Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «է» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «է1», «է2», «է3», «է4», «է5», «է6», «է7» եւ «է8» կետերով.
«է1) խնամքի եւ սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը.
է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը.
է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը.
է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը.
է5) հատատեղերի հատկացման եւ տեղազննման կարգի հաստատումը.
է6) անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.
է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը.
է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագրի հաստատումը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «ե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ե1», «ե2», «ե3», «ե4», «ե5» եւ «ե6» կետերով.
«ե1) անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի սահմանումը.
ե2) կայուն անտառակառավարման չափորոշիչների եւ ցուցանիշների հաստատումը.
ե3) անտառահատման տոմսի եւ անտառային տոմսի օրինակելի ձեւերի եւ դրանց տրամադրման կարգի հաստատումը.
ե4) անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի վարման կարգի հաստատումը.
ե5) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.
ե6) արտակարգ իրավիճակների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձեւի սահմանումը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «հրահանգը» բառը փոխարինել «կարգը» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի եւ սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն:»:
Հոդված 6. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «անտառավերականգնման հրահանգի» բառերը փոխարինել «անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «անտառապատման հրահանգին» բառերը փոխարինել «անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի» բառերով:
Հոդված 8. 45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անտառահատման տոմսը եւ անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը եւ պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով:
Ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են: Բացի այդ կան նաեւ մշակման ենթակա իրավական ակտեր (Կառավարության որոշումներ, լիազոր մարմնի հրամաններ), որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաեւ դրա հետ կապված Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ին N 02/10.3/37766-2021 հանձնարարականից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաեւ լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար:
3, Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4, Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում