմուծման եւ հավաստագրման պահանջների խախտումը
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի եւ տնկանյութի ձեւերի Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծումը, օգտագործումը եւ բազմացումը առաջին անգամ արձանագրելիս
առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո 18 ամսվա ընթացքում խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի խմբաքանակի ներմուծումը առանց սորտի պատկանելիության եւ որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրամադրված հավաստագրերի,
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:
Նախահիմնային, հիմնային եւ վերարտադրված սերմերը չհավաստագրելու դեպքում
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:
Ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված եւ սովորական տնկանյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում չհավաստագրելը
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրերեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:
Սերմերի եւ տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային եւ հիբրիդային, ինչպես նաեւ կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի եւ տնկանյութի հավաստագրին խախտելը
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի չափով:
Հոդված 2. Օրենսգրքի 2381 -րդ հոդվածում «բույսերի կարանտինի եւ երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմինները» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմինը» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով, «եւ 110» բառերը փոխարինել «,110 եւ 110.3 » բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները եւ տարածքային պետական տեսուչները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները եւ տարածքային մարմնի ղեկավարները» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: