Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-201-15.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում,» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «3000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.   Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Դատախազության մասին» ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 38-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կարգավորումների համաձայն դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում:

Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ 3000 տպաքանակ ունեցող մամուլ այս պահին ՀՀ-ում չկա, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ պահպանել նշյալ օրենսդրական պահաջը: Բացի այդ, նույնիսկ այդպիսի փաստացի հնարավորության առկայության դեպքում ժամանակակից տեխնիկական զարգացվածության, պետական կառավարման համակարգում էլեկտրոնային համակարգերի եւ հարթակների կատարելագործման պայմաններում մրցույթների վերաբերյալ հայտարարությունը մամուլում տպագրելու անհրաժեշտությունը վերանում է, քանի որ նախատեսված նպատակին կարելի է հասնել նաեւ այլ եւ բավական արդյունավետ միջոցով: Որպես այդպիսի միջոց կարող է հանդես գալ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը: Ընդ որում, ի տարբերություն Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի, Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է հայտարարությունը նաեւ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու պարտականություն: Այսինքն, այդպիսի կարգավորում արդեն իսկ առկա է Օրենքում:

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետեւյալում.

1. Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում,» բառերը հանել, որի արդյունքում գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն առաջանալու դեպքում գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի համար մրցույթի հայտարարությունը եւ դրա հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը կհրապարակի միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում:

2.  Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «3000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով, որի արդյունքում գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող մրցույթի հայտարարությունը եւ դրա հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը կհրապարակի ոչ թե 3000 տպաքանակ ունեցող մամուլում եւ դատախազության կայքէջում, այլ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել Օրենքով նախատեսված մրցույթների հայտարարությունների անցկացմանը խոչընդոտող առկա օրենսդրական հարցը եւ հայտարարությունների մասին տեղեկատվություն տրամադրել առավել ժամանակակից եւ արդյունավետ եղանակով՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

5.  «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն