Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-141-25.01.2022,21.03.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ՝ հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության եւ զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը.»,

2) 15-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«նախադպրոցական ծառայություններ՝ նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, խնամքին եւ հսկողությանը միտված ծառայություններ, որոնք ապահովվում են սահմանված նորմատիվների առկայության պայմաններում՝ պայմանագրային հիմունքներով.».

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետում «Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «եւ ավարտվում է օգոստոսի 31-ին» բառերը:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ եւ 25-րդ կետերով, հետեւյալ բովանդակությամբ՝

«21) մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը».

22) սահմանում է նախադպրոցական ծրագրերի եւ ծառայությունների տեւողությունը.

23) սահմանում է 0-6 տարեկան երեխաների կրթության եւ զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը.

24) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.

25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության եւ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը:»:

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.Անհրաժեշտությունը.

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված իրավական ակտերի ընդունման հստակեցմամբ, մասնավորապես, հավելվածի 8՟րդ կետով սահմանված իրավական ակտի ընդունման անհրաժեշտության բացակայությամբ:

2.Ընթացիկ իրավիճակը եւ կարգավորման նպատակը.

ՀՀ կառավարությունը նպատակադրել է կրթության ոլորտում ներդնել մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման եւ վարձատրության շարունակական բարձրացման փոխկապակցված մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոլորտում ապահովել մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումը, աշխատանքային պայմանների բարելավումը, որպես արդյունք՝ կրթության եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի ամրագրելու աշխատակիցների պարտադիր վերապատրաստման դրույթները՝ հետագայում փոխկապակցելով վարձատրության քաղաքականությանը:

Ներկայումս նախադպրոցական կրթության ոլորտում չկա աշխատավարձի եւ մասնագիտական զարգացման միասնական մեխանիզմ, ոլորտում աշխատավարձերը խիստ ցածր են, մասնագիտական զարգացման հնարավորությունները՝ սահմանափակ եւ հատվածային: Խնդրի լուծման տարբերակ է նախադպրոցական ուսումնական հաստատություններում որակավորման տարակարգի շնորհման գործիքակազմի ներդրումը:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում եւ հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգը: Վերապատրաստումների կազմակերպման պարտադիր անբաժանելի մաս է հանդիսանում վերապատրաստող կազմակերպությունների ընտրությունը, որի մշակման կարգի լիազորող նորմ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահված չէ, ուստի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածում լրացումների անհրաժեշտություն է առաջացել:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, շակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել եւ սահմանված կարգով շրջանառել է ՀՀ կառավարության «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» (ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ) եւ «Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները սահմանելու» որոշման նախագծերը:

ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 23-ի N 831-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված՝ «Առանձին կատեգորիայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների եւ ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի ուղղիչ գործակիցները եւ նորմատիվները տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը սահմանելու մասին» ՀՀ կառավարության առանձին որոշման նախագծի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերոնշյալ երկու նախագծերով ուղղիչ գործակիցներ եւ նորմատիվներ են նախատեսված ուսումնական հաստատությունների առանձին խմբերի ծախսերի համար:

3. Ակնկալվող արդյունք.

Օրենսդրությամբ կամրագրվեն մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման եւ վարձատրության շարունակական բարձրացման փոխկապակցված մեխանիզմներ:

Ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր եւ որակյալ կադրերի մուտքը՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները:

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման մեխանիզմի ներդրմամբ էապես կբարելավվի կրթության առաջին օղակում տրամադրվող պատշաճ ծառայությունների մատուցման որակը:

Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական փաստաթուղթից բխող քաղաքականության իրականացմանը:

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 4-րդ պարբերության 4-րդ կետից, ՀՀ կառավարության՝ «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 5-ի /44-րդ էջ/ 5.4.1 թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
 


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ